HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սեդրակ Քոչարյանը չի բողոքարկել Արթուր Վանեցյանի դեմ իր հայցը մերժելու մասին որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, չի բողոքարկել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իր հայցը մերժելու մասին դատարանի որոշումը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ առկա տեղեկատվության համաձայն` վճիռը մտել է օրինական ուժի մեջ, և նոյեմբերի 27-ին` գործը հանձնվել է դատարանի արխիվ:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը Արթուր Վանեցյանի դեմ վերջինիս՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հայց է ներկայացրել նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսից հետո: Ասուլիսը հրավիրվել էր, երբ համացանցում էին հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները՝ կապված Մարտի 1-ից անջատված գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանքի հետ:

ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը իրենց վարույթներում քննվող գործերով մի շարք բացահայտումներ էին արել, Արթուր Վանեցյանը Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին խոսելով՝ նշել էր, որ իրենք կհրապարակեն, թե ով ինչ ունի ու ինչպես է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառքով:

Այս և այլ արտահայտությունների համար էր Սեդրակ Քոչարյանը հայց ներկայացրել Վանեցյանի դեմ: Ըստ Քոչարյանի` այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն և վիրավորանք են պարունակում, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը:

Մամուլի ասուլիսից հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ասուլիսի օրը խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիաներով, ըստ էության, հերքել է, թե Սեդրակ Քոչարյանն անցնում է կաշառքի առթիվ հարուցված որևէ գործով:

Սեդրակ Քոչարյանի կողմից հայցը ներկայացնելու պահին վերջինս «Կոնգրես» հյուրանոցի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել, սակայն հետագայում ԱԱԾ-ն նրան խոշոր չափով հարկեր չվճարելու և փողերի լվացման մեղադրանք է առաջադրել: ԱԱԾ-ում Սեդրակ Քոչարյանի գործի քննությունն այս պահին դեռևս շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter