HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ուսումս փոխելու եմ ստացիոնարի, այցելելու եմ համալսարան, հետո՝ աշխատանքի»․ ցմահ դատապարտյալը դատարանին պատմեց, թե ինչպես կապրեր, եթե ազատ արձակվեր

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու որոշման դեմ բողոքի գործով նիստից առաջ թվում էր, թե Մանուկյանի մեծաթիվ մտերիմներն ու հարազատները չեն տեղավորվելու դահլիճում։ Դատական կարգադրիչները դրսում կանգած քաղաքացիներին մաս-մաս էին ներս թողնում, բայց նրանք գալիս ու միմյանց շատ մոտ էին նստում, որ մյուսների համար էլ տեղ մնա։ Նիստի մեկնարին բոլորը տեղավորվել էին դահլիճում։

Մանուկյանի հարազատներն ու մտերիմներն ակնկալում էին, որ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, նրան ազատ են արձակելու, ու նա Նոր տարին տանն է դիմավորելու, սակայն դատարանն անգամ խորհրդակցական սենյակ չհեռացավ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Մանուկյանը անազատության մեջ է շուրջ 24 տարի։ Դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար։ Քրեակատարողական ծառայությունը նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ բացասական, իսկ Պրոբացիոն ծառայությունը՝ դրական եզրակացություն է տվել՝ թեև երկու կառույցներն էլ Մանուկյանի վարքագիծը դրական են բնութագրում։ Նման պայմաններում առաջին ատյանի դատարանը որոշել է մերժել քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը՝ Մանուկյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ։

Դեկտեմբերի 19-ի դատական նիստին գործով դատախազը չէր ներկայացրել ու դատարան ուղարկված գրությամբ խնդրել էր հետաձգել այն, բայց դատավոր Մնացական Հարությունյանը նիստը շարունակեց՝ հաշվի առնելով, որ դատապարտյալ Մանուկյանը բերվել էր դատարան։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Մանուկյանի պատժի կրման կիսափակ ռեժիմը առաջին ատյանի դատարանի՝ նրան պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու որոշումից հետո փոխվել է կիսաբացի, ու նա տեղափոխվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ։

Նախորդ դատական նիստին Մանուկյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ տեղափոխման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով չի ցանկանում ներկայանալ դատական նիստերին, սակայն դատարանն անհրաժեշտ էր համարել նրա ներկայությունը, դատապարտյալին հարցեր ուներ։

Շուրջ 30 րոպե դատավոր Մնացական Հարությունյանը տարաբնույթ հարցեր էր տալիս Աշոտ Մանուկյանին, որոնք առաջին հայացքից, գուցե առնչություն չունեին պայմանական վաղաժամկետ ազատման հարցի հետ, սակայն այդ հարցերն, ամենայն հավանականությամբ, կողմնորոշիչ նշանակություն կունենան Մանուկյանի գործով որոշում կայացնելիս։ Դատապարտյալը պատմեց, թե ինչպե՞ս է հասել նրան, որ իր արարքի՝ երեք զինծառայողի սպանության համար տուժողների հարազատները ներեն իրեն, թե ինչպե՞ս որոշեց սովորել «հոգեբանություն» մասնագիտությունը, թե երբվանի՞ց է սկսել ստեղծագործել, ի՞նչ են փոխել իր մեջ անազատության մեջ գտնվելու տարիները։

«Վճիռը կարդալիս ինձ համար անհասկանալի է, թե ինձ ինչի համար են մերժում։ Տպավորություն է, որ իմ դեպքում «վրեժ և պատիժ սկզբունքն է գործում, այլ ոչ թե պատիժ և իրավունք»,- ասաց Աշոտ Մանուկյանը։ Վերջինս հիշեց, որ մի քանի անգամ շեշտվել է, թե իր մոտից հեռախոսներ են հայտնաբերվել։

«Ես, իհարկե գիտակցում են, որ դա կանոնակարգի խախտում է։ Բայց այն թվերին, բանտային այն պայմաններում․․․բանտում այնքան հեռախոս կար։ Ինձ էլ հնարավորություն էր տրվում դրանցով տուժող կողմի հետ խոսելու, նրանցից ներողություն խնդրելու։ Այո, հեռախոս պահել եմ ու արդյունքի համար դժգոհ չեմ․ ներել են ինձ։ Եթե դատարանը գտնում է, որ հեռախոս պահելը հիմք է՝ ենթադրելու, որ դուրս գալուց հետո ես հանցանք կգործեմ, թող մերժի բողոքս»,- ասաց Աշոտ Մանուկյանը։

Դատապարտյալն ի պատասխան դատավոր Հարությունյանի հարցին՝ ասաց, որ երկար տարիներ է, ինչ ստեղծագործում է, նշեց, որ այժմ հոգեբանության վերաբերյալ ձեռնարկի վրա է աշխատում պրոֆեսիոնալ մասնագետների հետ։

Դատավորը հարցրեց նաև, թե արդյոք Մանուկյանը չի՞ ցանկացել քրեակատարողական հիմնարկում աշխատել, ի պատասխան Մանուկյանը նշեց, որ օրենքով 7 տարի պատժաչափ ունեցող դատապարտյալներին չի թույլատրվում մասնակցել հիմնարկի աշխատանքներին, եթե հնարավորություն ունենար, չէր խուսափի աշխատանքից։

Մանուկյանը հավատում է, որ ազատության մեջ կինտեգրվի հասարակությանը, կարծում է, որ քրեակատարողական հիմնարկում անցկացրած 24 տարիները բավարարել  են՝ իր վարքագիծը գնահատելու համար։

«Աշո՛տ, պատկերացնո՞ւմ եք ապրելու մեխանիզմը ազատվելուց հետո»,- հարցրեց դատավորը։

«Այո»,- կարճ պատասխանեց Աշոտ Մանուկյանը, և դատավորը խնդրեց ներկայացնել, թե ինչպե՞ս է պատկերացնում։

«Ուսումս փոխելու եմ ստացիոնարի, այցելելու եմ համալսարան, կեսօրից հետո՝ աշխատանքի»,- ասաց Աշոտ Մանուկյանը՝ նշելով նաև, որ առնվազն աշխատանքի մեկ առաջարկ գրավոր ունի, մեկը՝ բանավոր, հետո շարունակելով՝ նշեց, որ ապրելու է, ինչպես բոլոր նորմալ մարդիկ։

Զինծառայողների ծնողները, որոնց սպանության համար Մանուկյանը դատապարտվել է, նրան ներել են։ Դատարանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Մանուկյանին հաջողվել հասնել նրանց ներմանը։ Մանուկյանը պատասխանեց, որ դա իրեն հաջողվել է երկար տարիների աշխատանքի արդյունքում։

«Ես ուզում էի նրանցից ներողություն խնդրել, հաշտվել նրանց հետ, որովհետև պատկերացնում էի, թե ինչ ցավ եմ պատճառել նրանց»,- ասաց Աշոտ Մանուկյանը։

Այսինքն՝ կարելի է հասկանալ, որ դա ձեզ էր պետք, այլ ոչ թե ձեր գործի՞ն»,- փորձեց հստակեցնել դատարանը, և Մանուկյանը դրական պատասխան տվեց։ Նա նաև հիշեցրեց, որ Արդարադատության նախարարությունը միայն վերջերս է խոսում այն մասին, որ ցմահ դատապարտյալների ազատման համար էական է տուժողների դիրքորոշումը, իսկ ինքը նրանց ներմանն արժանանալու համար աշխատում է հանցանք գործելուց ի վեր։

Հետո Մանուկյանը խոսեց մասնագիտության մասին, որ նոր է ստանում, ասաց, որ շատ է սիրում հոգեբանությունն ու իր դասախոսներին։

Դատարանը հետաքրքրվեց նաև, թե ե՞րբ է Մանուկյանը ստացել վերջին տույժը։

«2014 թվականի հոկտեմբերի 6-ին»,- պատասխանեց Աշոտ Մանուկյանը։ Խոսքը կրկին հեռախոս պահելու համար տույժի ենթարկվելու մասին է։ Հետո դատավորը հիշեցրեց Աշոտ Մանուկյանի՝ նիստի ընթացքում արած հայտարարությունն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակն այնպիսին է եղել, որ ներսում հեռախոսներ եղել են, ինքը ցանկացել է կապվել տուժողների հետ ու փորձել հայցել նրանց ներողամտությունը։ Մնացական Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ինչո՞ւ է դատապարտյալը 2014 թվականից հետո զսպել այդ ցանկությունները, ինչպե՞ս է ստացվել, որ մինչև 2014-ը «կարելի էր» հեռախոս ունենալ, իսկ դրանից հետո՝ ոչ։

«Հարցը կարելին ու չի կարելին չէ։ Շփվելու ցանկություն միշտ էլ կա»,- անկեղծացավ Աշոտ Մանուկյանը։

Դատավորը հետաքրքրվեց, թե ի՞նչն է փոխվել 1996 թվականին դատապարտված և այսօրվա Աշոտ Մանուկյանի մեջ, ի՞նչ է տվել իրեն պատժի կրման ընթացքը։ Մանուկյանը երկար փորձում էր բացատրել, թե ի՞նչն է փոխվել, հետո այսպես շարադրեց միտքը․

«17, 18, 19 տարեկան Աշոտ Մանուկյանն անպայման պիտի վիճեր, երբ իրեն ինչ-որ բան դուր չէր գալիս․ զիջող չէի, իսկ պատիժը հանդարտություն է բերել, հիմա անցնում եմ առաջ, չեն վիճում, նույնիսկ չեմ բանավիճում»։

Աշոտ Մանուկյանը նաև նշեց, որ եթե ինքը ուղղված դատապարտյալ չէ, այլ ուղղման ճանապարհին է գտնվում, ինչպես դատախազն է ասում, ուրեմն իրեն պետք է պահեին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ավելի լավ աշխատանք են կատարում՝ դատապարտյալներին ուղղելու համար։ Մանուկյանը նշեց, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում այն դատապարտյալներն են պահվում, ովքեր կարճ ժամանակ անց ազատ են արձակվում կամ արձակվելու։

Դատական նիստին մասնակցում էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանը: Վերջինս գործի քննությանը մասնակցել է նաև առաջին ատյանի դատարանում։ Գրիգորյանը պնդեց, որ Աշոտ Մանուկյանն ուղղվել է, և նրա կողմից հանցանք կատարելու հավանականությունը ցածր է։

Դատարանը ցանկանում էր հետաձգել դատական նիստը, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի նաև դատախազի մասնակցությունը, երբ Մանուկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առարկեց ու դատարանին խնդրեց վերանայել իր որոշումն ու ավարտված համարել գործի քննությունը։ Պողոսյանը նշեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատախազն արդեն իսկ արտահայտել է բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը, և Մանուկյանի գործով դատական նիստերը ձգձգելու միտում տեսավ։ Պողոսյանը նկատեց՝ այս գործով դատական նիստերին դատախազը կա՛մ արձակուրդ է մեկնում, կա՛մ այլ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ չի ներկայանում։

Դատարանը, սակայն, ոչ թե գործի քննության ավարտ հայտարարեց, այլ հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով 2020 թվականի հունվարի 13-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter