HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տարոն-Ավիան» պարզաբանում է, թե ինչու է դադարեցրել գործունեությունը

Ներկայացնում ենք «Տարոն-Ավիա» ավիաընկերության մեկնաբանությունը իր գործունեության դադարեցման եւ դրան առնչվող վերջին գործընթացների վերաբերյալ:

Սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց հետեւյալ հաղորդագրությունը.

«Տեղեկացնում ենք ձեզ, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների եւ արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է, եւ տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում  գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»:

Չնայած նրան, որ Հայաստանում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցները հետաքրքրված էին վերոգրյալ տեղեկատվության առնչությամբ հենց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ից պարզաբանումներ ստանալու կապակցությամբ, ավիաընկերությունը զերծ էր մնում մեկնաբանել իր այդ որոշումը։ Սակայն այժմ մենք որոշեցինք հանդես գալ նման կարեւոր որոշման պատճառների վերաբերյալ որոշակի պարզաբանումներով եւ մեկնաբանություններով։

Ներկայացնում ենք  մի քանի կարեւոր փաստեր, որոնք վերաբերվում են «Տարոն-Ավիա» ավիաընկերության գործունեությանը:

«Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը Հայաստանի ավիաշուկայում իր կանոնավոր օդային առեւտրային հաղորդակցությունների մեկնարկը տվել է 2017 թվականի ապրիլի 25-ից (թռիչքներ իրականացնելով Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի ՌԴ մի քանի քաղաքներ, իսկ հետագայում նաեւ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի ՌԴ մայրաքաղաք ամենօրյա հաճախականությամբ) եւ դադարեցրեց չվերթները 2018 թվականի հունվարի 15-ից։

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 1-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից ՀՀ կառավարության «հատուկ» պատվերով իրականացրել է «A&R» տուրիստական ավիաընկերության չարաշահումների «զոհ» դարձած մեր հայրենակիցների տարհանումը։

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից իր «Boeing 737-500» օդանավով (գրանցումը՝ EK-73775) սկսել է Երեւանից թռիչքներ կատարել դեպի ռուսական Վորոնեժ եւ Միներալնիե Վոդի ուղղություւներով՝ «Armenia» ավիաընկերության փոխարեն:

Հայաստանի ավիացիայի պատմության մեջ «Տարոն-Ավիան» եղել է միակ ավիաընկերությունը, որը դուրս է եկել ավիաշուկայից առանց որեւիցե ֆինանսական պարտավորության, այսինքն՝ առանց գեթ 1 ՀՀ դրամ պարտք ունենալու թե՛ ՀՀ պետական բյուջեի, թե՛ որեւիցե իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ։

2019 թ. ընթացքում «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը EASA-ին (Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն) հայտ էր ներկայացրել TCO (Third Country Operators) հավաստագիր ստանալու նպատակով, որը իրավունք է ընձեռնում երրորդ երկրների ավիաընկերություններին մուտք գործել ԵՄ օդային տարածք։ Հայտին կից ներկայացվել են ավիաընկերության գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ մարդկային գործոնի (ավիաընկերությունում նշված գործընթացը համակարգող համապատասխան աշխատակցի թույլ տված շատ կոպիտ սխալի) արդյունքում EASA հանձնաժողովի ուսումնասիրությանն են ներկայացվել թռիչքների անվտանգությունը ոչ ճիշտ բնութագրող փաստաթղթեր։

Այդ նպատակով այս տարվա հուլիսին ստուգումներ են իրականացվել հայկական ավիաընկերությունում, որի ընթացքում արձանագրվել են հենց այդ մարդկային գործոնի հետեւանքով ի հայտ եկած «թերությունները»։ Այդուհանդերձ, EASA-ի կողմից «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերությանը տրվել էր 6-ամսյա ժամկետ՝ հայտնաբերված «թերությունները» վերացնելու համար: Այսինքն՝ ավիաընկերությունը պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացներ իրականում գոյություն չունեցող «խախտումների» պատճառները, դրանց վերացմանն ուղղված եւ հետագայում նմանատիպ սխալների կանխարգելման քայլերը։ Սակայն մենք, անհանգստանալով եւ մտավախություն ունենալով, որ այդուհանդերձ կարող ենք հայտնվել ԵՄ այսպես կոչված «սեւ ցուցակում», որը կարող է լուրջ «հարված» հասցնել Հայաստանի Հանրապետության պետականության, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի միջազգային հեղինակության վրա։ Այդ իսկ պատճառով մենք ՀՀ ՔԱ կոմիտեի ղեկավարության հետ համատեղ քննարկման եւ բանակցությունների արդյունքում կայացրեցինք մեզ համար չափազանց դժվարին (հաշվի առնելով այդքան տարիների անթերի գործունեությունը), բայց մեր համոզմամբ «միակ» ճիշտ տարբերակը՝ դադարեցնել «Տարոն-Ավիա» ավիաընկերության հետագա գործունեությունը։

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը թարմացրել է իր «սեւ ցուցակը» (EU Air Safety List), որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց օդանավերը կա՛մ իրավունք չունեն մուտք գործել ԵՄ օդային տարածք, կա՛մ դրանց հանդեպ գործում են որոշակի սահմանափակումներ:

Ներկա պահին 115 ավիաընկերության արգելված է մուտք գործել Եվրամիության տարածք: Այդ ավիաընկերությունների ցանկում բացակայում է «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը:

Դրանցից 109-ը 15 երկրի ներկայացուցիչներ են, այսինքն՝ ավիացիոն անվտանգության եվրոպական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով այս երկրներն ու դրանցում գրանցված ավիափոխադրողները հայտնվել են «սեւ ցուցակում»: Այդ երկրների ցանկում բացակայում է Հայաստանի Հանրապետությունը:

Եվ վերջում ուզում ենք հավելել, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը միշտ էլ տվել է առաջնահերթություն եւ շատ բարձր է գնահատել թռիչքների անվտանգությունը եւ իր ողջ գործունեության ընթացքում միշտ ղեկավարվել է այն բարձր մակարդակի վրա պահելու սկզբունքով։ Մեր կողմից շահագործվող օդանավերը միշտ եղել են տեխնիկապես սարքին (ժամանակին անց են կացվել բոլոր անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքները), թռիչքների համար պիտանի վիճակում, որի ամենամեծ վկայությունն է նաեւ այն, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերության քաղաքացիական օդանավեր շահագործելու ընթացքում չի գրանցվել եւ ՈՉ ՄԻ ավիացիոն ՊԱՏԱՀԱՐ եւ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊ (Aviation accidents and incidents)։

Հարգանքներով՝

«Տարոն-Ավիա» ՍՊԸ ղեկավարություն

Տես նաեւ՝ 

Մեկնաբանություններ (1)

Լևոն Ղազարյան
Ափսոս, ես ցավ եմ ապրում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։