HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը ԶՊՄԿ-ում 2 տարում 2 վթար է արձանագրել. մեկով քրգործ է հարուցված

2018-2019 թթ. բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կառույցներում վթարի ընդամենը երկու դեպք է արձանագրել: Երկուսն էլ՝ այս տարվա ընթացքում:

Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե 2018-2019 թթ. տեսչական մարմնի կողմից ԶՊՄԿ-ի վթարների քանի դեպք է արձանագրվել, եւ քանի անգամ է կատարվել նմուշառում: Հարցրել էինք նաեւ, թե արձանագրված վթարներից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել տեսչական մարմնի կողմից, քանի անգամ է տուգանք կիրառվել:

Տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Վրեժ Գալոյանը հայտնել է, որ այս տարվա հուլիսի 7-ին ԶՊՄԿ-ին պատկանող պոչատարի առաջին դյուկերի խողովակաշարի հանգույցում տեղի ունեցած վթարից հետո տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ: Դրա շրջանակներում Գեղի գետից իրականացվել են ջրի նմուշառում եւ ուղարկել անալիտիկ հետազոտության: Արձանագրվել է 5,014 տոննա կախյալ նյութերի արտահոսք: ԶՊՄԿ-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջ՝ 79 հազար դրամ:

2018-2019 թթ. ԶՊՄԿ-ի երկրորդ վթարի դեպքն արձանագրվել է այս տարվա հոկտեմբերի 17-ին, երբ վնասվել է կոմբինատի պոչատարի երկրորդ դյուկերի խողովակը: Վ. Գալոյանը տեղեկացրել է, որ տեսչական մարմինը ստուգում է իրականացրել, կատարվել է ջրի նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր հետազոտության: Դրա արդյունքում, ըստ տեսչական մարմնի աշխատակցի, կատարվել է գնահատում՝ պարզելու ԶՊՄԿ-ի տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա: Գնահատման հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզային դատախազություն: Սա նշանակում է, որ հոկտեմբերյան վթարի եւ դրա հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի գործը ոչ թե վարչական, այլ քրեական տիրույթում է, եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահները:  

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին տեղի ունեցած վթարի հետեւանքով ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող պոչերը թափվել էին Գիրաթաղ գետակը, որտեղից էլ՝ Ողջի գետ:  

Հոկտեմբերի 31-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ ԶՊՄԿ-ի խողովակաշարի վնասման եւ թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի եւ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նշված քրգործն այժմ գտնվում է նախաքննության փուլում, դրա շրջանակներում նշանակված փորձաքննությունները դեռեւս ընթացքի մեջ են: Այս մասին մեզ տեղեկացրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Քաջարան քաղաքը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter