HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ծննդատները լուծարելու առաջին փուլին կհաջորդեն երկրորդը, երրորդը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2020 թ.-ից Հայաստանի բնակչությունը կնվազի` 2050 թ. կազﬔլով մոտ 2.7 մլն (համաշխարհային զարգացման ցուցանիշի տվյալներով՝ 2017 թ.-ին բնակչության թիվը 2.93 մլն էր): Զեկույցում նշվում է, որ Հայաստանում տեղի է ունենում բնակչության ծերացում եւ աստիճանական կրճատում: Կանխատեսվում է, որ 2020-2050 թթ. ընթացքում աշխատանքային տարիքի բնակչությունը կնվազի: 

Համաշխարհային բանկի (ՀԲ) 2019 թ.-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ երկրում պտղաբերության գործակիցն ընկել է` 1985 թ. 1 կնոջ հաշվով մոտ 2.6 երեխայի հաﬔմատ 2017 թ. կազﬔլով՝ 1 կնոջ հաշվով 1.6 երեխա: Այս ցուցանիշը համաշխարհային զարգացման ցուցանիշների համաձայն, 1 կնոջ հաշվով 2 երեխայից փոքր-ինչ պակաս է եւ շատ ավելի ցածր է Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի ﬕջին ցուցանիշից:

Միջազգային կազմակերպությունները Հայաստանում բնակչության թվաքանակի նվազման իրենց կանխատեսումները հիմնավորում են գիտական մեթոդաբանությամբ: Անհայտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լավատեսության աղբյուրը՝ մինչեւ 2050 թ.-ը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի: Իսկ երկրի ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու իշխանությունների գործողությունները հակասական են: Մի կողմից՝ ծնելիության աճին նպաստելու կոնտեքստում բարձրացրին ծննդյան նպաստը, թեպետ այս քայլը երբեք ծնելիության աճի խթանիչ չի կարելի դիտարկել, որովհետեւ առաջին եւ երկրորդ երեխան ունենալուն ձգտում են հենց ամուսինները, առանց խրախուսվելու։ Մյուս կողմից՝ առողջապահության նախարարը հայտարարեց մարզերում մի շարք ծննդատներ փակելու մասին:

Նախարար Արսեն Թորոսյանը ծննդատների պահպանումը երաշխավորված է համարում միայն նվազագույնը 150 ծնունդ ընդունելու դեպքում: Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Եղվարդի, Ծաղկահովիտի, Քաջարանի ծննդաբերական բաժանմունքները պահանջված ցուցանիշը չեն ապահովել: Եղվարդի ծննդաբերական բաժանմունքը նախորդ տարի 136 ծնունդ է ընդունել, Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի բժշկական կենտրոնում 2019 թ.-ին նույնպես 136 երեխա է ծնվել: Ուրեմն ի՞նչ, պետք է փակել, որովհետեւ տարեկան պլանը 14 երեխայով թերակատարվե՞լ է։

Առաջիկա 30 տարիներին Հայաստանի բնակչության թվաքանակը նվազելու կանխատեսումների տրամաբանությունից հետեւում է, որ ներկայացված ծննդատները լուծարելու առաջին էտապին հաջորդելու են երկրորդը, երրորդը: Ծննդկաններին կուղարկեն մարզկենտրոնի բուժհաստատություններ, հետո գուցե մարզերը միավորեն, որովհետեւ փոքրաթիվ բնակչության պարագայում կպարզվի, որ մարզերի ներկայիս բաժանումը պահպանելը նույնպես տնտեսապես արդարացված չէ: Ի վերջո, կմոռանանք, որ ժողովրդագրական ﬕտումների տարբերություններն առաջանում են նաեւ ներքին ﬕգրացիայի դրսեւորումներից: Երեւանը հանդիսանում է ներքին ﬕգրացիայի խոշոր նշանակետ նաեւ այն պատճառով, որ հիմնականում այստեղ են կենտրոնացված առողջապահական հաստատությունները եւ մասնագիտական ներուժը, բժիշկների՝ 72.7%-ը, հիվանդանոցների` 41.9%-ը, հիվանդանոցային մահճակալների` 64.9%-ը: 

Մասնագետներն արդյունավետ չեն համարում արհեստական միջամտությամբ ժողովրդագրական պատկերի վրա ազդելը եւ շեշտադրումը ոչ այնքան բնակչության քանակն ավելացնելու վրա են դնում, որքան ոչ նյութական աղքատության բնորոշիչները բարելավելու: Այդպիսիք են համարվում վատառողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների եւ խոսքի ազատության անկիրառելիությունը, այն է՝ գործնականում սեփական խնդիրների մասին հայտնելու անկարողությունը: 

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) զեկույցը, որն ուղղված է Հայաստանի կառավարությանը, հետեւյալ կարեւոր հարցադրումներն է անում. ոչ նյութական աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունը կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների մատչելիության բարելավումն է, այն է՝ անվճար ծառայությունների հասցեականության առավել հստակությունը եւ վճարովի ծառայություններից օգտվելու կարողությունների աճը: Բազմաչափ աղքատության գնահատման համար զեկույցի հեղինակաները դիտարկել են հետեւյալ հինգ չափումները՝ հիմնական կարիքներ, բնակարանային պայմաններ, կրթություն, աշխատանք եւ առողջապահություն:

Առողջապահության չափելի ցուցանիշ է դիտարկվել առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը եւ որակը։ Ներկայացնենք մարզերին վերաբերող տվյալները:

Առողջապահական ծառայությունների մատչելիություն. սոցհարցումները պարզել են, որ առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է` 56.3%: Ֆինանսականը բնակության բոլոր վայրերում նշվել է որպես երկրորդ կարեւոր պատճառ`17.0%: Ըստ բնակության վայրի, հետազոտված բնակչությունը, որպես բժշկական խորհրդատվության կամ բուժման չդիմելու հիմնական պատճառ նշել է ինքնաբուժումը (երեւանաբնակներ` 62.2%, այլ քաղաքների բնակչություն` 56.2% եւ գյուղական բնակչություն` 47.2%), ֆինանսականը (գյուղական բնակչություն` 22.8%, այլ քաղաքների բնակչություն` 20.3%, երեւանաբնակներ`11.0%):Ամփոփենք, մարզերում բնակչության 51%-ը ֆինանսական պատճառներով չի դիմում բուժհաստատություններ:

Առողջապահական ծառայությունների հասանելիություն. գյուղական բնակչության շուրջ մեկ երրորդի համար տարվա բոլոր եղանակներին ճանապարհը հասանելի չէ: Քայքայված ճանապարհների հետեւանքով ավելանում են դրանցից օգտվողների տրանսպորտային ծախսերը եւ ճանապարհին ծախսվող ժամանակը՝ սահմանափակելով կապը գյուղատնտեսական շուկաների եւ կարեւոր ծառայությունների հետ, ինչպիսիք են առողջապահությունը եւ կրթությունը: 

Առողջապահական ծառայությունների որակ. մինչեւ 5 տարեկան երեխա ունեցող տնային տնտեսությունները պրոֆիլակտիկ զննման կամ հետծննդյան խորհրդատվության համար հետազոտությանը նախորդող մեկ ամսվա ընթացքում նշված տարիքի երեխաների 30.1%-ին բերել են պոլիկլինիկա: Պոլիկլինիկա հաճախածների 36.6%-ը պատասխանել է, որ երեխային կատարվել է իմունիզացիա, 94.8%-ը` չափել են երեխայի քաշը, 94.0%-ը չափել են երեխայի հասակը, 95.2%-ը` ստացել են խորհրդատվություն երեխայի աճի եւ զարգացման վերաբերյալ, 24.9%-ն էլ կատարել է արյան հետազոտություն:

Չհաճախելու պատճառները բաշխվել են հետեւյալ կերպ` ծառայություններն անհրաժեշտ չեն` 93.0%,  բուժսպասարկման որակն անբավարար է` 0.2%, շատ հեռու է` 1.3%, բուժհաստատություն չկա՝ 1.5%, այլ պատճառներով՝ 4.0%: 

Խոսենք ծառայությունների որակի մասին. մարզային համեմատաբար լավագույն բժշկական հաստատություններն (շենքային պայմաններով եւ տեխնիկական հագեցվածությամբ) անգամ մասնագետներ ներգրավելու լուրջ խնդիր ունեն։ Տարբեր տարիներին մեր այցելած բոլոր մարզային բժշկական հաստատություններում նշում են, որ նեղ մասնագետները չեն արձագանքում թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին։ Կադրերը չեն թարմացվում, որովհետեւ ցածր աշխատավարձը գրավիչ չէ մարզերում աշխատելու համար։ 

Որքան հեռու է մարզը, այնքան դժվարանում է մասնագետներ ներգրավելը եւ խոսքը միայն բժիշկներին չի վերաբերում, դատարանը կառուցել են, բայց դատավոր չկա, փաստաբան չկա: Բազմաթիվ համայնքներում անգամ համայնքի ղեկավարը Երեւանում է բնակվում եւ ամեն օր չէ, որ աշխատանքի է ներկայանում:

Նախարարը չի նշում, թե իր ներկայացրած բնակավայրերից քանի՞ ծննդկան է այլ բժշկական հաստատություններում ծննդաբերել, որովհետեւ նշված ծննդօգնության ծառայությունը չունի անհրաժեշտ մասնագետներ՝ վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ եւ այլն: Համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմ անհրաժեշտ է ունենալ ոչ միայն մոր եւ մանկան մահացությունը նվազեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Բոլոր մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետների, անգամ թերապեւտի կարիք ունեն: Տեղեր կան, որտեղ շտապօգնության ծառայությունը գոյություն ունի, բայց հերթապահ բժիշկ չկա, բուժքույրը կարո՞ղ է առաջին օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին, թեկուզ տեղափոխումը պատշաճ կազմակերպելուց առաջ: Նույն պատճառաբանությամբ, իրար հետեւից կարելի է հայտարարել տարբեր բաժանմունքներ փակելու մասին: 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի բժշկական կենտրոնում 1980-ական թվականների ռենտգեն սարք են գործարկում, կենսաթոշակային տարիքն անցած միակ մասնագետի վրա դողալով կենտրոն են պահպանում։ Բժիշկները չեն ցանկանում 40 000 դրամով աշխատել։ Մարզային բազմաթիվ բուժհաստատություններում նշում էին, որ բուժքույրը 28 500 դրամ է ստանում։ Գործակիցներ կիրառելով, որից մեկը ծառայություններից օգտվողների թվաքանակն է, նվազագույն աշխատավարձի կեսն է տրվում: Կրկին վերհիշենք ՀԲ-ի հարցումներին տրված գնահատականները, թե ինչո՞ւ են հաճախումները քիչ, որովհետեւ ծառայություններ չկան: Երեխային կշռելու կամ ջերմաչափում անելու համար 10 կմ ճանապարհ չեն կտրելու: Նորագույն սարքավորումներ, մասնագետներ չունեցող բուժմիավորումից ի՞նչ ակնկալիք պետք է ունենա բնակչությունը, որ հաճախակի դիմի։  

Ըստ ՀԲԽ-ի զեկույցի՝ առողջության պահպանման համար գրպանից կատարվող ծախսերով Հայաստանի ցուցանիշն աշխարհում ամենաբարձրներից է, կազմում է առողջապահական ընդհանուր ծախսերի 81%-ը։ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՎԾ)ի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցում նշվում է, որ միջինում, յուրաքանչյուր հիվանդ, հիվանդանոցի գանձապահին վճարել է ողջ գումարի 80.7%-ը, անմիջապես բուժանձնակազմին` 10.3%-ը, բացի այդ նվերների տեսքով` 0.3%, այլ վճարումների տեսքով (լաբորատոր եւ ռենտգեն հետազոտությունների կամ դեղորայքի համար)` 8.7%: Անմիջապես բուժանձնակազմին վճարումների ամենաբարձր տեսակարար կշիռը դիտվել է մանկաբարձ-գինեկոլոգների, նյարդաբանների եւ ուռոլոգների մոտ:

ՀԲ-ի, նաեւ ՀՎԾ-ի հրապարակած վերջին հետազոտության տվյալներով՝ աղքատների թվաքանակն ամենաբարձրը մարզային քաղաքներում է:  Հետեւաբար, Հայաստանի աղքատ բնակչության 70%-ը բնակվում է երկրորդային քաղաքներում եւ գյուղական վայրերում: Հասկանալի է, որ աղքատ բնակչությունից առձեռն վճարվելու ակնկալիք չունեցող բուժանձնակազմը բացառապես ապավինում է իր ստացած նվազագույն աշխատավարձին: Ցավալի էր լսելը, թե ինչպես էր Տաշիրում բնակվող բժիշկի կինն անընդհատ կրկնում, որ ամուսինն այս տարի էլ հետաձգեց մայրաքաղաք տեղափոխվելը: «Ի՞նչ ունենք այստեղ անելու, ի՞նչ է տալիս մեզ այդ աշխատանքը»,- կրկնում էր նա: 

Եվս մեկ կարեւոր դիտարկում. աշխատավարձի նշված չափերը խոսում են այն մասին, որ մարզերում աշխատանքի չեն գնում եկամուտ ստանալու համար (խոսքը միայն բուժաշխատողներին չի վերաբերում): Աշխատանքը նրանց համար մասնագետի կոչումը, ինքնագնահատականը պահպանելն է, համատարած գործազուրկների մեջ գյուղական ինտելիգենցիայի կարգավիճակը չկորցնելը եւ այլն։ Միայն բուժաշխատողը կամ մանկավարժը չէ, որ դրա անհրաժեշտությունն զգում է, հասարակական տարբեր շերտերի առկայությունն ամենից շատ անհրաժեշտություն է այդտեղ բնակվողների համար: Իրենց ավելի պաշտպանված են զգում, անլիարժեքության բարդույթով չեն տառապում: Մայրաքաղաքում ապրողը սա դժվար կընկալի։ Աղքատությունը միայն նյութական չի լինում, «ոչ նյութական աղքատություն»-ը շատ ճիշտ բնութագրիչ է այս պարագայում: 

Հայաստանում գենդերային անհավասարության, հատկապես կանանց զբաղվածության հարցը, նույնպես միջազգային կառույցների մտահոգության թեման է: 2019 թ.-ին ՀԲ-ի հրապարակած «Աշխատանք Հայաստանում ավելի լավ ապագայի համար» զեկույցում առանձնակի շեշտադրվում է մարզերում բնակվող կանանց զբաղվածության հարցը։ Մարզերում աշխատատեղերը խիստ սահմանափակ են, կանանց զբաղվածության հնարավորություններն առավել սահմանափակ են՝ դպրոցներ, նախակրթական հաստատություններ եւ բուժհաստատություններ։ Դրանց շարունակաբար խոշորացվելու արդյունքում այդ հնարավորությունն էլ է նվազում: 

Առողջապահության նախարարն այս բազմաթիվ խնդրահարույց հարցերից միայն մեկն է վերցրել՝ ծնելիության ցուցանիշը, բայց մյուս պարտավորությունները նույնպես կառավարությանն է:

Մեկնաբանություններ (1)

Վալերի
Առողջապահության նախարարն ընտրել է հարցերի լուծման էժանագին եղանակը ,թքած ունենալով ժողովրդի առողջության վրա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter