HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«50 կանայք, որ փոխեցին աշխարհը»․ Դիանա Աբգար (Աղաբեկյան)՝ աշխարհի առաջին կին դեսպանը

Դեկտեմբերի 18-ին, The Club-ում տեղի ունեցավ Հասմիկ Սիմոնյանի եւ Արմինե Դանիելյանի հեղինակած «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսը։

Հիմնականում դպրոցահասակ եւ բարձր տարիքի ընթերցողների համար նախատեսված այս գիրքը ներկայացնում է տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց զարմանալի ու յուրատիպ պատմություններ։ Այդ կանանց շարքում հանրության լայն շրջանակներին հայտնի գյուտարարներ, ճամփորդներ, դիվանագետներ, գիտնականներ, արվեստագետներ են, ինչպես օրինակ մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոն, ազգությամբ լեհ գիտնական Մարի Կյուրին, սակայն մեծ է ցանկը նաեւ այն անունների, որոնք հայ ընթերցողների լայն շրջանակներին դժվար թե ծանոթ լինեն։

«Շուրջ երկու տարի տեւական աշխատելով՝ մենք ինքներս էլ բացահայտեցինք նոր անուններ մեզ համար։ Զարմանալի էր հատկապես, երբ հայ կանանց էինք գտնում։ Չէ՞ որ մեզնում ոչ մի գիտնական կնոջ անուն հանրայնորեն չի շրջանառվում, ոչ մի հայ կնոջ արձան չկա, ոչ մի փողոց չկա, որ ականավոր հայ կնոջ անունով է անվանակոչված։ Մինչդեռ աշխարհում առաջին կին դեսպանը մի քաջ հայուհի էր՝ Դիանա Աբգարը, Իրանում քանդակագործության մայրը Լիլիթ Տերյանն էր, Մեքսիկայում աստղագիտության առաջընթացը մեծապես կապվում է Փարիզ Փիշմիշ-Սուքիասյանի անվան հետ եւ այլն, եւ այլն։ Մենք հասկացանք, թե որն է մեր հաջորդ գիրքը լինելու։ Հայ կանայք, որ փոխեցին աշխարհը։

Իսկ այս գրքում մենք ընտրել ենք 50 պատմություն, աշխարհի տարբեր կողմերում ապրող 50 կանանց, որ ձեռքները ծալած չեն նստում՝ սպասելով հերոսների, որ պիտի գան ու փոխեն իրենց կյանքը։ Նրանք իրենք են որոշում կայացնումԶոուի Կոպլովիցը շրջանցում է իր հաշմանդամությունն ու մասնակացում վազքի մարաթոնի, Ջեյն Գուդոլը գնում է Աֆրիկա ու կապիկներին ուսումնասիրում, քանդակագործ Լիլիթ Տերյանն Իրանում իրենց տունը դարձնում է արվեստանոց ու ուսանողներին շարունակում դասավանդել, Վանգարի Մաթաիի շնորհիվ շուրջ 51 միլիոն ծառ է տնկվում, Մարի Թարփն ուսումնասիրում է օվկիանոսը»,- նշում են գրքի հեղինակները «Կարճ ասած» նախաբան-տեքստում։

Իսկապես դժվար է պատկերացնել, որ 1920 թվականին Ճապոնիայիում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը գրող, գործարար, դիվանագետ ազգությամբ հայ Դիանա Աբգարն էր (Անահիտ Աղաբեկյանը), ում ջանքերի շնորհիվ Ճապոնիան 1918 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ավելի ահավանական է թվում փաստը, որ համաշխարհային պատմության մեջ Դիանան առաջին կին դեսպանն էր։

Այսպիսի հետաքրքիր փաստավավերագրական, տեղ-տեղ միջադեպային հատվածներով, իսկ որոշ էսսեներում նաեւ երկխոսությունների մեջբերմամբ գրքի հեղինակները փորձել են փոխանցել «աշխարհը փոխած» հիսուն կանանց ընդհանրական, համառոտ պատմությունները, ովքեր իրենց գործունեության եւ անցած ճանապարհով վառ օրինակ կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր քարտեզագրում են ապագա երազանքների ու նպատակների իրականացման ուղին։

Ազգությամբ հայ, Հնդկաստանում ծնված եւ Ճապիոնիայում հաստվատված գրող, լրագրող, դիվանագետ եւ գործարար Դիանա Աբգարի մասին պատմող էսսեն ներկայացնում ենք ամբողջությամբ։ Գրքում տեղ գտած մյուս բոլոր էսսեները ծավալային առումով գրեթե նույնն են, հեշտ ընթեռնելի եւ ներկայացված պատկերազարդումների համադրությամբ։ 

*** 

Դիանա Աբգար

1859-1937թթ

1859 թՀնդկաստանում աշնան կեսերին հայ մեծահարուստ վաճառական Հովհաննես Աղաբեկի ընտանիքում ծնվեց յոթերորդ երեխան՝ Անահիտը։

Աղաբեկի ընտանիքը Հնդկաստան էր տեղափոխվել Սպահանի մերձակայքում գտնվող Նոր Ջուղայից, ուր հայերին տեղափոխել էր Պարսից շահ Աբաս Առաջինը՝ փրկելով նրանց թուրքերից։

Հնդկաստանը հայտնի էր առեւտրի համար գրավիչ հնարավորություններով, եւ ընտանիքը որոշել էր տեղափոխվել Կալակաթա։ Կալկաթան արտասավոր քաղաք էր, ուր կային շատ հայ արհեստավորներ ու վաճառականներ։ Հայերն այստեղ զարմացնում էին քարի վրա փորագրելու իրենց հմտությամբ, գորգագործությամբ, թանկարժեք քարերի մշակմամբ, ոսկերչական արվեստով ու դրամահատումով։

Աղաբեկյաններն ընտանիքում խոսում էին հայերեն։ Կանանց մենաստանում ուսանելու տարիներին Անահիտը սովորում է նաեւ անգլերեն ու սանսկրիտ։ Ի դեպ, նրա դասընկերը հնդիկ մեծ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորն էր։

Ուսումն ավարտելուց հետո ամուսնանում է ունեւոր առեւտրական Միքայել Աբգարի հետ։ Միքայելն Անահիտին խենթի պես էր սիրում եւ Դիանա էր անվանում։ Ահա այդպես էլ Անահիտը դառնում է Դիանա Աբգար։

Հարսանեկան ճամփորդությունը հետաքրքիր էր։ Ամուսինները շրջագայում էին Հոնկոնգում, Չինաստանում ու Ճապոնիայում։ Որոշում են բնակություն հաստատել ծագող արեւի երկրում՝ հին Կոբե քաղաքում։ Հենց այդտեղ էլ տարբեր ապրանքների արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող առեւտրային ընկերություն են հիմնում, կառուցում իրենց հյուրանոցը, որ կոչվում էր «Մեծ արեւելյան հյուրանոց»։

Աշխատանքի բերումով հայտվնում են Ինդոնեզիայում, ուր Դիանա Աբգարը տեղի թերթում հոդվածների շարք է հրապարակում Ինդոնեզիայի քաղաքների բնապահպանական վիճակի մասին։ Հոդվածները նրան ճանաչում են բերում։ Դիանան սկսում է վեպեր ու պատմվածքներ գրել։ Առաջին իսկ տպագրված պատմվածքը մեծ հաջողություն է ունենում, եւ Դիանա Աբգարը դառնում է Ճապոնիայի ամենապահանջված անգլալեզու հեղինակը։

Նրան հոդվածներ են պատվիրում «Թայմսն» ու «Ֆիագարոն»։

Ամուսնու վաղաժամ մահվանից հետո ընկերության ամբողջ պատասխանատվությունը Դիանան իր ձեռքն է վերցնում։ Նրան առաջարկում են աշխատակցել Ճապոնիայի ԱԳՆ-ի արձանագրությունների բաժնում։ Շատ արագ Դիանան դառնում է դիվանագետների շրջանում ամենավառ եւ նկատելի դեմքերից մեկը։

1909 թԱդանայում հայերի դեմ նոր բռնություն է գործադրվում։ Դիանան իսկույն արձագանքում է հոդվածներով, ճապոնական եւ արտասահմանյան մամուլում իր վեպերով։ Այդ ժամանակ նամակագրություն է վարում հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչների հետ, որոնց թվում էր նաեւ Նյու Ջերսիի նահանգապետ Վուդրո Վիլսոնը։

Թերթերում գրում էին, որ Դիանա Աբգարի ընկերությունը վերածվել է դիվանագիտական առաքելության գրասենյակի հայ փախստականների համար, իսկ տունը՝ ժամանակավոր կացարանի։ Դիանայի շնորհիվ հարյուրավոր ընտանիքներ են փրկվում։ Նրա երաշխավորումով Ճապոնիայի իշխանություններն ու եվրոպական երկրների հյուպատոսները հայ փախստականներին անցագրեր էին տալիս, իսկ շոգենավային ընկերությունները տոմսերը տրամադրում մեծ զեղչերով։

1918թՀայասանի Առաջին Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչեց Ճապոնիան, ինչը մեծապես Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ էր։

1920թհուլիսին՝ Սեւրի պայմանագրի ստորագրման նախօրեին, ՀՀ վարչապետ եւ արտգործնախարար Համազասպ Օհանջանյանը Դիանա Աբգարին դիվանագիտական ներկայացուցիչ եւ Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակեց Հեռավոր Արեւելքում, իսկ Ճապոնիայում՝ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիանա Աբգարն աշխարհի առաջին կին դեսպանն էր։ University Press of America-ն գրել էր «Դիանա Աբգարի շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին պետություններից մեկը, ով կանանց ձայնի իրավունք է շնորհել»։ 

*** 

Հետգրություն։ Գիրքը լույս է տեսել Հայաստանում կանանց հիմնադրամի եւ Գերմանիայում Ֆիլիա կանանց հիմնադրամի աջակցությամբ (ներկայացնող՝ «Տեքստ հարթակ» մշակութային կրթատեղեկատվական հասարակական կազմակերպություն)։

Տպագրվել է «Մագաղաթ պլյուս» հրատարակչության կողմից։ Խմբագիրը Հասմիկ Հակոբյանն է, սրբագրիչը՝ Գոհար Գասոյանը, համակարգչային էջադրումը՝ Նառա Վարդանյանի։

Նկարազարդումները՝ Լուիզա Գալստյանի, Էդիտա Մուրադյանի, Էռնա Արզումանյանի, Աննա Տայուրսկայայի, Գրետա Մանուկյանի եւ Լուսինե Պետրոսյանի։

Հրատարակության է պատրաստվում «Հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» եւ «Հաշմանդամություն ունեցող կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքերը։

Գլխավոր լուսանկարում ներկայացված է գրքի շապիկի (ձախից աջ) եւ պատկերազարդումների կոլաժը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter