
Արարատ Միրզոյան. «Վերնագիրը վարկային համաձայնագիր է` ընդդիմությունը պիտի քլնգի»
Խորհրդարանում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը, քննարկվում է վարկային համաձայնագրերի հարցը: Ընդդիմադիր պատգամավորները քննադատական ելույթներով հանդես եկան` դատապարտելով Կառավարությանը՝ վարկային միջոցների հաշվին բյուջեի պակասուրդը լրացնելու համար: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` կոչ անելով քաղաքական մեծամասնությանը չսպասել ընդդիմության աջակցությանը այս նախագծերի հարցում:
«Իզուր են մեծամասնության կոչերն ուղղված ընդդիմությանը` կողմ քվեարկել այս նախագծերին: Կան չգրված կանոններ` ընդդիմությունը որպես կանոն կողմ չի քվեարկում բյուջեին, Կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին, մենք էլ որ ընդդիմություն լինենք, մենք էլ ենք տենց անելու, նորմալ է»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ խոսնակի համոզմամբ` վարկային համաձայնագրերի փաստարկներն իրականում կապ չունեն:
«Վերնագիրը վարկային համաձայնագիր է` ընդդիմությունը պիտի քլնգի, էս վարկային համաձայնագրերը տնտեսագիտության մասին չեն, սրանց կոնտեքստը քաղաքական է: Մեր գործերն էնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, էնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումներում, մեր երկրի վստահելիությունը միջազգային գործընկերների համար էնքան է աճել, որ իրենք գիտեն, որ թեև պարտք ենք օրինակ պայմանական ասած` 5 տոկոսով, իրենք 1,6 տոկոսով են առաջարկում, գիտեն, որ տնտեսության մեջ ենք դնելու էդ փողերը»,- ասաց նա:
Միրզոյանի խոսքով` այս տարբերակից հրաժարվելն ուղղակի աբսուրդ է. «Էնպես որ մոռացեք բոլոր տնտեսական փաստարկները, սա քաղաքական հարց է, և շատ շահավետ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:
Մեկնաբանել