
Ուսանողները Մաշտոցի այգու կառուցապատման այլընտրանքային նախագիծ են պատրաստում
Ցանկացած գործ ըստ նախագծի պետք է արվի, մինչդեռ Մաշտոցի այգում կառուցապատումը չի համապատասխանում նախագծին: Կա հակասություն, կա ներկայացվածի և իրականացվածի միջև խզում: Այս մասին պնդում են երիտասարդ ճարտարապետները:
Մաշտոցի այգու պայքարը հատել է բնապահպանականի սահմանը: Ակտիվիստներին են միացել Երիտասարդ ճարտարապետներ՝ ՀՊՃՇՀ մագիստրատուրայի երկրորդ կուրսեցիներ, որոնք արդեն իսկ ներգրավված են մասնագիտական ոլորտում: Նրանք պատրաստ են այգու կառուցապատման համար ներկայացնել այլընտրանքային նախագծեր՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձն ու էկոքաղաքները:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ ճարտարապետները չեն քանդում, այլև ունեն առաջարկներ, որոնք լսող չկա»,- ասում է ՀՊՃՇՀ մագիստրանտ Ստեփան Դավթյանը:
Ըստ ճարտարապետների՝ ներկա կառուցապատումը սխալ է ոչ միայն բնապահպանական, այլև անվտանգության տեսանկյունից: Նման մոտեցման պատճառը գործից անտեղյալ լինելն է, հեռանկարային ծրագրերի հետ հաշվի չնստելը:
«Շատ լուրջ խնդիրների փունջ կա այստեղ. արագ լուծումներն այսօր ձեռնտու չեն: Եթե որևէ մեկն ուզում է արագ շահույթ ստանալ, երևի թե նրան հետաքրքիր չեն հեռանկարային ծրագրերը»,- ասում է Ստեփանը:
Երիտասարդ ճարտարապետները բացատրում են, որ Մաշտոցի այգին նախատեսված է էվակուացիայի համար՝ հաշվի առնելով տեղանքի սեյսմիկ գոտի լինելը: Տարածքը կանաչապատել են՝ լուծելով նաև էկոլոգիական խնդիրը:
Տաղավարապատ այգին կառաջացնի մի շարք խնդիրներ. առաջնայինը տարածքի բնակչության և բուժհիմնարկների անվտանգությունն է, էվակուացիոն ազատ գոտիների բացակայությունը, ապա նոր էկոլոգիան:
Մինչդեռ հասարակական սպասարկման գործառույթները կարելի էր կազմակերպել ներքևում: Ճարտարապետներն առաջարկում են ստորգետնյա կառուցապատում, որը չի վնասի տարածքին, ավելին՝ բեռնաթափման խնդիր կլուծվի, կստեղծվեն լրացուցիչ ստվերներ, որոնք անհրաժեշտ են արևոտ Երևանին:
«Զուտ կանոնակարգելու համար պետք չի բուտկաներ դնել. բազմաթիվ այլ լուծումներ կան: Մենք կապացուցենք, որ շատ ճարտարապետներ այլ կերպ են մտածում»,-հավաստիացնում է մագիստրանտ Լուսինե Մխոյանը:
Այլընտրանքային նախագիծը, որ պատրաստում են ուսանողները, կներկայացվի Մաշտոցի այգում՝ հանրամատչելի շնորհանդեսի տեսքով:
Մինչ այդ մոտ 300 ուսանող և երիտասարդ ճարտարապետ ստորագրել է հետևյալ հայտարարությունը.
«Երևանի Գլխավոր պողոտայի կանաչ տարածքի Եզնիկ Կողբացի-Մաշտոց հատվածի շինարարության ապօրինի գործընթացը պետք է կասեցվի:
ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԱՉ ԱՌԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆԸ :
ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔ Է ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ ԱՅԳՈՒՆ ՀԱՐԻՐ ՏԵՍՔԸ:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողներ և երիտասարդ ճարտարապետներ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել