HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Մերձավոր Արեւելք է վերադառնում Ռուսական, Օսմանյան, Պարսկական կայսրությունների հետնորդների հակամարտությունը»

Հարցազրույց «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանի հետ

-Ուկրաինական օդանավի խոցումից հետո Թեհրանում հակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են: Մասնակիցները նույնիսկ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականն են պահանջում: Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել այս բողոքի ալիքը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Արեւմուտքի միջամտություն տեսնո՞ւմ եք այս ցույցերի կազմակերպման հետեւում:
 -Վերլուծելով ուկրաինական օդանավի խոցումից հետո Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը՝ պետք է հիշել որ 2019 թ. նույնպես տեղի էին ունեցել բողոքի մարդաշատ ցույցեր, որոնք ուղեկցվել էին զոհերով: Այլ կերպ ասած՝ իրանական հասարակության մեջ առկա է ցույցերի տրամադրությունը, եւ ուկրաինական օդանավի հետ կապված իրավիճակը «ձգան» ծառայեց նոր, ոչ այդքան շատ, բայց կարեւոր ցույցերի, քանի որ դրանցում միջազգային հանրության համար կարեւոր կարգախոսներ հնչեցին Իրանում քաղաքական համակարգը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ: Պետք է խոստովանել, որ սա լուրջ սիմպտոմ է, որն ամեն ինչից զատ պայմանավորված է սերնդափոխությամբ: Իսլամական հեղափոխությունից անցել է 40 տարի, արդեն մեծացել է երկրորդ սերունդը, որը փոփոխություններ է ուզում:

Իրանում իշխանությունը բավականաչափ ուժեղ է եւ, ամենայն հավանականությամբ, կկարողանա դիմակայել ցույցերին, բայց հրապարակային արտահայտված անվստահությունն ու կոռուպցիայի եւ ստի մեղադրանքները ուժեղ հարված են: Իրանի իշխանությունները պիտի դասեր քաղեն եւ մտածեն քաղաքական բարեփոխումների ու իշխանությունը փոփոխվող աշխարհին եւ տարածաշրջանին ադապտացնելու մասին: 1979-ի Իրանը եւ 2020-ի Իրանը երկու շատ տարբեր իրողություններ են: Երկիրը կատարել է տնտեսական, տեխնոլոգիական ցատկ եւ մի քանի դար տեւած թուլությունից ու միջազգային ասպարեզում որպես ինքնուրույն դերակատար փաստացի բացակայելուց հետո կարողացել է վերականգնել իր դերը Մերձավոր Արեւելքում իբրեւ տարածաշրջանային ուժի կենտրոն: Միաժամանակ արմատապես փոխվել է տարածաշրջանը, առհասարակ՝ աշխարհը, եւ իրանական իշխանությունները պիտի հարմարվեն նոր իրողություրններին կամ էլ ստիպված կլինեն հեռանալ: Այս եւ միայն այս իմաստով կարելի է զուգահեռներ անցկացնել ԽՍՀՄ-ի հետ, որը չկարողացավ հարմարվել փոփոխություններին ու փլուզվեց:

Հարցին, թե արդյոք արտաքին կենտրոններն ու երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, մասնակցում են ցույցերին, կարելի է ասել, որ նրանք պիտի աջակցեն ցույցերին: Դա բնական է, եթե հիշենք, որ երկու երկրները հակամարտության մեջ են ու պարտավոր են օգտագործել մյուս կողմի թուլությունն ու սխալները՝ սեփական նպատակներին հասնելու համար: Սակայն խոսել ԱՄՆ-ի կողմից ցույցեր կազմակերպելու մասին չափազանցություն կլինի: Ավելի շուտ ականատես ենք փորձի՝ Իրանում տեղի ունեցող գործընթացներն օգտագործել սեփական նպատակների համար:

Ի՞նչ հաջողություն կունենան ցույցերը: Կարծում եմ՝ իրանական իշխանությունները բողոքի ներկա ալիքի հարցը կլուծեն, բայց, կրկնեմ, մնում են դժգոհության խորքային պատճառներ, որոնք Իրանը ոչ միայն ու ոչ այնքան պետք է ճնշի, որքան արձագանքի, ինչը թույլ կտա իրանական պետականությանը ադապտացվել 21-րդ դարի եւ իրանական հասարակության իրողություններին:

-Ներկայում տարածաշրջանում, ըստ էության, անվտանգության փխրուն իրավիճակ է, որը ցանկացած պահի կարող է խաթարվել: Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների զարգացման ի՞նչ սցենար եք կանխատեսում:

-Անհրաժեշտ է հասկանալ, որ ԱՄՆ-ի ու Իրանի առճակատումը դասական գծային մոդելով չի ընթանում, որի դեպքում կա կոնֆլիկտի սկիզբ, դրան հաջորդում են էսկալացիան, սուր փուլն ու ռազմական բախումը, ինչից հետո կնքվում է համաձայնագիր, եւ խաղաղություն է հաստատվում: 21-րդ դարում հակամարտությունները հազվադեպ են զարգանում այս սցենարով: Ականատես ենք առճակատման զարգացման ոչ գծային մոդելով եւ պարույրաձեւ իրականության մեջ, երբ լարվածության մի շրջապտույտը հաջորդում է մյուսին: Ընդ որում՝ յուրաքանչյուր շրջապտույտ ունի իր ամպլիտուդն ու քայլը ժամանակի մեջ. մի շրջապտույտի ընթացքում տեսնում ենք տնտեսական պատժամիջոցներ, որոնք կիրառվում են տարիներով, մյուսում՝ անկանոն ռազմական գործողություններ եւ պրոքսի-պատերազմներ, երրորդում էլ հնարավոր են լայնամասշտաբ ռազմական գործողություններ կամ էլ լարվածության անկում եւ վերադարձ հակամարտության ավելի փափուկ տարբերակների:

Բայց, ամեն դեպքում, սա առճակատում է պատերազմի այս կամ այն տեսակի կիրառմամբ, ինչի նպատակը հակառակորդին հանձնվելն ու սեփական կամքը կատարել ստիպելն է: ԱՄՆ-ն նպատակ ունի հասնել Իրանում իշխանափոխության եւ տարածաշրջանային նկրտումներից հրաժարման: Եվ եթե առաջինը կարելի է պատկերացնել, դժվար է հասկանալ, թե ինչպես պետք է Իրանին ստիպել հրաժարվել Մերձավոր Արեւելքում իր բազմադարյա դերից:

Իրանն էլ նպատակ ունի ստիպել ԱՄՆ-ին հեռանալ Մերձավոր Արեւելքից, ու հակամարտության ներկա շրջապտույտը նրան մոտեցրել է այդ խնդրի լուծմանը: Սա ինչ-որ չափով համընկնում է ԱՄՆ-ի ռազմավարական խնդիրներին, քանի որ վերջինս ցանկանում է կենտրոնանալ Չինաստանի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ հարաբերությունների վրա: Մերձավոր Արեւելքում Իրանի հետ հերթական «անհույս» պատերազմի մեջ խրվելը վաղուց ԱՄՆ-ի շահերից չի բխում: Վերջինս անկախության է հասել Մերձավոր Արեւելքի ածխաջրածիններից ու կարող է իրենց թույլ տալ կենտրոնանալ Իսրայելի անվտանգության պաշտպանության վրա՝ առանց տարածաշրջանում անմիջական ռազմական ներկայության: Սակայն ԱՄՆ-ի հեռանալը կբերի տեկտոնական փոփոխությունների եւ բոլորովին այլ սցենարների, որոնք Հայաստանի կողմից վերամշակման կարիք կունենան:              

-Արդեն Իրան են այցելել Քաթարի էմիրն ու Սիրիայի վարչապետը: Ի՞նչ է սա նշանակում, մեր հարեւանն սկսել է աջակիցնե՞ր փնտրել տարածաշրջանում:

-Իրանը դաշնակիցներ ունի տարածաշրջանում, եւ մենք ականատես ենք դառնում խորհրդակցությունների, որոնց շրջանակներում այս երկիրը ճշգրտելու է իր հետագա քայլերը: Սա նորմալ պրակտիկա եւ դիվանագիտություն է ճգնաժամային պայմաններում: Իրանի ամենամոտ նպատակը ԱՄՆ-ին Իրաքից դուրս մղելն է, եւ մեր հարեւանը ձեռնարկում է քայլեր, որոնք թույլ կտան գնահատել տարածաշրջանի երկրների, առաջին հերթին՝ գործընկերների ու դաշնակիցների վերաբերմունքը իրադարձությունների նման զարգացմանը: Ընդ որում՝ շատ դիտորդների համար անսպասելիորեն կարող է ավելի մեծ լինել այն երկրների թիվը, որոնք պատրաստ կլինեն աջակցել Իրաքից ու տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալուն:      

-Ի տարբերություն ոչ հաճելի իրավիճակում հայտնված Իրանի՝ արտաքին ճակատում բավականին ակտիվ է Թուրքիան, որը, ի հեճուկս միջազգային հանրության հորդորների, զորք ուղարկեց Լիբիա, մինչ այդ էլ Թուրքիան մտել էր Սիրիա՝ համագործակցելով Ռուսաստանի հետ: Ընդ որում՝ «Թուրքական հոսք» գազատարի բացումով նոր թափ են ստացել ռուս-թուրքական տնտեսական կապերը: Իրանի մեկուսացումն ու Թուրքիայի ակտիվացումն ի՞նչ փոփոխություններ կարող է բերել տարածաշրջանում:

-Իրանն իսկապես հայտնվել է բարդ իրավիճակում եւ պետք է արձագանքի բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների: Սակայն դրանց մյուս կողմը հնարավորություններն են, եւ Իրանը կարող է ներկա իրավիճակը շրջել իր օգտին: Մերձավոր Արեւելքում Իրանի հնարավորությունները ես այդքան բացասական չէի գնահատի: Վերջին տասնամյակներում տարածաշրջանում իրավիճակը, շատ առումներով ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ, դասավորվել է Իրանի օգտին, որը ցույց է տվել ԱՄՆ-ի ռազմավարական վրիպակներն օգտագործելու եւ դրանք սեփական առավելության վերածելու իր կարողությունը: Չէի խոսի Մերձավոր Արեւելքում Իրանի ներկայության եւ հնարավորությունների նվազման մասին:

Նմանապես միանշանակ չէ Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքում թուրքական ազդեցության ապագան: Այո, Թուրքիան վերադառնում է կայսերական, նեոօսմանական գաղափարախոսությանն ու ռազմավարությանը, որոնց շրջանակներում նա մտադիր է կրկին ռազմական ներկայություն հաստատել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Դա օսմանյան քաղաքականության բնական, ավանդական վեկտորն է: Թուրքիան ստեղծում է ռազմաբազաներ, ռազմական ու տնտեսական աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանի երկրներին, սակայն կասկածելի է, որ նման քաղաքականությունը հաջողություն կունենա, քանի որ տարածաշրջանում կան նաեւ այլ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ ուժային կենտրոնների շահեր: Թուրքիան չի կարող վերադարձնել դոմինանտ դիրքը Մերձավոր Արեւելքում՝ անխուսափելիորեն հակասության մեջ մտնելով այլ ուժային կենտրոնների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: Ռուս-թուրքական հարաբերությունները դժվար է անամպ անվանելը ոչ միայն Լիբիայում, այլեւ Սիրիայի հյուսիսում գտնվող նույն Իդլիբ նահանգում, էլ չեմ ասում Կովկասի ու Ղրիմի մասին:

Առայժմ կարելի է արձանագրել, որ շատ առումներով ԱՄՆ-ի քաղաքականության շնորհիվ Մերձավոր Արեւելք է վերադառնում 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի երեք ավանդական՝ Ռուսական, Օսմանյան, Պարսկական կայսրությունների հետնորդների հակամարտությունը: Այս իրավիճակում տարածաշրջանի երկրների սահմանները դառնում են պայմանական ու կարող են վերանայվել: Դասական առճակատմանն ավելանում են 21-րդ դարի իրողություններն ու ածխաջրածնային ռեսուրսների եւ դրանց տեղափոխման ուղիների համար պայքարը: Հակամարտության նման ծավալը լավ տեսանելի է Լիբիայի համար պայքարի օրինակով, ինչպես նաեւ Միջերկրական ծովում վերջերս հայտնաբերված եւ Հունաստանի ու Իսրայելի տնտեսական գոտում գտնվող գազի ստրատեգիական պաշարների համար պայքարով:    

-Պարոն Արզումանյան, Թուրքիայի աշխուժությունը տարածաշրջանում արդյոք կարող է սահմանային գործողություններ սկսելու պարարտ հող ստեղծել Ադրբեջանի համար:

-Թուրքիայի հնարավորություններն ու պոտենցիալը բավարար չեն՝ Լիբիայից մինչեւ Կովկաս աշխարհագրական տարածքում ռազմական ակտիվություն դրսեւորելու համար: Բացի դրանից՝ Կովկասը մնում է Ռուսաստանի դոմինանտ շահերի տիրույթ, որոնց դերը Թուրքիայի համար կրիտիկական է: Քիչ հավանական է, որ Թուրքիան կհամարձակվի ռազմական գործողություններ ծավալել կամ դրանց դիմելու համար սադրել Ադրբեջանին: Սակայն Թուրքիայից բացի Հարավային Կովկասում կան այլ ուժային կենտրոններ եւս, որոնք կարող են Ադրբեջանին դրդել չմտածված քայլի, որը, ամենայն հավանականությամբ, աղետալի հետեւանքներ կունենա նրա համար: Որքա՞ն ադեկվատ է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, որքա՞ն ադեկվատ է գնահատում իրավիճակը Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում. սրանք բավականին բարդ եւ կարեւոր հարցեր են, որոնք պիտի քննարկի հայկական քաղաքականությունը, դիվանագիտությունը եւ հետախուզությունը:

Ամեն դեպքում, հայկական պետականությունը պետք է պատրաստ լինի դեպքերի անսպասելի զարգացման, այդ թվում՝ ռազմական գործողությունների՝ պաշտպանելու եւ իրացնելու հայ ազգային շահերը: Ընդ որում, կրկնեմ, անհրաժեշտ է գիտակցել, որ Մերձավոր Արեւելքում սահմանները շատ առումներով պայմանական են դարձել ու կարող են փոխվել ուժային կենտրոնների եւ ռեգիոնի երկրների գործողությունների հետեւանքով: Հայաստանը պետք է պատրաստ լինի նման սցենարների:    

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter