HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ցմահ դատապարտյալն ուզում է իմանալ, թե ինչո՞ւ է մերժվել իրեն վաղաժամկետ ազատելու միջնորդագիրը. նա նամակ էր ուղարկել դատարան

«Ո՛չ որևէ լրագրողական նյութ, ո՛չ որևէ փաստաբան ունակ չէ վերարտադրելու և հասարակությանը փոխանցելու այն ամենն, ինչ ես զգում եմ, ուստի փորձում եմ իմ ապրումներն ու գաղափարները արտահայտել իմ ստեծագործություններով»,- «Սևան» քրեակատարողական հիմնարկից դատարանին նման բովանդակությամբ գրություն էր ուղարկել ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը: Շուրջ 24 տարի առաջ երեք զինծառայողի սպանության համար դատապարտված Մանուկյանը գրել էր, որ երախտապարտ է սպանվածների ծնողներին` այդքան տարի անց իրեն ներելու համար: Դատապարտյալը դատարան էր ուղարկել նաև իր հեղինակած գրքույկները` հույս հայտնելով, որ դատավորը ժամանակ կգտնի դրանք ընթերցելու համար:

Մանուկյանը 20 տարի պատիժ է կրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա` տեղափոխվել «Արմավիր» ՔՀԿ: Օրեր առաջ նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը փոխվել է կիսաբացի, ու նա տեղափոխվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

Դատապարտյալն այս մասին ևս դատարանին գրությամբ տեղյակ էր պահել ու նշել, որ տեղափոխման հետ կապված տեխնիկական, ինչպես նաև այլ պատճառներով չի մասնակցի այսօրվա դատական նիստին:

«Սույն դիմումով ուզում եմ դատարանին խնդրել, որ վճռի կայացման հիմքում լինեն այն հիմնավորումները, թե ինչ պատճառով է մերժվում ինձ վաղաժամկետ ազատ արձակելը, և ո՞րն է այն չափանիշը կամ չկատարած գործողությունը, որը պարտավոր էի կատարել բայց չեմ կատարել, ուստի արժանի չեմ պետության կողմից մարդասիրական մոտեցման և վաղաժամկետ ազատ արձակման օրենքի կիրառման»,- գրել էր Աշոտ Մանուկյանը:

Շուրջ երեք ամիս առաջ` սեպտեմբերի 4-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, մերժել է Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդագիրը: Վերաքննիչ քրեական դատարանում այսօր որոշման դեմ բողոքի գործով դատական նիստն էր` դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Վերջինս նշեց, որ գործերի ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ ինքն ու դատապարտյալ Աշոտ Մանուկյանը սովորել են նույն միջնակարգ դպրոցում, սակայն դատապատյալին չի հիշում: Դատապարտյալի հետ նույն դպրոցում սովորելու հիմքով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց:

Նիստի ընթացքում բողոք ներկայացրին Աշոտ Մանուկյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Նարեկ Ալոյանը: Վերջինս նշեց, որ Աշոտ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդագիրը մերժելու որոշումն առաջին ատյանի դատարանը պատշաճ չի պատճառաբանել, այն անհիմն է:

Դատարանն, ըստ Նարեկ Ալոյանի, որոշման մեջ երեք հետևության է արել. Աշոտ Մանուկյանին պատժից պայմանական վաղաժամետ ազատ արձակելը չի կարող նպաստել հանրության անվտանգության և հանցավորության նվազեցմանն ուղղված գործընթացի իրականացմանը, դատարանին հավատ չի ներշնչում դատապարտյալի կողմից բերված փաստարկներն այն մասին, որ կանգնած է ուղղման ճանապարհին և պատժի կրման մնացած մասի կարիքը չունի, Աշոտ Մանուկյանին պատժի կրումից ազատումը չի ապահովի պատժի նպատակների իրականացումը:

Նարեկ Ալոյանի խոսքով՝ դատարանը, հետևության հանգելով, որ Աշոտ Մանուկյանին պատժից պայմանական վաղաժամետ ազատ արձակելը չի կարող նպաստել հանրության անվտանգության և հանցավորության նվազեցմանն ուղղված գործընթացի իրականացմանը, որևէ կերպ չի պատճառաբանել իր հետևությունն ու գնահատման չի արժանացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունն այն մասին, որ այնտեղ պատժի կրման 20 տարիների ընթացքում Աշոտ Մանուկյանի և ՔԿՀ-ում պատիժ կրող անձանց, ծառայողների միջև անգամ վիճաբանության դեպք չի գրանցվել:

Դատարանը, ըստ Նարեկ Ալոյանի, պիտի հիմնավորեր, որ նման պայմաններում բարձր է Աշոտ Մանուկյանի` նոր հանցանք կատարելու հավանականությունը և հիմնավոր պատճառ նշեր, թե ինչո՞ւ 20 տարիների ընթացքում նրա մասնակցությամբ անգամ որևէ վիճաբանություն չգրանցվելու հանգամանքը չի դիտարկվել որպես նոր հանցանք կատարելը բացառող կամ դրա ռիսկը նվազեցնող գործոն:

Դատարանն, ըստ պաշտպանի, պարտավոր էր հիմնավորել նաև, թե ինչո՞ւ դատապարտյալի փաստարկներն՝ իր՝ ուղղման ճանապարհին կանգնած լինելու վերաբերյալ, վստահության չեն ներշնչել ու նշել, թե ինչո՞ւ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու, տուժողների իրավահաջորդների հետ կապ պահպանելու, վիճաբանությունների մեջ չհայտնվելու և մի շարք այլ դրական հանգամանքներ չեն դիտարկվել որպես Աշոտ Մանուկյանի՝ ուղղման ճանապարհին կանգնած լինելու հանգամանք:

Ինչ վերաբերում է դատարանի այն եզրահանգմանը, թե Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ պատժից ազատումը չի նպաստի պատժի նպատակների իրականացմանը, Ալոյանը հիշեցրեց, որ պատժի նպատակը սոցիալական արդարության վերականգնումն է, անձի ուղղումն ու նոր հանցանքի կատարումը կանխելը:

Ալոյանը կարծիք հայտնեց, որ սոցիալական արդարությունը վերականգնված է, հիշեցրեց, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, և սպանված երեք անձանց ծնողները տվել են գրավոր համաձայնություն՝ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ:

«Ես հանդիպել եմ սպանվածների ծնողների հետ: Սպանվածներից երկուսը զույգ եղբայրներ են: Նրանց մայրը մի այսպիսի բան ասաց` իմ որդիները բանակից չվերադարձան, Աշոտ մայրն էլ որդի չստացավ բանակից: Ես ներում եմ, որպեսզի Աշոտի մոր երազանքն իրականանա, ու նա որդուն բանակից հետ ստանա»,- պատմեց Նարեկ Ալոյանը:

Ծնողների ներման պայմաններում, ըստ Նարեկ Ալոյանի, կա՛մ սոցիալական արդարությունը վերականգնված է, կա՛մ դատարանը պետք է ավելի ծանրակշիռ փաստարկներ ներկայացներ այն մասին, որ այդ արդարությունը վերականգնված չէ:

Մանուկյանի պաշտպան Միհրան Պողոսյանն, ով դատապարտյալի շահերը ներկայացրել է առաջին ատյանի դատարանում, նշեց, որ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք է ունեցել դեռևս 2015-ի դեկտեմբեր, ինչը չի արել: Պաշտպանը նշեց, որ Մանուկյանը պատժի կրման ընթացքում առհասարակ չարամիտ խախտման համար տույժ չի ունեցել, ներկայում համարվում է տույժ չունեցող անձ: Նշենք, որ օրենքով՝ դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո 6 ամսվա ընթացքում չի ենթարկվել նոր տույժի կամ տույժերը հանվել են: Աշոտ Մանուկյանը հինգ անգամ տույժի է ենթարկվել հեռախոս ունենալու համար, որը չարամիտ խախտում չի համարվում:

Միհրան Պողոսյանը մեջբերեց քրեակատարողական ծառայության զեկույցը՝ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատմանը բացասական եզրակացություն տալու վերաբերյալ: «Ցմահ դատապարտյալը դրական վարքագիծ է դրսևորել, և նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է»,- զեկույցում գրել է քրեակատարողական ծառայությունը:

Պաշտպանը հիշեցրեց, որ դատապարտյալին ազատ արձակելու համար նա պետք է դրական բնութագրվի և նոր հանցագործություն կատարելու ռիսկայնությունը գնահատվի ցածր, նշեց, որ և՛ Քրեակատարողական ծառայությունը, և՛ Պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանին դրական են բնութագրել, ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայության եզրակացությանը, թե նրա՝  նոր հանցանք գործելու հավանականությունը բարձր է, Պողոսյանը նշեց, որ առաջին ատյանում գործի քննության ընթացքում ինքը հարցրել է, թե օրենքով սահմանված ո՞ր չափանիշով է գնահատվել այս հանգամանքը, ինչին ի պատասխան քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, թե հաշվի է առնվել հանցանքի ծանրությունը, ընդունել, որ օրենքով սահմանված մյուս բոլոր կետերով Մանուկյանին բացասական բնութագրելու հիմքեր առկա չեն:

Պաշտպանը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ հանցանքի ծանրությունն ինքնին չի կարող դրվել պատժի կրումից ազատելու միջնորդությունը մերժելու հիմքում, հակառակ դեպքում կստացվի, որ որևէ դատապարտյալ, ով ծանր հանցագործություն կատարելու համար է դատապարտվել, հնարավորություն չի ունենա օգտվել այդ իրավունքից:

Անդրադառնալով հանգամանքին, որ տուժողների հարազատները ներել են Աշոտ Մանուկյանին, Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ նրանք նոտարական կարգով հայտարարություն են տվել այդ մասին, և Պրոբացիայի ծառայությունն, ամենայն հավանականությամբ, կասկած ունենալով, որ հայտարարություններն իսկապես նրանք են տվել, այցելել է հարազատներին ու հավաստիացել դրանում:

«Ես վերաքննիչ բողոք գրելիս հազիվ եմ ինձ զսպել, որ այլ որակումներ չտամ: Ի՞նչ է նշանակում դատարանին հավատ չի ներշնչում դատապարտյալի փաստարկներն ուղղման ճանապարհին կանգնած լինելու վերաբերյալ: Դատարանն Աշոտ Մանուկյանի հետ ի՞նչ գործողություններ է կատարել, որ հավատ չի ներշնչում»,- խոսելով առաջին ատյանի դատական ակտի մասին՝ ասաց Միհրան Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ դատարանում գործի քննության ընթացքում ակնհայտ է եղել, որ դատարանին հետաքրքիր չէին քննարկվող փաստական հանգամանքները: Դրա վկայությունն է այն, որ, պաշտպանի խոսքով, պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների հրապարակումից հետո դատարանը ցանկացել է արդեն հեռանալ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և իրենք՝ դատավարության կողմերն են դա կանխել՝ ասելով, որ  դեռ դատախազը պիտի ելույթ ունենա, պաշտպանները:

Պողոսյանը համեմատականներ է տարել նաև մոտ մեկ տարի առաջ պատժի կրումից ազատ արձակված ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանի և Աշոտ Մանուկյանի գործերի միջև, դատարանն այս գործին առհասարակ չի անդրադարձել և որևէ կերպ չի նշել, թե Օգանեսյանի և Մանուկյանի գործերն ինչո՞ւ համեմատելի չեն:

Ելույթ ունեցավ նաև գործով դատախազ Արայիկ Բրուտյանը: Վերջինս նշեց, որ դատապարտյալը կարող է ազատվել, եթե պատշաճ վարքագիծ է դրսևորել, և նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, ըստ որում անհրաժեշտ է այս երկու պայմանների միաժամանակյա առկայություն: Բրուտյանը նշեց, որ դատապարտյալը պատժի կրման սահմանված կարգի խախտման համար հինգ անգամ ենթարկվել է տույժի: Դատավոր Մնացական Հարությունյանը դիտարկեց, որ դրանք չեն եղել չարամիտ խախտումներ:

Դատախազը նշեց, որ Աշոտ Մանուկյանին փակ ռեժիմից կիսափակ, ապա կիսաբաց ռեժիմների տեղափոխելն արդեն իսկ հավաստումն է այն բանի, որ գնահատվում է նրա վարքագիծը:

«Դատապարտյալն, այո, կանգնած է ուղղման ճանապարհին, բայց ոչ այն աստիճան, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի»,- դատարանում հայտարարեց դատախազ Բրուտյանը:

Դատավորը հարցրեց, թե ի՞նչ վարքագիծ պետք է դրսևորեր դատապարտյալը, որ չի դրսևորել, ինչին ի պատասխան դատախազը նշեց, որ չափանիշները պետք է համակցության մեջ նշել, ինքն առանձին որևէ հանգամանք նշել չի կարող:

«Ի՞նչ եք դուք հասկացել դատարանի հետևությունից, թե դատապարտյալի փաստարկները հավատ չեն ներշնչում: Ի՞նչը հավատ չի ներշնչում` ինտոնացիան, աչքերը»,- հարցրեց դատավորը, և դատախազ Բրուտյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել դատարանի դատական ակտը:

Դատարանը հետաձգեց դատական նիստը: Այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին: Դատավորը կփորձի ապահովել նաև Աշոտ Մանուկյանի ներկայությունը:

Գլխավոր լուսանկարում` ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter