HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Զգայուն մակերեսներ»․ Դադերյանի եւ Քասսաբյանի 2000-ականների աշխատանքները

Դեկետեմբերի 12-ին՝ ժամը՝ 14։00-ին, «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի կունենա «Զգայուն մակերեսներ» անվանումով ցուցահանդեսի բացումը, որը ներկայացնում է ֆրանսաբնակ նկարիչ Տիգրան Դադերյանի (Տատրեանի) եւ կանադահայ, հայաստանաբնակ մինիմալիստ քանդակագործ, նկարիչ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի 2000-ականների աշխատանքները։

Քասսաբյանը դեռ 2019-ի սկզբին Ֆրանսիայից Հայաստան էր տեղափոխել Դադերյանի գրաֆիկական աշխատանքներից շուրջ երկու տասնյակ, որոնք համատեղ ցուցադրությամբ ներկայացրել է վերոնշյալ ցուցասրահում մարտ ամսվա ընթացքում։

Այս անգամ Դադերյանի ահռելի ժառանգությունից հնարավոր է տեսնել տասնյակից ավելի յուղաներկով աշխատանքները, որոնք ներկայացնում են նկարիչի՝ ուշ 90-ականների եւ վաղ 2000-ականների ստեղծագործական շրջանը։

Քասսաբյանի խոսքերով՝ երբեմն ժամանակի, երբեմն էլ ոչ բավարար ուշադրության հետեւանքով սփյուռքում բնակվող եւ տեղական արվեստային միջավայրում բավականաչափ նշանավոր արվեստագետները Հայաստանում շարունակում են լայն շրջանակների համար անհայտ մնալ, քանի որ բավարար միջոցներ եւ համապատասխան ուշադրություն որպես այդպիսին չի առանձնացվում։

«Ես իմ համեստ միջոցներով փորձում եմ այս խնդրի հնարավոր լուծումները գտնել։ Երբ Եվրոպա եմ այցելում, մտածում եմ դատարկաձեռն չվերադառնալու մասին, քանի որ այն ահռելի ժառանգությունը, որ ստեղծել եւ ստեղծում են սփյուռքահայ արվեստագետները, ոչ միայն պետական ուշադրության կարիք ունի, այլ նաեւ հայ արվեստասերներին ծանոթացնելու, այդ արվեստին մոտեցնելու անհրաժեշտություն»։

Քասսաբյանն ասում է, որ ցուցադրության վայրը պատահական չէ ընտրված․

«Աշխատանքները կարող էին ցուցադրվել մայրաքաղաքի ավելի մեծ ցուցասրահներում, սակայն ակադեմիայի ցուցասրահի ընտրությունն ունի կարեւոր նշանակություն․ այստեղ նախեւառաջ ուսանողների մուտքն է ապահովված»։

Ցուցահանդեսի թեմատիկ առանձնահատկության, Քասսաբյան-Դադերյան կապի, աշխատանքների տեղափոխման եւ բովանդակային մանրամասներին կարող եք ծանոթանալ տեղում։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու Գեւորգ-Ջորջ Քասսաբյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբեր 18-ը։

Հետգրություն

Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի մասին

Ծնվել է Հալեպում, բնակվել Կանադայում։ Այժմ ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում։

Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի մասնագիտական ուղին անցել է ճշգրիտ գիտությունների ճանապարհով՝ ճարտարագիտություն, այնուհետեւ համակարգչային ծրագրավորում եւ ապա միայն Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի Գեղարվեստի համալսարան։

Մասնագիտական այս բազմազանությունը յուրահատուկ կերպով սինթեզված է Ջորջի արվեստում։ Վաղ շրջանում տարվելով կուբիզմով, սյուրռեալիզմով եւ ավելի ուշ կոնստրուկտիվիզմով՝ նրա արվեստն ի վերջո հանգել է մինիմալիզմին։ ՀՀ նախագահի 2018 թվականի մրցանակակիրն է։

Տիգրան Դադերյանի (Տատրեւան ) մասին

Ծնվել է Բեյրութում, այնուհետեւ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ ապրում է մինչ օրս։ Այս տարի լրացել է Ֆրանսիայում արվեստասեր հասարակության լայն շրջանակներին հայտնի արվեստագետի 90-ամյակը։

Դադերյանն ավարտել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, սովորել Փարիզի Գեղարվեստի ուսումնարանի Փայտագրության արվեստանոցում, ապա Ռանսոնի ակադեմիայում։

Դադերյանի աշխատանքները պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, Գյուլբենկյան հիմնադրամում, Փարիզի ազգային գրադարանում եւ այլուր։

***

Գլխավոր լուսանկարում՝ Տիգրան Դադերյանը (ձախից), Գեւորգ-Ջորջ Քասսաբյանը եւ ցուցահանդեսի պոստերից հատված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter