HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դավիթ Խաժակյանն անդրադարձավ «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի» կառուցմանը

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձավ Գագիկ Խաչատրյանի որդիներին առնչվող ընկերության կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» կառուցելուն և նվիրատվություն կատարելուն։ Խոսելով Էրեբունի թանգարանի ընդարձակելու նախագծի պայմանների մասին՝ ավագանու անդամը նշեց, որ ավագանին հաստատում է քաղաքապետի կնքած, հաստատում պահանջող պայմանագրերը, սակայն օրինակ՝ Երևան քաղաքի նվիրատվության պայմանագրերը ավագանու կողմից չեն հաստատվել, միայն կնքվել են քաղաքապետի կողմից։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ ավագանին հաստատում է այն պայմանագրերը, որոնք պահանջում են հաստատում, իսկ նվիրատվության ընդունելիս չկա դրույթ, որ քաղաքը՝ որպես նվիրառու, պետք է ավագանու միջոցով հաստատի պայմանագիրը, քանի որ այս դեպքում քաղաքապետը հանդես է գալիս քաղաքի անունից, և կարող է ինքը կնքել պայմանագիրը։

Որպես մտահոգություն՝ Դավիթ Խաժակյանը նշեց, որ եթե Էրեբունի թանգարանի ընդլայնման վերաբերյալ պայմանագիրը հասցեագրվում է ավագանուն, ապա ինչո՞ւ Գագիկի Խաչատրյանի հարազատների կողմից կառուցապատում և նվիրատվություն իրականացնելու վերաբերյալ ավագանին որևէ բան չի անում։

Նշենք, որ «Հետքն» այսօր հրապարակել էր հոդված՝ Գագիկ Խաչատրյանի որդիներին առնչվող ընկերությունը, որպես նվեր, կկառուցի «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» վերտառությամբ, որտեղ նշել էր, որ Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ «Տերյան 5» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ դեկտեմբերի 10-ին կնքել է պայմանագիր, որով պարտավորվել է որպես նվեր Շիրակի փողոց հ.88/1 հասցեում իր միջոցների հաշվին և իր նյութերով կառուցել «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ»։

Մինչ նյութի հրապարակումը «Հետքը» հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցների հաշվին է կառուցվելու «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ»-ը, որին պատասխանելու փոխարեն, քաղաքապետարանը իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում դեկտեմբերի 13-ին գրառում կատարեց՝ հայտնելով, որ «Տերյան 5» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի համար որպես նվեր «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» կկառուցի։

Այս հայտարարության վերաբերյալ Դավիթ Խաժակյանը նշեց․ «Ինձ հետաքրքիր է՝ ինչու համայնքային հողի վրա գույքային պարտավորություններ իրականացնում ենք ավագանու որոշմամբ, իսկ Գագիկ Խաչատրյանի հետ կապված ընկերության հետ դեկտեմբերի 10-ին կնքած պայմանագիրը չեք հասցեագրում։ Եթե չեք հասցեագրում, գոնե հասկանանք՝ էդ ինչպես եղավ, որ շինարարությունը երկար ժամանակ իրականացվում է, բայց պայմանագիրը ստորագրվեց միայն դեկտեմբերի 10-ին»,- նշեց ավագանու անդամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter