HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Գրավը պիտանի չէ գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը չեզոքացնելու համար». դատախազներն առարկեցին Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի դեմ

«Մենք ոչ թե ձեր քննարկմանն ենք ներկայացնում հարցը՝ առհասարակ Ռոբերտ Քոչարյանը պետք է գրավով ազատ արձակվի, թե ոչ, առկա են նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքեր, թե ոչ, այլ մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան, թե արդյոք առաջին ատյանի դատարանը բավարար և վերաբերելի հիմքեր բերել է՝ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու համար»,- Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու նոյեմբերի 7-ի որոշման դեմ բողոքի քննության ժամանակ այսօր ասաց նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Վերջինս նշեց, որ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին մերժել է դեռևս ամառվանից  ներկայացված իրենց միջնորդությունը՝ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ Այդ դատական ակտում դատավոր Աննա Դանիբեկյանը գտել է, որ առկա չէ Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությունից թաքնվելու վտանգ, որ թեև Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգ առկա է՝ այն նվազել է։ Այս դատական ակտը պաշտպանները բողոքարկել են Վերաքննիչ դատարան, որը վարույթ չի ընդունել բողոքը։ Պաշտպաններն այժմ որոշումը վիճարկում են Վճռաբեկ դատարանում։ Սակայն, այս դատական ակտը հիմնավորվածության հարցը չէ, որ քննության առարկա են դարձնում Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի վարույթում քննվող քրեական գործով, այլ պարզապես սեպտեմբերի 20-ի որոշման մեջ դատարանի կողմից արտահայտած որոշ իրավական դիրքորոշումներ դրվել են նոյեմբերին իրենց ներկայացրած միջնորդության հիմքում, ուստի բողոքում անդրադարձ կատարեցին նաև սեպտեմբերի 20-ին կայացված որոշման մեջ առկա ձևակերպումներին:

Այսպես՝ սեպտեմբերին կայացված որոշման մեջ դատարանը նշել է, որ գրավը և ստորագրությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի կամ ամբաստանյալի թաքնվելու վտանգը չեզոքացնող երաշխիք, ինչ վերաբերում է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկին, դատարանը նշել է, որ գրավը այդպիսի ռիսկը չեզոքացնող երաշխիք չէ։ Նկատի ունենալով, որ դատարանը Քոչարյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգ չի տեսել, իսկ խոչընդոտելու ռիսկը գրավը չեզոքացնել չի կարող՝ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը։

Ի դեպ, դատավոր Աննա Դանիբեկյանը գրավի՝ խոչընդոտելու վտանգը չեզոքացնող երաշխիք չլինելու մասին հանգամանքը դատական ակտում նշելիս հղում է կատարել Վճռաբեկ դատարանի նախկինում հայտնած իրավական դիրքորոշմանը։

2019 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վերը նշված որոշումից հետո, Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, համաձայն որի՝ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված անձի ազատության իրավունքին: Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար:

ՍԴ այս որոշումից հետո է, որ պաշտպանները նորից ներկայացրել են Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն, քանի որ, ըստ նրանց, այդ որոշումից հետո վերացել են այն խոչընդոտները, որոնք դատավոր Դանիբեկյանին թույլ չեն տվել Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառել, սակայն դատավորը, քննության առնելով, նոյեմբերի 7-ին ևս մերժել է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Հայկ Ալումյանի խոսքով՝ միջնորդությունը մերժելու որոշման մեջ ընդամենը երկու փաստարկ է ներկայացվել․ Քոչարյանի ազատությունը սահմանափակելու հիմքը չի վերացել ու շարունակում է առկա լինել, և Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգը չի կարող արդյունավետ չեզոքացվել գրավ կիրառելու պայմաններում, ուստի գրավի կիրառումը ճանաչվում է անթույլատրելի:

«Մերժելով պաշտպանների միջնորդությունը՝ դատարանը հակասել է սեպտեմբերի 20-ին իր կողմից կայացված որոշմանը կամ խախտել Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը գրավ կիրառելու պարտադիր պայմանը դիտել է որպես գրավի կիրառելը խոչընդոտելու պայման։

Անդրադառնալով գրավի կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը՝ մեղադրող Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ ՍԴ-ն չի արձանագրել, թե պատճառաբանությունն այն մասին, որ խափանման միջոց գրավն ի զորու չէ որևէ անձի պատշաճ վարքագիծը երաշխավորել, Սահմանադրությանը հակասում է։

Գևորգ Բաղդասարյանը նաև ասաց, որ նույն որոշման մեջ առկա է մեկ այլ ձևակերպում, որում նշվում է` քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է իրական հնարավորություն ունենա ոչ միայն հիմնավորված ենթադրության մակարդակով գնահատել կասկածյալի կամ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այս կամ այն դրսևորման հավանականությունը, այլև անկաշկանդ կիրառել հենց այն խափանման միջոցը, որը, իր համոզմամբ, պիտանի և անհրաժեշտ է նախանշված նպատակին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները։

Տվյալ դեպքում, ըստ Գևորգ Բաղդասարյանի, դատարանը գտել է, որ գրավը պիտանի չէ՝ խոչընդոտելու ռիսկը չեզոքացնելու համար։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ պաշտպանների բողոքը հիմնազուրկ է, իսկ դատարանի կայացրած դատական ակտը՝ պատճառաբանված և հիմնավոր։

Դատախազը նշեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը դեռևս սեպտեմբերի 20-ին գործի փաստական տվյալների հիման վրա նշել է, որ գրավի կիրառումը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։

«Պաշտպանական կողմն ուղիղ մեջբերումներ կատարեց վիճարկվող դատական ակտից՝ ցույց տալու, որ, ահա, ընդամենը երկու պարբերությամբ դատարանն այդպիսի որոշում է կայացրել։ Փորձ արվեց ցույց տալ, թե այդ որոշումը պատճառաբանված չէ, և պարունակում է բացառապես մեջբերումներ Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններից, սակայն դա տեղին չէ, քանի որ Առաջին ատյանի դատարանը սեպտեմբերի 20-ի որոշմամբ, արդեն իսկ դրանց անդրադարձել էր և պատճառաբանություն տվել»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter