HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խախտելով Սահմանադրությունը. օտարերկրյա ընկերություններում պաշտոն զբաղեցնելը պրակտիկա էր հայ պաշտոնյաների շրջանում

Երեւանցի Արմեն Ռաֆիկի Մելիքյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ: Մելիքյանը 1992 թ. Հայաստանում առաջինն է կատարել էնդոսկոպիկ վիրահատություն:

2007-ի նոյեմբերին Ա. Մելիքյանը դարձել է չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Պրոֆեսոր Մելիքյանը խորհրդարան է մտել շնորհիվ այն բանի, որ դրանից օրեր առաջ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ էր նշանակվել ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Իշխան Զաքարյանը, ով նաեւ 2007-ի հունիս-նոյեմբեր ամիսներին ԱԺ փոխնախագահն էր: Խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Զաքարյանին փոխարինել է Արեւիկ Պետրոսյանը, իսկ մանդատն ստացել է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Մելիքյանը:

Պատգամավոր դառնալուց 2 ամիս առաջ՝ 2007-ի սեպտեմբերի 25-ին, Ա. Մելիքյանը եւ կինը՝ կենսաբան Ելենա Մելիքյանը, 50-50 համամասնությամբ «Raff (UK) Limited» անունով ՍՊԸ են հիմնել Մեծ Բրիտանիայի Վուլվերհեմփթոն քաղաքում: Մելիքյանների ընկերությունը գրանցվել է այն նույն հասցեում (Telling House, Primrose Avenue, Wolverhampton), ինչ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովի՝ 2007-ի փետրվարին հիմնած «Mika (UK) Limited» ՍՊԸ-ն, որի մասին անցյալ տարի գրել ենք: Սա պատահական չէ, քանի որ երկուսի գրանցմանն էլ մասնակցություն է ունեցել Վուլվերհեմփթոնի հաշվառում ունեցող Գագիկ Չոբանյանը:

Մելիքյան ամուսինները եղել են ոչ միայն 100 ֆունտ կանոնադրական կապիտալով ընկերության համասեփականատերեր, այլեւ տնօրեններ, իսկ Ա. Մելիքյանը՝ նաեւ քարտուղար: Վերջինս 2007-ի նոյեմբերին պատգամավոր դառնալուց հետո պարտավոր էր հրաժարվել տնօրենի եւ քարտուղարի պաշտոնից, սակայն բրիտանական ռեգիստրի փաստաթղթերից հետեւում է, որ այդ քայլին չի դիմել, ինչը ՀՀ Սահմանադրության խախտում է: 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության մեջ, որը գործում էր այդ ընթացքում, ամրագրված էր. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:   

«Raff (UK) Limited»-ը, ինչպես կարելի է ենթադրել, զբաղվել է բժշկական գործունեությամբ: Նշենք, որ Մելիքյանները Հայաստանում եւս բժշկական ոլորտի մի շարք ընկերություններ են հիմնել: Դրանցից կարելի է հիշատակել, օրինակ, «Ռաֆաել բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն, որը ժամանակին գործում էր Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ Հաղթանակի կամրջի հարեւանությամբ:

Այդուհանդերձ, 2009-ի աշնանը «Raff (UK) Limited»-ը բրիտանական ռեգիստր է ներկայացրել չգործելու մասին փաստաթուղթ (dormant account), այսինքն՝ ընկերությունը չի փակվել, սակայն գործունեություն էլ չի ծավալել: 2011-ին, ըստ փաստաթղթերի, ընկերությունը պետք է լուծարվեր, սակայն գործընթացը կասեցվել է:

2011-ի նոյեմբերին՝ ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնելուց 4 տարի անց, Արմեն Մելիքյանը վայր էր դրել այն: Այդ փաստն այն ժամանակ զարմացրել էր ոչ միայն մամուլին, այլեւ ԲՀԿ-ականներին: Սակայն ԱԺ կայքում նշվել էր մանդատը վայր դնելու հիմքը՝ «պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա խախտել է Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը»: Իսկ այդ մասը, ինչպես վերը նշեցինք, սահմանում է պետական կամ ՏԻ մարմիններում եւ առեւտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու եւ վճարովի աշխատանք կատարելու արգելքները պատգամավորների համար:

Փաստն այն է, որ Արմեն Մելիքյանի դեպքում մանդատը վայր դնելու հիմքն առկա էր դեռ 2007-ի նոյեմբերից, սակայն, դատելով նրանից, որ շատ դեպքերում հայ պաշտոնյաները չեն հայտարարագրում իրենց օտարերկրյա գույքն ու բիզնեսը, ինչպես նաեւ բիզնեսում ունեցած պաշտոնները (Սահմանադրության խախտմամբ), եւ այդ փաստը տարիներով անհայտ է մնում, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի (ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման) հանձնաժողովին, կարելի է ասել, որ Մելիքյանի պարագայում եւս հայտնի չի եղել նրա՝ բրիտանական ՍՊԸ-ի տնօրեն ու քարտուղար լինելու մասին:

Ինչ վերաբերում է թափուր մնացած մանդատին, ապա այն հանձնվել է Մուշեղ Պետոյանին:

Արդեն 2012-ի հունվարին Արմեն եւ Ելենա Մելիքյանները թողել են «Raff (UK) Limited»-ի տնօրենների ու քարտուղարի պաշտոնը, փոխարենը տնօրեն ու միակ սեփականատեր է դարձել Վուլվերհեմփթոնի բնակիչ Րաֆֆի Չոբանյանը, ով, ըստ էության, կապ ունի Գագիկ Չոբանյանի հետ: Փոխվել է նաեւ ՍՊԸ-ի թիրախային ոլորտը՝ հաշվապահական եւ աուդիտորական գործունեություն: Առաջ անցնելով՝ նշենք, որ հետագայում ընկերությունն իբրեւ սեփականություն անցել է այլ անձանց, սակայն դրա անունը չի փոխվել: Իսկ ավելի ուշ՝ 2017-ի նոյեմբերին, «Raff (UK) Limited»-ը լուծարվել է:

Այն, որ տարբեր հայ պաշտոնյաների շրջանում պրակտիկա է եղել արտերկրում իրենց իսկ պատկանող առեւտրային կազմակերպություններում ՀՀ Սահմանադրության խախտմամբ որեւէ պաշտոն զբաղեցնելը (չենք խոսում բիզնեսն ու գույքը չհայտարարագրելու մասին), կարող ենք փաստել նաեւ մեր հրապարակումներով: Այդպիսի բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, մասնավորապես, Չեխիայում, որոնց կարող եք ծանոթանալ այս հղումով:           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter