HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Տարվա մեջ մի քանի անգամ էինք տեսնվում, աշխատում էր հանուն հայրենիքի»,- ասում է Արամ Հարությունյանի եղբայրը

Հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եղբայրը` Արայիկ Հարությունյանը  նրա հետ որևէ կապ չունի:

«Բացարձակ կապ չունեմ: էն ժամանակ էլ կապ չունեի․ երբ ինքն էստեղ էր, տարվա մեջ մի քանի անգամ էինք տեսնվում, աշխատում էր հանուն հայրենիքի»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Արամ Հարությունյանի ընտանիքի միջոցով եղբայրը տեղեկացված լինի՝ նա վերադառնալու ցանկություն ունի, թե ոչ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ, իհարկե, ցանկանում է»: Հարցին, թե ի՞նչ է նրան խանգարում, Հարությունյանը չպատասխանեց՝ առաջարկելով փաստաբանից ճշտել:

«Ապօրինի գործողությունները հավատ չեն ներշնչում, որ վարույթը կլինի օբյեկտիվ: Այնպես չէ, որ նա չի ցանկանում ներկայանալ: Մենք ուղղակի տեղեկություն չունենք, ենթադրում ենք, որ ցանկանում է ներկայանալ, բայց որ նայում ես՝ շուրջբոլորն ինչ է կատարվում, երբ տեսնում ես, որ պրիմիտիվ իրավաբանական հարցերը միշտ լուծվել են օրենքով, իսկ այժմ ամեն ինչ անտեսվում է... ես լինեմ նրա փոխարեն, չեմ ներկայանա»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբաններից Կարեն Հակոբյանը:

Հարցին՝ այսինքն՝ իր պատասխանից կարելի է հասկանալ, որ վերջինս նույնպե՞ս չգիտի Արամ Հարությունյանի գտնվելու վայրը, Կարեն Հակոբյանը պատասխանեց, որ ինքը կապ չունի նրա հետ: Դիտարկմանը՝ ինչպե՞ս է Հակոբյանը  ներկայացնում նախկին նախարարի շահերը, երբ ասում է, թե կապ չունի նրա հետ, փաստաբանը պատասխանեց, որ Հարությունյանը ժամանակին ցանկացել է, որ ինքը ներկայացնի նրա շահերը, այժմ ունի պայմանագիր, որի հիման վրա շարունակում է կատարել իր պարտականությունները:

Փաստաբան Երեմ Սարգսյանը վերջերս է ներգրավվել Արամ Հարությունյանի վերաբերյալ գործում: Ենթադրվում է, որ նա` առնվազն Հարությունյանից լիազորագիր ստանալու հարցով, պետք է առնչված լինի վերջինիս հետ: Նրանից նույնպես հետաքրքրվեցինք Արամ Հարությունյանը Հայաստանում է գտնվու՞մ, թե ոչ, սակայն Սարգսյանն ասաց, որ նման հարցի իրավասու չէ պատասխանել: Հարցին՝ Հարությունյանը պատրաստվու՞մ է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, թե ոչ, Սարգսյանը պատասխանեց՝ այդ հարցը չի քննարկել։

Նշենք, որ մեկ տարի առաջ, երբ Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ու խափանման միջոց ընտրվել կալանավորումը, փաստաբան Կարեն Հակոբյանը հավատացնում էր, որ Հարությունյանը գտվում է Հայաստանում:

ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ամիսներ առաջ ասել է, որ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության սահմանն օրինական կերպով չի լքել:

Արամ Հարությունյանի գործով, ինչպես հայտնի է, բողոքարկվել է նրա, նրան առնչվող «ՀանԱրդ» ընկերության գույքի, Հարությունյանի բարեկամներից մեկի անվամբ բնակարանի վրա արգելանք դնելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության որոշումը։ Առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը, և այդ դատական ակտի դեմ բողոք է տարվել վերաքննիչ դատարան։ Դեկտեմբերի 10-ին՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այս գործով դատական նիստ էր նշանակած, որը, սակայն հետաձգվեց։ Գործով բողոքաբեր է նաև Հարությունյանի եղբայրը՝ Արայիկ Հարությունյանը։ Վերջինս  «ՀանԱրդ» ընկերության տնօրենն է, և ընկերության գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը նա է ներկայացրել։ Ի դեպ, ընկերության 92% բաժնեմասը պատասխանում է Արամ Հարությունյանին։

Արայիկ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գույքի վրա դրված կալանքի պատճառով չեն կարողանում վարձակալությամբ տալ ընկերությանը պատկանող տարածքները։ Հետաքրքրվեցինք, թե գույքը կալանքի տակ դնելու պատճառով ընկերությունը մոտավորապես որքա՞ն ֆինանսական կորուստ է ունեցել, սակայն Արայիկ Հարությունյանը նշեց, որ առանց հաշվարկների հստակ կամ մոտավոր թիվ ասել չի կարող։

«Բայց խոսքը միլիոնավոր դրամների մասին է»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարուց ավել հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարարը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Լուսանկարում՝ Արամ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter