
ՍԴ անդամների՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու դեպքում կենսաթոշակ կտրվի
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած Սահմանադրական դատարանի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու հարցը, ըստ որի՝ ՍԴ անդամների՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու դեպքում վերջիններիս կենսաթոշակ ստանալու հնարավորություն է ընձեռվում: Նախագծերի փաթեթին, ինչպես առաջին ընթերցման ժամանակ, կողմ քվեարկեց միայն քաղաքական մեծամասնությունը: Փաթեթն ընդունվեց 82 կողմ, 34 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկումներին:
«Ցավոք սրտի, երեկվա ամբողջ քննարկումը գնաց այն ուղղութամբ, որ ովքեր կողմ չեն երկրի զարգացմանը, դեմ են նախագծին, սա չի կարող ճշմարտացի լինել, որովհետև այլակարծությունը մերժելը քաղաքական մեծամասնության կողմից դրվել է արդյունաբերական հիմքերի վրա: Մենք կարծում ենք՝ այս թեզը ճիշտ չէ, յոթ հոգու նպաստ տալը չի կարող երկրի զարգացման հիմնարար դրույթ լինել»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Տարոն Սիմոնյանը՝ ասելով, որ նախագիծը հնարավորություն է տալիս մեկ-երկու տարի աշխատած դատավորին գնալ վաստակած հանգստի, այն էլ հարկատուների հաշվին, ինչն անընդունելի է:
Մեկնաբանել