HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման հարցով նիստին դատախազը չէր ներկայացել․ պաշտպանները ձգձգման միտում են տեսնում

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, այսօր նշանակված էր ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործով հերթական դատական նիստը, որին սակայն, գործով դատախազ Արայիկ Բրուտյանը չէր ներկայացել։

Վերջինս չէր ներկայացել նաև 2019-ի դեկտեմբերի 19-ին կայացած դատական նիստին՝ չնայած դրա օրն ու ժամը նախապես համաձայնեցվել էր Բրուտյանի և դատավարության մյուս մասնակիցների հետ։

Դատախազն այսօր դատարան գրություն էր ուղարկել՝ հայտնելով, որ այլ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին, բայց ցանկանում է դիրքորոշում արտահայտել դատապարտյալի ազատ արձակման հարցի վերաբերյալ՝ խնդրելով հետաձգել դատական նիստը։ Դատարանի աշխատակազմը կապ էր հաստատել Բրուտյանի հետ, և վերջինս հայտնել էր նաև, որ վատառողջ է։ Նման պայմաններում դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդը նշանակելով հունվարի 23-ին։

Աշոտ Մանուկյանի պաշտպանները դատախազության գործողություններում նիստերը ձգձգելու միտում են տեսնում։ Նրանցից Նարեկ Ալոյանը կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածն իրավունքի չարաշահում է, որ նիստը պետք է շարունակվի առանց դատախազի ներկայության։

Մանուկյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ դատական նիստի ընթացքում է ինքը խոսել նիստերը ձգձգելու միտման մասին։ Պողոսյանը նշեց, որ նմանատիպ խնդրի իրենք առնչվել են նաև առաջին ատյանի դատարանում Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննության ժամանակ։

Պողոսյանի խոսքով՝ դատախազությունը կարող էր նաև այլ դատախազի ներկայություն ապահովել նիստին, եթե Բրուտյանի ներկայությունն ապահովել չի ստացվում՝ միաժամանակ շեշտելով, որ առաջին ատյանի դատարանում, օրինակ, գործի քննությանը ոչ թե Բրուտյանը, այլ մեկ այլ դատախազ է մասնակցել։

Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստի մասին ծանուցել ինչպես դատախազ Բրուտյանին, այնպես էլ դատախազության համապատասխան վարչությանը՝ նիստին դատախազի մասնակցությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունը նրա ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն են տվել: Չնայած տարբերվող եզրակացություններին՝ այս երկու կառույցներն էլ Աշոտ Մանուկյանին բնութագրել են դրական: Նրան ներել են նաև տուժողների ծնողները, սակայն նման փաստերի առկայության պայմաններում առաջին ատյանի դատարանը գտել է, որ Աշոտ Մանուկյանը պետք է մնա անազատության մեջ։ Այս դատական ակտի դեմ նրա պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter