HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանո՞վ են Պաշտպանության և ԿԳՄՍ նախարարությունները թերացել ծախսերում  

Մաս 1, մաս 2 , մաս 3  

2019 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանի պետական գերատեսչությունների շարքում ընթացիկ և կապիտալ ծախսերում առավելապես թերացել են չորս նախարարություններ՝ Պաշտպանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի։

Ավելի վաղ մեր հոդվածաշարում անդրադարձել ենք բյուջեի թերակատարմանն ու դրա ռիսկերին։ Նախորդ հոդվածում ներկայացրել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), ինչպես նաև՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարողականները։

ԿԳՄՍ նախարարությունը թերացել է ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերում

 « Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատվությամբ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում իրականացվել է 24 ծրագիր, որոնց շրջանակներում պետական բյուջեից օգտագործվել է ավելի քան 103.4 մլրդ դրամ։ Դա կազմում է բյուջեով ինն ամիսների համար նախատեսված ծրագրային ցուցանիշի 88.6 %-ը: Այլ խոսքով՝ նախարարության պատասխանատվությամբ չի ծախսվել բյուջեով նախատեսված գումարի 13.3 մլրդ դրամը կամ ծախսերը թերակատարվել են 11.4 %-ով։

Շեղումը հիմնականում պայմանավորված է չորս-հինգ ծրագրի ցածր կատարողականներով։ Դրանք են Կրթության որակի ապահովման ծրագիրը, Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիրը, Հանրակրթության ծրագիրն ու  Արվեստների ծրագիրը։

Այսպես, այս ժամանակահատվածում շուրջ 58.8 մլրդ դրամ է օգտագործվել Հանրակրթության ծրագրի շրջանակներում՝ ապահովելով 97 % կատարողական: Չի ծախսվել 1.8 մլրդ դրամի գումար։ Նախարարությունից պարզաբանել են, որ այս ծրագրի շրջանակներում տնտեսումներ են արել։ Օրինակ՝ հիմնական և միջնակարգ ընդհանուր հանրակրթության ծախսերի ոլորտում գումար է տնտեսվել՝ կապված աշակերտների փաստացի թվաքանակի հետ։

Այս ինն ամիսներին շուրջ 8.7 մլրդ դրամ է տրամադրվել Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին՝ ապահովելով 82.3 % կատարողական: Չի ծախսվել մոտ 1.9 մլրդ դրամ։ Խոսքը ընթացիկ ծախսերի մասին է։

Կրթության որակի ապահովման ծրագրի ծախսերը կազմել են ավելի քան 1.8 մլրդ դրամ` ապահովելով 36.4 % կատարողական: Չի ծախսվել 3.2 մլրդ դրամ։ Այստեղ թերակատարվել են ինչպես ընթացիկ ծախսերը, այնպես էլ կապիտալ ծախսերը։ Եթե ընթացիկ ծախսերը կարող են, իսկապես, տնտեսումների հետևանք լինել, ապա կապիտալ ծախսերի դեպքում, Ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալներից երևում է, որ նախատեսված շենքերի ու շինությունների կապիտալ վերանորոգման համար տրամադրվող գումարների մեծ մասը չի ծախսվել, հետևաբար ենթադրվում է, որ նախատեսված աշխատանքները չեն իրականացվել։ Իսկ ավելի պարզ ասած՝ կրթական հաստատությունները, որոնք պետք է վերանորոգվեին, չեն վերանորոգվել։ Այս կապակցությամբ Ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ նշված է. «Շեղումը հիմնականում առաջացել է ծրագրի ծախսերում մեծ տեսակարար կշիռ ունեցող Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցման և ավագ, միջնակարգ ու հիմնական դպրոցներում և կրթության ոլորտի կազմակերպություններում կապիտալ ներդրումների գծով ծախսերում»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարբեր հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու չեն կատարվել ծախսերը։ Դրանք հիմնականում «տեխնիկական» բնույթի են։ Օրինակ՝  նշվում է, որ կապիտալ ներդրումների գծով ծախսերի կատարողականը հիմնականում պայմանավորված է մրցութային գործընթացներով: Մասնավորապես՝ կահույքի ձեռքբերման նպատակով հայտարարված ազգային մրցակցային գնման մրցույթը չի կայացել, հայտարարվել է նոր մրցույթ, որը կամփոփվի չորրորդ եռամսյակում, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցակցային մրցույթի արդյունքները ամփոփվել են և ներկայացվել են Համաշխարհային բանկի հաստատմանը, իսկ համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով ՀՀ հանրակրթական հաստատությունների շրջանում իրականացվող կարիքների գնահատման և ամփոփման տևողության հետ կապված՝ հետաձգվել է սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Բացի այդ, մեկ ավագ դպրոցի հիմնանորոգման համար հայտարարվել է մրցույթ, որը կամփոփվի չորրորդ եռամսյակում:

Եվ մյուս ծրագիրը, որի գծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առանձնապես խոշոր չափի թերացումներ ունի ծախսերում, Արվեստների ծրագիրն է։ Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 5.6 մլրդ դրամ է տրամադրվել Արվեստների ծրագրին` ապահովելով 80.1 % կատարողական: Չի ծախսվել մոտ 1.4 մլրդ դրամ։ Այստեղ էլ հիմնականում կազմակերպչական բնույթի պատճառաբանություններ են ներկայացված։ Օրինակ՝ նշվում է, որ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար նախատեսված 34.7 մլն դրամի ներդրումները չեն կատարվել՝ պայմանավորված գնման գործընթացն ավարտված չլինելու հանգամանքով:

Մնացած ծրագրերի մասով ևս թերացումներ կան։ Մասնավորապես, կապիտալ ծախսերի մասով նախարարությունը էական թերացում է գրանցել Ապահով դպրոց ծրագրի շրջանակներում։ Նախատեսված է եղել այս ծրագրի շրջանակներում իրականացնել 1.3 մլրդ դրամի կապիտալ ծախս, սակայն ծախսվել է ընդամենը 421.5 մլն դրամ։

Պաշտպանության նախարարությունը չի ծախսել վարկային միջոցների մի մասը և ոչ միայն 

  ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում կատարվել է պետական բյուջեի 7 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են շուրջ 160.7 մլրդ դրամ կամ նախատեսածի 69.5 %‑ը: Չի ծախսվել նախատեսված միջոցներից 70.4 մլրդ դրամ։

Շեղումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի կատարողականով։ Բյուջեով նախատեսված է եղել ինն ամսում այս ծրագրի շրջանակներում ծախսել 225.9 մլրդ դրամ, սակայն փաստացի ծախսվել է 157.6 մլրդ դրամը, այսինքն՝ նախատեսված միջոցների 69.8 %-ը։

Ընդհանուր առմամբ, այս ծրագրի շրջանակներում պետք է մոտ 80 մլրդ դրամի կապիտալ ծախս կատարվեր, սակայն կատարվել է միայն 35.2 մլրդ դրամը։   Մասնավորապես, ՌԴ-ի տրամադրած պետական արտահանման երկրորդ վարկի հաշվին ռուսական արտադրության անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով ապահովման համար նախատեսված 25.7 մլրդ դրամը չի օգտագործվել:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ  ծախսերի թերակատարումը պայմանավորված է նրանով, որ գնումների գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերին համապատասխան մատակարարումները նախատեսվել է կատարել չորրորդ եռամսյակում։  Պատասխանից կարելի է ենթադրել, որ նշված չկատարված ծախսերը պետք է կատարված լինեն չորրորդ եռամսյակում, որի տվյալները Ֆինանսների նախարարությունը դեռևս չի ներկայացրել։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի տրամադրած պետական արտահանման երկրորդ վարկի հաշվին ռուսական արտադրության տեխնիկայով ապահովման համար 25.7 մլրդ դրամի միջոցների չօգտագործմանը, ապա՝ ըստ նախարարության այն պայմանավորված է պետությունների կողմից ներգերատեսչական համաձայնեցման և պայմանագրերի ուժի մեջ մտնելու գործընթացների ժամանակատարությամբ։

Դատելով նշված չորս նախարարությունների պատասխաններից՝ նրանց ծախսերի մի մասը, որը չի կատարվել առաջին ինն ամիսներին, նախատեսվել է կատարել չորրորդ եռամսյակում։ Ֆինանսների նախարարությունը առաջիկայում կհրապարակի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը, որից էլ պարզ կդառնա, թե որքանով են ծախսերը կատարվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter