
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը ներկայացնում է 2020թ․-ի անելիքները
«Կենդանի նկար» ծրագիրը շարունակական է լինելու։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը և թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյանը խոսեցին թանգարանի՝ 2020 թվականի անելիքների, նոր տեխնոլոգիաների կիրառման և «Կենդանի նկար» ծրագրի մասին։
««Կենդանի նկար» նախաձեռնությունը հնարավորություն կտա թանգարանին ժամանակի պահանջներին համընթաց քայլել։ Ծրագիրը ավելի շատ կհետաքրքրի դպրոցական և ուսանողական այցելություններին, որովհետև այդ ծրագրով փորձել ենք ոչ միայն կերպարվեստի հանրահռչակ նմուշներ ներկայացնել, այլև նորագույն տեխնոլոգիաների միջամտության շնորհիվ թանգարանը դարձնել ավելի հետաքրքիր այցելուների համար»,- նշեց Արմինե Սարգսյանը։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ 2020-ի ընթացքում ծրագիրը կգործի միայն մեկ նկարի համար։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանի պատմության թանգարանում տեղի է ունեցել Վահան Խորենյանի «Երևանի շինարարներ» կտավի «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը։ Նկարը ներկայացված է անիմացիոն եղանակով, այսինքն այցելուն տեսնում է շարժական պատկեր։
Նոր տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տվել ապահովելու զբոսաշրջիկների թվի աճ։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ տոնական օրերին՝ հունվարի 2-5-ը, այցելուների թիվը հասել է 100-ի, որոնց հիմնական մասը զբոսաշրջիկներ էին։ Նախորդ տարի այցելությունների թիվը կազմել է 20,707։ 2018 թվականին Երևանի 2800-ամյակին այցելուների թիվը գերազանցել է 23,000-ը։
Թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյանը նշեց, որ թանգարանի կողմից 2018 թվականին հրատարակվել է «Երևանը հայ երգարվեստում», իսկ 2019-ին՝ «Երևանը բանաստեղծություններում» գրքերը, որոնցում զետեղվել են 18-րդ դարից մինչև օրս Երևանի մասին գրված բանաստեղծություններն ու երգերը։
«Թանգարանն ունի 5 կրթական ծրագիր նախադպրոցական և դպրոցական տարիքի այցելուների համար, իսկ 2020-ին կավելանա ևս մեկը՝ «Վերականգնենք հնագիտական առարկան», որի ընթացքում ընտրվելու են մի քանի հնագիտական առարկաներ և տպագրվելու են փազլի ձևով, իսկ այցելուները հավաքելու են դրանք»,- նշեց թանգարանի տնօրենը։
Թանգարանի՝ այլ երկրների թանգարանների հետ համագործակցության մասին խոսելիս՝ տնօրենը նշեց, որ վերջին անգամ այլ երկրում ցուցադրություն եղել է 2018 թվականին Բեյրութում։ Իսկ այս տարի պատրաստվում են համագործակցել Մոսկվայի պատմության թանգարանի հետ։
Մեկնաբանել