
Ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն արգելել է իր ավիաընկերություններին Իրաքի և Իրանի վրայով թռիչքներ իրականացնել
The Guardian-ի հաղորդմամբ՝ Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո ԱՄՆ-ն արգելել է իր ավիաընկերություններին Իրաքի և Իրանի վրայով թռիչքներ իրականացնել:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել է, որ արգելելու է ԱՄՆ փոխադրողներին թռիչքներ իրականացնել Իրանի և Իրաքի օդային տարածքում, Օմանի ծոցում և Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ընկած ջրային տարածքներում այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային գրոհ իրականացրեց Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերի վրա։
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է նաև, որ օդային տարածքի արգելքը եղել է «ռազմական գործողությունների ուժեղացման և Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության աճի պատճառով, որոնք անխուսափելի ռիսկ են ներկայացնում ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի գործողությունների համար»։
FlightRadar24-ի տվյալներով՝ արգելքի ժամանակ մի քանի ոչ ամերիկյան ընկերություններ նախատեսված թռիչքներ ունեն Իրանի և Իրաքի օդային տարածքով։ Դրանք ուղղակիորեն չեն ազդում FAA-ի արգելքի վրա, բայց արտասահմանյան փոխադրողները, որպես կանոն, հաշվի են առնում ԱՄՆ խորհուրդները՝ թռիչքների ուղղությունների որոշման հարցում:
Վերջին ուղղորդումից առաջ FAA-ն արդեն արգելել էր ԱՄՆ փոխադրողներին Իրաքի տարածքում 26 000 մետրից ցածր թռչել, ինչպես նաև թռչել Իրանի օդային տարածքում՝ Պարսից ծոցից և Օմանի ծոցից վեր, 2019-ի հունիսից հետո, երբ Իրանը խոցեց ամերիկյան անօդաչու թռչող սարքը։
Ըստ՝ «Դոյչե Վելե»-ի ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը հավանական սպառնալիք է ներկայացնում ամերիկյան քաղաքացիական ավիացիայի համար: Արգելքի տևողության մասին տեղեկություն չի հաղորդվում:
Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել «Այն ալ-Ասադ»-ի ավիաբազայի և Էրբիլի ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը: Թեհրանը պնդում է, որ հարձակման արդյունքում «Այն ալ-Ասադ»-ի բազան ամբողջովին ավերվել է: Պենտագոնը դեռևս չի գնահատել հասցված վնասը:
Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ հունվարի 3-ին ամերիկյան օդուժը Բաղդադի օդանավակայանում հարվածներ հասցրեց, ինչի հետևանքով զոհվեց իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սուլեյմանին (Qasem Soleimani):
Գայանե Հովսեփյան
Մեկնաբանել