HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Հայ կինոյի զարգացման ռազմավարություն»․ կինոոլորտի ներկայացուցիչները լավատես են

Դեռ երկու տարի առաջ Հայաստանում կինոոլորտի եւ կինոարտադրության զարգացման հարցերով մտահոգ մասնագետները հիմնեցին Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը (IFCA), որը միտված էր միավորել բոլոր այն անհատներին, ոլորտի միջազգային ներկայացուցիչներին, կազմակերպություններին եւ կառույցներին, որոնք նույնպես մտահոգ են կինոյի զարգացման խնդիրներով եւ տեսլականով։

Նախաձեռնությունը երկու տարիների ընթացքում աշխատանքներ է տարել Կինոյի մասին օրենքի մշակման, մասնագիտական ծրագրերի կազմակերպման ուղղությամբ, մեդիա եւ այլ հարթակներում ներկայացրել է ճանապարհային քարտեզի խոչընդոտները, դժվարությունները, անդրադարձել ոլորտին ուղղված բյուջետային հատկացումների բացերին, վեր հանել խնդիրներ, որոնք շարունակական բնույթ են կրում եւ չեն հանգուցալուծվում, ինչպես նաեւ ներկայացրել միջազգային փորձը՝ նախաձեռնելով հանդիպումներ եւ քննարկումներ ոլորտի արտասահմանյան ներկայացուցիչների հետ։ 

Երկու տարիների ընթացքում իրականացրած ձեւաչափային բազմատարր աշխատանքների արդյունքում այս տարվա ավարտի նախաշեմին հնարավոր եղավ իրականացնել նաեւ «Հայ կինոյի զարգացման ռազմավարության» կոնֆերանսը, որն իրականացվեց ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացվեց դեկտեմբերի 1-ին, Աղվերանում:

Կոնֆերանսի հիմնական նպատակն էր ձեւավորել երկխոսություն կինոգործիչների, կառավարության եւ օրենսդիր մարմնի, ինչպես նաեւ պետական կազմակերպությունների եւ կինոոլորտին առնչվող գերատեսչությունների միջեւ։ 

Աշխատաժողովին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ՀՀ Ազգային Կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Հայաստանի Կինոմիության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, ինչպես նաեւ կինոարտադրող ընկերությունների եւ կինոփառատոնների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ, միջոլորտային ներկայացուցիչներ։ 

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով. «Նման համաժողովները շատ բարենպաստ են, քանի որ կարեւոր է խնդիրների բարձրաձայնումը երկխոսության հարթակի ձեւաչափով՝ խնդիրների հանգուցալուծում գտնելու համար»։

Աշխատաժողովի ընթացքը բաժանված էր թեմատիկ նիստ-քննարկումների։ Առաջին նիստը նվիրված էր միջազգային համատեղ արտադրությանն  ուղղված ռազմավարությանը, ինչպես նաեւ իրավաֆինանսական կարգավորումներին, պետական աջակցության մոդելներին եւ արտադրող-պետություն հարաբերություններին, երկրորդ նիստը՝ կինոյի որակական առավարման չափանիշների, պետական աջակցության կառույցի հոգաբարձուների խորհրդի եւ հանձնախմբերի ստեղծման չափանիշներին եւ երրորդը՝ պետական եւ մասնավոր ներդրումներ կինոոլորտ բերելու մոդելներին եւ խթանիչներին, ինչպես նաեւ կինոյի պետական աջակցման բյուջեի մեծացման անհրաժեշտությանը եւ նախապայմաններին։

Վերոնշյալ թեմատիկ ուղղությունների, ինչպես նաեւ աշխատաժողովի ընթացքում առանձնացված խնդիրների շուրջ մեկ հարց՝ մեկ պատասխան ձեւաչափով զրուցել ենք ԻՖԿԱ համահիմնադիրներ Արմինե Անդայի, Րաֆֆի Նիզիբլեանի, Սեդա Գրիգորյանի եւ Վիկտորյա Ալեքսանյանի հետ:

Բացի պետական միջոցներից  ֆինանսական ի՞նչ այլընտրանքային միջոցներ կարող է ակնկալել կինոարտադրության ոլորտը։ Համատեղ արտադրության զարգացման համար ի՞նչ մեխանիզմներ եւ ի՞նչ ռազմավարություն է մշակվում։ 

Պատասխանում է կինոգործիչ, դերասան, գրող, ԻՖԿԱ համահիմնադիր Արմինե Անդան.

-Կինոոլորտի բյուջեին հատկացվող այլընտրանքային միջոցների վերաբերյալ ունենք օրինագիծ, որը մեր կողմից առաջարկվել եւ այժմ ԱԺ-ում է: 

Կոնֆերանսի այս սեսիայի խնդիրը համատեղ արտադրությանը խոչընդոտող ֆինանսաիրավական հարցերի քննարկումն էր՝ արտասահամանյան փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաեւ փորձը՝ վեր հանելու լուծումները։

Միջազգային համատեղ արտադրությանը խթանող ռազմավարությունը նախեւառաջ համապատասխան ֆինանսաիրավական հիմք է ենթադրում: Այն երկրները, որոնց հետ մենք համատեղ արտադրում ենք, դրամաշնորհ են տրամադրում արտադրողին (պետության ամբողջ ներդրումը՝ արտադրողի ներդրումը համարելով), եւ ոչ մի տեղ պետությունը հանդես չի գալիս համատեղ արտադրողի դերում: 

Պետք է ասեմ, որ երկու օրինագիծն էլ (թե մեր, թե «Ոսկե Ծիրան» հիմանդրամի), այս խնդրին լուծում են տալիս, սակայն վերջինս այսօր էլ լուծում ունի, որն էլ կոնֆերանսի քննարկումներից եւ աշխատաժողովից հետո կառաջարկվի պետությանըայն տրանզիտային, բայց օրինական ճանապարհ կլինի եւ մինչ օրենքի ընդունումը, կզարգացնի արտադրողին, համատեղ արտադրությունը, պետությունը։ Հենց այդ պատճառով էլ այս կոնֆերանսը միասնական է. անկախ կինոգործիչների եւ պետության միասնական կոնֆերանս՝ ի նպաստ անկախ արտադրողի եւ հետեւավաբար նաեւ պետության:

Կոնֆերանսի ընթացքում վեր է հանվել եւ համակարգվել կինոյի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները։ Կխնդրեմ մանրամասնել առաջնային խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհային քարտեզը, եթե արդեն կա։

Պատասխանում է ռեժիսոր, պրոդյուսեր, ԻՖԿԱ համահիմնադիր Վիկտորյա Ալեքսանյանը

-Աշխատաժողովի երրորդ նիստի ընթացքում անդրադարձել ենք կինոյի զարգացմանը խոչընդոտող խնդիրներին՝ ներդրումների անհրաժեշտության տեսանկյունից։ 

Այստեղ կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն. ներդրումներ պետության կողմից՝ պետական դրամաշնորհային բյուջե (այլ աղբյուրների շահույթից դեպի կինոարտադրություն՝ որոշակի տոկոս ուղղորդելու օգնությամբ), քեշբեքի եւ այլ հարկային արտոնությունների տրամադրում կինոարտադրողներին, նվիրատվությունների խրախուսում ազգային կինոյին՝ վերջինիս արագ զարգացման նպատակով, եւ ի վերջո նոր մասնավոր ներդրումային ֆոնդի ստեղծում, որը կգործի ներդրողին հարկային արտոնություններ տրամադրելու մեխանիզմով։ 

Այս ամենը պետք է արվի հստակ մշակված ռազմավարությամբ եւ նշանակետով, որն է՝ դառնալ մրցունակ աշխարհի կինոհարթակներում, տեսանելի դարձնել Հայաստանը կինոյի համաշխարհային քարտեզի վրա եւ խթանել արվեստի զարգացմանը՝ որպես պետական գիտակցված քայլ դեպի բարձր քաղաքակրթություն։

Կինոոլորտին ուղղված հասարակական ակտիվության եւ փոխադարձ վստահության զարգացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ պիտի տանել։

Պատասխանում է պրոդյուսեր, Դիմ Քըմյունիքեյշնս կազմակերպության տնօրեն, ԻՖԿԱ համահիմնադիր Րաֆֆի Նիզիբլեանը.

-Կինոոլորտի խնդիրներով եւ հարցերով հետաքրքրված  եւ մտահոգված քաղաքացիները այս ոլորտի զարգացման հարցում իրենց ներդրումը կարող են ունենալ։ Կարեւոր է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունըլինել գիտակից, ունենալ բարեխումների գնալու ցանկությունը եւ ապա համագործակցության միտվելը համախոհներին մեկտեղում է, տեղի է ունենում կարծիքների փոխանակում, եւ զարգացման փուլ է սկսվում։ 

Պիտի կարողանանք զրուցել, լսել ոլորտի այլ ներկայացուցիչների, գալ եզրակացության, ապա տրամաբանական գործողության։

Մենք փորձում ենք գտնել արտահայտման աղբյուրներ՝ մեդիահարթակներ օրինակ, որտեղ կարող են քննարկվել կինոոլորտին առնչվող խնդիրները, զարգացնում ենք նախագծեր, գաղափարներ, կարծիքներ եւ անգամ ծրագրեր, որոնց իրականացումից շահելու է ոլորտը։ 

Գիտակից քաղաքացին այս շղթայի մեջ եւս կարեւոր էնոր կարծիքը, նոր գաղափարը թարմ ուժ է բերում ընդհանուր տարածք, նպաստում ստեղծագործական զարգացմանը՝ եւ տնտեսական, եւ ենթակառուցվածքային, եւ համատեղ արտադրության իմաստով (որը կարող ենք հասկանալ եւ երկրի ներսում, եւ երկրից դուրս համատեղության իմաստով)։

Երբ որեւէ ոլորտի զարգացման համար միավորվում են անհատներ, կառույցներ այնպիսի միավորումներ, ինչպիսին ԻՖԿԱ-ն է, մի քայլ առաջ է գնում խնդիրների լուծման պլանը, ներշնչման աղբյուր է ստեղծվում նաեւ մյուս ոլորտները տեղից շարժելու համար։ Հաջորդիվ գուցե նույն այս պրոցեսը տեղի ունենա երաժշտական կամ թատերական ոլորտում, որի համար բարենպաստ փորձ կարող է սահմանվել այն, ինչ մենք ենք անում։ Այս իմաստով բոլոր ոլորտներում բարեփոխման գնալու համար անընդհատ աշխատանք եւ համբերություն է անհրաժեշտ։ 

Կինոյի որակական կառավարման, հանձնախմբերի ստեղծման եւ պետական աջակցության կառույցի հոգաբարձուների խորհրդի ի՞նչ առաջնային չափանիշներ եք փորձում սահմանել։ Մեկ ընդհանուր դաշտ ստեղծելու համար համագործակցության լեզուն եւ պայմանները առաջընթացի հնարավորությունների տեղ բացու՞մ են։

Պատասխանում է Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ԻՖԿԱ համահիմնադիր, ռեժիսոր Սեդա Գրիգորյանը

-Այս հարցերի վերլուծության ու լուծման մոդելների համար դիտարկել ենք արեւելյան եվրոպական որոշ երկրների փորձը։ Ամիսներ առաջ Երեւանում հյուրընկալել էինք Կոսովոյի Կինոկենտրոնի նախագահ Արբեն Ժարկուին, ով շատ պատրաստակամորեն կիսվեց իր փորձով ու լուծման տարբերակներով։ Հաճելի էր նկատել, որ մեր առաջարկած լուծումներն էլ մեծապես համընկնում էին նրա ներկայացրածի հետ։ 

Հարցը մի քանի շերտ ունի․ նախ՝ անհրաժեշտ է ապահովել հանձնաժողովների մասնագիտական պատրաստվածությունը։ Կինոկենտրանի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը կոնֆերանսի ժամանակ բարձրաձայնեց իր մտահոգությունն առ այն, որ պարզապես չկան մեր նախընտրած չափանիշներին համապատասխան մասնագետներ, սակայն, մենք կարծում ենք, որ իրավիճակն այդքան անհույս չէ։ 

Որո՞նք են ընտրող հանձնաժողովի անդամների մեր առաջարկած չափանիշները․ ընդհանուր գծերով, եթե ներկայացնեմ, ապա առնվազն մեկ լիամետրաժ ֆիլմի առկայություն, միջազգային փառատոնների մասնակցություն եւ մրցանակներ, ճանաչված փառատոններում ժյուրի լինելու փորձ, փառատոնային ծրագրերի համադրման փորձ եւ այլն։ 

Սրանք անհրաժեշտ նախապայմաններ են՝ ելնելով կինոյի զարգացման մեր որդեգրած քաղաքականությունից․ մեր նպատակն այն է, որ հայ կինոն զարգանա, ամրանա ու դուրս գա միջազգային դաշտ, ներկայանա եւ ձեռքբերումներ ունենա ամենաճանաչված կինոփառատոններում, մենք պետք է դադարենք բավարարվել միջին չափանիշներով։ Այս առումով միջազգային փորձը շատ կարեւոր էմենք շատ նման ենք Կոսովոյին փոքր պետությունների էլ ավելի փոքր կինոհամայնքներում անձնական կապերը ուզած-չուզած մեծ դեր են խաղում, շահերի բախման ու կողմնակալության վտանգը շատ մեծ է, այդ իսկ պատճառով համարում ենք, որ միջազգային մասնագետների ներգրավումը հանձնաժողովներում այլընտրանք չունի։ 

Պետք է նշեմ, որ կոնֆերանսի բոլոր մասնակիցներն էլ կողմ էին այս դրույթին, սակայն հնչեց կարծիք, որ նրանց մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան։ Բայց, համաձայնվենք, որ սա բնավ էլ անլուծելի խնդիր չէ։ 

Քննարկվեց նաեւ կինոոլորտը ֆինանսավորող մարմնի հոգաբարձուների խորհրդի անհրաժեշտությունը, որտեղ եւս անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային մասնագետներ։  Առաջարկ հնչեց՝ նախագծերի ֆինանսավորման համար դիմելու գործընթացը տեղափոխել առցանց դաշտ ու ազատվել տասնյակ թղթերի, փաթեթների տպագրության անհրաժեշտությունից, համակարգել բյուջետային ծախսերի ստանդարտները եւ այլն։ 

Հարցերը շատ են, բայց նման կառուցողական ձեւաչափերի շնորհիվ, հավատում ենք, որ կարող ենք գտնել հնարավոր ու գործնական լուծումներ։ Շատ կարեւոր է, որ այս երկխոսությունը շարունակի մնալ բաց, ընկերային մթնոլորտում, ինչպես նաեւ մշտապես կապի մեջ լինենք միջազգային էքսպերտների հետ ու սովորենք նրանց փորձից։ 

Աշխատաժողովի ընթացքի մանրամասներ։ Աշխատաժողովի ընթացքում կապ է հաստատվել Վրաստանի կինոյի ոլորտում կարեւոր բարեփոխումների հեղինակ, Վրաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն, պրոդյուսեր եւ կինոիրավաբան Թամարա Թաթիշվիլիի հետ։ 

ԻՖԿԱ համահիմնադիր եւ աշխատաժողովի ընդհանուր համակարգող Սաթիկ Ստեփանյանի հրավերով ուղիղ տեսակապ է հաստատվել նաեւ Իրանի՝ Ֆարաբի կինոհիմնադրամի նախագահ Ալիռեզահ Թաբեշհի եւ կինոհիմնադրամի խորհրդատու Մանոչեին Շահսավարի հետ։ Տեսակապի միջոցով ելույթ է ունեցել նաեւ Կոսովոյի ազգային կինոկենտրոնի տնօրեն Արբեն Ժարկուն։

Աշխատաժողովի ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել ԵվրասիաԴոկ ծրագրի համակարգող, պրոդյուսեր Ֆրեդերիկ Վոլեուն եւ ֆինանսական իրավաբան, ԻՖԿԱ-ի գործըներ Կարեն Ֆիդանյանը։ 

Կրթության ոլորտում չափանիշների հաստատման սեփական փորձով կիսվել է Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Արաքս Մարտիրոսյանը։

Հավելենք, որ աշխատաժողովի արդյունքները զեկույցի տեսքով տրամադրվելու են ԿԳՄՍ նախարարությանը՝ ոլորտի բարեփոխումների հետագա աշխատանքների համար։

 

ՀԳլուսանկարները, ինչպես նաեւ աշխատաժողովի ընթացքի մանրամասները տրամադրել է ԻՖԿԱ համահիմնադիր Վիկտորյա Ալեքսանյանը։

Մեկնաբանություններ (2)

Savi Goel
I'm a USA citizen and live in Iowa for past 25 years. Recently I started my career in Bollywood as film writer, director and producer and made few movies. I'm keen to do a co production with Govt of Armenia for which I have couple of projects in mind.
Saurabh Kumar
I want to film shooting in Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter