HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանից Հայաստան տեղափոխված ամուսիններն աշխատանք են փնտրում

Անժելան դպրոցական գունազարդ օրագիրը դնում է լրագրային սեղանին, հետո սկսում ենք թերթել այն, հիմնականում 8 եւ 9 գնահատականներ են: Սեղանի մոտ նստած երիտասարդ ծնողները ժպտում են: Այս դրվագը, կարծես, լցնում է մեր զրույցի կարճ դադարները:

Այս տարվա օգոստոսին Կարո Մինասյանն ու կինը՝ Սյուզի Քուշգերյանը, Լիբանանից տեղափոխվել են Հայաստան: Դա նրանց առաջին այցն է Հայաստան: Երկուսն էլ ծնվել ու ապրել են Բեյրութում: Երկու դուստր ունեն՝ 8 եւ 9 տարեկան: Բեյրութում ամուսիններով աշխատել են որպես մենեջեր, Սյուզին՝ մանկական հագուստի խանութում, Կարոն՝ ռեստորանում: Ասում են, որ գոհ էին վարձատրությունից: Ամսական 2000 դոլար էին ստանում, որը բավականացնում էր տան վարձին, երեխաների դպրոցի վճարին, սննդին:

Կարոն ասում է, որ Հայաստան գալու մտադրություն դեռ 4-5 տարի առաջ ուներ, սակայն այն ժամանակ երեխաները փոքր էին: Բայց երբ վերջին երկու տարիներին Լիբանանում կյանքն ավելի թանկացավ, երկու երեխաներն էլ արդեն դպրոցահասակ էին, Կարոն ու Սյուզին որոշել են հաստատվել Հայաստանում: Այստեղ, սակայն, նրանք ծանոթ ու բարեկամ չունեն, չնայած ասում են, թե մտածում էին, որ սա իրենց հայրենիքն է, այստեղ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր դժվարությունները, եթե աշխատանք ունենան:

Հայաստան տեղափոխվելուց հետո Երեւանում բնակարան են վարձակալել ամսական 170 հազար դրամով: Երեխաները դպրոց են հաճախում, երկուսն էլ լավ են սովորում: Սյուզին ասում է՝ Լիբանանում ամսական 600 դոլար ուսման վճար էին մուծում, իսկ Հայաստանում անվճար է դպրոցը:

«Աղվոր երկիր է, ապահով է, Լիբանանում փոքրերիս ազատ չէինք թողնում, տնից ներքեւ չէինք թողնում, տանը մենակ չէինք թողնում, այստեղ իջնում են բակ, լավ երկիր է, միայն աշխատանք է պետք»,- ասում է Կարոն:

Հայաստան գալուց հետո երկուսն էլ աշխատանք էին գտել, Սյուզին լիբանանյան ռեստորաններից մեկում աշխատում էր որպես մատուցող, իսկ ամուսինը՝ մենեջեր: Հետո երկուսով տեղափոխվել էին մեկ այլ ռեստորան, որտեղ աշխատանքային համեմատաբար ավելի լավ պայմաններ էին: Սյուզին նշում է, որ վարձատրությունն այդտեղ ավելի բարձր էր, սակայն աշխատանքը մեկ ամիս է տեւել: Ընտանիքի մայրը պատմում է, որ ռեստորանի հաճախորդներից մեկը, ով, ինչպես հետո էր պարզվել, հարկայինի աշխատակից է եղել, սենդվիչ էր պատվիրել, սակայն վճարումը կատարելուց հետո դրամարկղի աշխատակիցը ՀԴՄ կտրոնը չէր տպել, ինչի պատճառով ռեստորանը տուգանվել էր: Սյուզին ասում է, թե իրեն էին «հանցավոր» համարել, այնինչ ինքը վճարման կամ ՀԴՄ կտրոն տպելու հետ առնչություն չուներ:

Արդեն երկու շաբաթ է, ինչ ամուսիններն աշխատանք չունեն: Ասում են, որ գործ առաջարկող բազմաթիվ հայտարարությունների են արձագանքել, սակայն ոչինչ չի ստացվել:

«Բան մը կսպասեի, ուրիշ բան եղավ, փոշման չեմ, պայքարելու եմ փոքրերիս համար, եթե երեխաներ չունենայի, Լիբանանից չէի գա»,- ասում է Կարո Մինասյանը:

Լիբանան վերադառնալու մտադրություն ընտանիքը չունի: Սյուզին նշում է, որ այնտեղ օրեցօր ավելի է վատանում իրավիճակը: «Երեկ խոսում էի ընկերուհուս հետ, ասում է՝ բրնձի մի կիլոն 500 դրամից 1000 է դարձել, մսի կիլոն 5000-ից դարձել է 10000: Իրենք էլ են մտածում, որ Նոր տարուց հետո կգան, բայց երբ իրենց այսպես պատմում եմ, հիասթափվում են, ասում եմ, որ այստեղ անպայման պետք է գործ ունենաք»,- նկատում է Սյուզին:

«Հոս կյանքը շատ լավ է, շատ աղվոր երկիր է, բայց գործի վճարումները քիչ են: Տունը թանկ է, վարձքը թանկ է»,- ավելացնում է ամուսինը:

Հարցին, թե արդյոք չեն դիմել Երեւանում աշխատող լիբանանահայ գործարարներին, զրուցակիցներս պատասխանում են. «Լիբանանցին լիբանանցուն աշխատանքի չի վերցնում, ասում են՝ կարող ենք հայաստանցիին էժան գնով աշխատեցնել, քան թե ձեզ ավել տանք»:

Մեր զրույցի ամբողջ ընթացքում ամուսինների անհանգստությունը նկատելի էր: Անծանոթ երկրում, որքան էլ այն հայրենիք է, միայնակ են մնացել դժվարությունների առաջ: «Ուզում ենք աշխատենք, ապրենք, դա է, միլիոնատեր դառնալու համար չենք եկել: Ուզում եմ, որ երեխաներս դպրոց գնան, ուսանեն, երջանիկ զգան»,- ասում է Սյուզին:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter