
Թեհրանում հայտնել են ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը
«Դոյչե Վելե»-ի հաղորդմամբ Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր Կիև: Զոհերի մեծ մասը Իրանի քաղաքացի է: Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների՝ զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:
Հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռ Boeing 737-ը վթարի է ենթարկվել շարժիչի հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իմամ Խոմեինիի (Imam Khomeini) անվան Թեհրանի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչին և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը:
Իր հերթին Իրանի արտակարգ իրավիճակների վարչության պետը РИА Новости-ին հայտնել է, որ վթարի պատճառը տեխնիկական է եղել, և «այլ պատճառ չկա»: Նա հավելել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների մեծ մասը Իրանի քաղաքացի է եղել: Վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերից մեկն արդեն գտնվել և ուղարկվել է փորձաքննության:
Իրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ
Ուկրաինական Boeing 737-800-ը, որը Թեհրանից ուղևորվում էր Կիև, կործանվել է Իրանի մայրաքաղաքից մեկնելուց րոպեներ հետո: Թռիչքից երկու րոպե անց օդանավի հետ կապն ընդհատվել է:
Թռիչքի համար տոմս գնել է 168 մարդ: Զոհվել են անձնակազմի բոլոր ինը անդամները, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ էին: Ինչպես ասվում է Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի (Вадим Пристайко) Twitter- ի հաղորդագրությունում, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 167 ուղևոր, որոնց թվում՝ 2 ուկրաինացի:
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը (Алексей Гончарук) հայտարարել է օպերատիվ ճգնաժամային խմբի ստեղծման մասին՝ վթարի պատճառները պարզելու համար։
«Սարսափելի ողբերգություն Թեհրանում. առավոտյան վթարի ենթարկվեց Ուկրաինայի միջազգային ավիաընկերության ինքնաթիռը: Ողբերգության պատճառները պարզելու ուղղությամբ աշխատանքներն արդեն կազմակերպված են: Ստեղծվել է օպերատիվ ճգնաժամային խումբ»,- հունվարի 8-ի առավոտյան Գոնչարուկը գրել է Telegram-ի իր ալիքում։
Գայանե Հովսեփյան
Մեկնաբանել