HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնագիտության ինստիտուտի տնօրեն. «Հանրապետության հրապարակի ներկայիս տեսքը շատ կարևոր պատմամշակութային արժեք է»

«Հանրապետության հրապարակի այն տեսքը, որ մենք ունենք հիմա շատ կարևոր պատմամշակութային արժեք է: Որևէ բան, որ մենք ուզում ենք հրապարակի տարածքում անել, պետք է անենք այնպես, որ Հանրապետության հրապարակը չտուժի, բացի այդ, հրապարակը կարևոր տրանսպորտային հանգույց է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Շարունակելով խոսել Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի մասին՝ Պավել Ավետիսյանը նշեց, որ ինքն ուրախ կլինի, եթե ունենանք երկհարկանի Երևան։

«Ես միանշանակ կարող եմ ասել, որ մենք գործ ունենք ցարական՝ 1830-ական թվականներից հետո ձևավորված Երևանի հրապարակի հետ։ Այդ շինություններն իրենց ձևերով խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք ուղիղ փողոցների հետ, իսկ Երևան քաղաքում ուղիղ փողոց կառուցվել է Ռուսական կայսրության շրջանում։ Շատ կարևոր է, որ այն դառնա նախադեպ։ Դեռևս բացի գաղափարներից և հաձնարարականներից, ոչինչ չկա»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքում որևէ գործողություն անելուց անհրաժեշտ է հնագիտական փորձաքննություն և եզրակացություն։ Բացի այդ, գանձագողությունը շատ տարածված երևույթ է ողջ աշխարհում, Հայաստանում ևս գանձագողերը ոսկու և թանկաժեք իրերի փնտրտուքով ավիրում են հուշարձաններ, որտեղ ոսկի չէր էլ կարող լինել։

«Մենք ունենք հուշարձանների պահպանման լուրջ պրոբլեմ: Երբ մենք որևէ ծրագիր ենք անում, կլինի ճանապարհաշինական, ջրամբարների կամ մեծ քաղաքաշինական ծրագրերի իրականացնում, որը հողային մեծ ծավալներ է ընդգրկում, անհնար է, որ որևէ հուշարձան չվնասվի։ Հայաստանի ողջ տարածքը հնագիտական տարածք է»,- ասում է Պավել Ավետիսյանը։

Դալմայի այգիներոում ընթացող շինարարության մասին խոսելիս տնօրենը նշեց, որ հողերը սեփականաշնորհված են, Դալման հուշարձանակիր տարածք չի դիտարկվում, բայց այնտեղ կա Վանի թագավորության շրջանից մնացած ջրամատակարարման համակարգ, որը մինչև հիմա գործել է։ Հուշարձանների զգալի մասը, Պավել Ավետիսյանի խոսքով, շինարարական աշխատանքների պատճառով արդեն վնասվել է։

Բանախոսը հավելեց, որ տարածքի սեփականատերերն էլ հուշարձանների պահպանությամբ հետաքրքրված են, քանի որ այն կարող է իրենց շահույթ բերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter