HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեհրանում հույսեր ունեն, որ Թրամփը կպարտվի դեմոկրատների թեկնածուին, եւ նոր նախագահը Իրանի նկատմամբ կվարի պակաս թշնամական քաղաքականություն»

Հարցազրույց իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ

-Իրանական կողմը խոստովանել է, որ ուկրաինական օդանավը սխալմամբ խոցվել է իրենց զինվորականների կողմից: 176 մարդու մահվան պատճառ դարձած այս միջադեպը արդյոք ազդեց այն բանի վրա, որ գեներալ Սոլեյմանիի մահվան համար վրեժխնդիր գործողություններն Իրանի կողմից շարունակություն չունեցան:

-Չեմ կարծում, թե խոցված ուկրաինական ինքնաթիռի միջադեպը պատճառ դարձավ, որ իրանական կողմը ավելի խիստ ձեւով չպատասխանեց Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Իրականում ԱՄՆ-ի վարած պատժամիջոցային եւ մեկուսացման քաղաքականության հետեւանքով Իրանը գտնվում է չափազանց ծանր վիճակում, երկիրը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, եւ Թեհրանին ձեռնտու չէր լարված իրավիճակի հետագա սրումը: Այդ իսկ պատճառով Իրանն ընդունեց ԱՄՆ-ին նվազագույն հարված հասցնելու եւ սեփական դեմքը փրկելու մարտավարությունը: Նույնիսկ ամերիկյան որոշ փորձագիտական շրջանակներ եւ Պենտագոնին մոտ կանգնած աղբյուրներ կարծիք հայտնեցին, որ իրանական կողմը նախապես տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ իրենք հարվածելու են ամերիկյան ռազմաբազաներին, որպեսզի ամերիկացի զինվորները հանվեն ռազմաբազաներից եւ խուսափեն մարդկային կորուստներից:

-Պարոն Վարդանյան, իրանցի զինվորականների աղետալի սխալն ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-միջազգային հանրություն հարաբերություններում:

-Իհարկե, որոշակի լարվածություն կա Իրան-Ուկրաինա, Իրան-Կանադա հարաբերություններում, բայց սխալմամբ քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու դեպքեր միջազգային պրակտիկայում նախկինում էլ են եղել, սա առաջին դեպքը չէ: Նման պայմաններում պետությունները ներողություն են խնդրում քաղաքացիական ինքնաթիռը խոցելու համար եւ փոխհատուցում վճարում զոհվածների հարազատներին: Բարեբախտաբար, Իրանը գնաց այդ ճանապարհով, ընդունեց իր սխալը եւ, կարծում եմ, կհամաձայնվի արդարացի փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, եւ հարցը կփակվի:

-Տպավորություն է, որ մեր հարեւան երկիրը մի տեսակ անկյունում է հայտնվել: Ըստ Ձեզ՝ առաջիկայում ի՞նչ քայլերի կարող է գնալ Իրանը՝ սասանված հեղինակությունը միջազգային հանրության առաջ վերականգնելու համար:

-Այն բանից հետո, երբ 2018 թ. մայիսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի նկատմամբ աննախադեպ, պատմությունը մինչ այժմ չտեսած պատժամիջոցների սահմանման մասին, Թեհրանի դեմ ձեւավորեց հակաիրանական կոալիցիա, որի առանցքային երկրներն են ԱՄՆ-ը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Եվրոպական երկրները թեեւ այս հակամարտության մեջ դիրքավորվել են որպես չեզոք կողմ, որոշ հարցերում ավելի շատ ԱՄՆ-ին են պաշտպանում, քան Իրանին: Օրինակ՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները քննադատեցին Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը: Այնպես որ Իրանի համար ամենալավ ճանապարհը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումն է, բայց դա շատ դժվար կլինի անել:

-Ուկրաինական օդանավի խոցումից հետո երեկ Թեհրանի փողոցներում կառավարության դեմ բողոքի ցույցեր են սկսվել: Ցուցարարները պահանջում են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Հանրային դժգոհությունն իշխանություններից իսկապե՞ս այդքան մեծ է հարեւան երկրում, թե՞ գործ ունենք արտաքին միջամտության հետ:

-Հանրային դժգոհությունները վաղուց գոյություն ունեն Իրանում եւ, բնականաբար, ժամանակ առ ժամանակ այդ բողոքի տրամադրությունները պայթում են: Իրանական հասարակության ներսում առկա դժգոհությունները կապված են այդ երկրում մարդու իրավունքների պարբերական բնույթ կրող կոպիտ խախտումների, երկրում գործող ծայրահեղ իսլամական բարքերի, ծանր սոցիալական վիճակի, գործազրկության մակարդակի բարձրացման, գնաճի եւ այլնի հետ: Վերջերս Իրանի նախագահ Հասան Ռոուհանին արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանն այս մեկուկես տարվա ընթացքում ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով կրել է մոտ 200 մլրդ դոլարի վնաս: Բնականաբար, դա չէր կարող չազդել Իրանի քաղաքացիների կենսամակարդակի վրա, եւ պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ բողոքի մեծ ցույցեր են տեղի ունենում:

-Իրանցի իրավապահները երեկ ձերբակալել էին Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին, որը, ինչպես հայտարարեց տեղական մամուլը, մասնակցել է ցույցերին, կազմակերպել դրանք, չնայած ինքը՝ դեսպանը, նշել է, որ միայն հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին: Փաստորեն, աղմկահարույց իրադարձություններն Իրանում շարունակվում են: Ըստ Ձեզ՝ իրանական կաթսան դեռ շա՞տ կեռա, թե՞ իշխանություններն առաջիկայում կկարողանան վերահսկողության տակ վերցնել ամեն ինչ:

-Կարծում եմ՝ ապագայում այդ դժգոհություններն ավելի կշատանան, քանի որ ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով իրանական տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Իհարկե, տարիներ շարունակ իշխանություններին հաջողվել է ուժեղ ռեպրեսիվ ապարատի օգնությամբ ճնշել այդ բողոքի ցույցերը, բայց եթե չգնան արմատական փոփոխությունների եւ իշխանության տրանսֆորմացիայի, ապա, կարծում եմ, շատ լուրջ խնդիրներ են ունենալու հենց երկրի ներսում՝ ընդհուպ մինչեւ հնարավոր է վարչակարգի փոփոխություն:

Ստեղծված պայմաններում Իրանը կա՛մ պետք է փորձի հարաբերությունները բարելավել ԱՄՆ-ի հետ, որպեսզի փոքր-ինչ մեղմվի երկրի տնտեսական եւ իր քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը, կա՛մ էլ մեծ են ռիսկերը, որ նորանոր բողոքի ցույցեր կլինեն ամբողջ երկրով մեկ՝ դրանից բխող հետեւանքներով: Թեհրանում հույսեր ունեն, որ աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին Դոնալդ Թրամփը կպարտվի դեմոկրատների թեկնածուին, եւ Միացյալ Նահանգների նոր նախագահը Իրանի նկատմամբ կվարի ավելի բարեհաճ եւ պակաս թշնամական քաղաքականություն: Այդ իսկ պատճառով, կարծես թե, դեռեւս չեն շտապում գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter