HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ձկան պահածոներ և խավիար․ որտեղի՞ց են ներկրվում Հայաստան և ուր արտահանում

Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեն օրերս արգելել է ռուսական ձկնային պահածոների ներկրումը, քանի որ, ըստ հայտարարության, պահածոների մեջ ճիճուներ են հայտնաբերվել։ Խոսքը վերաբերում է ռուսական երկու արտադրողների ապրանքներին՝ «MaxiFISH» (արտադրող «Сервис Партнер» ԲԲԸ, Կալինինգրադ) և «Рыбарь» (արտադրող՝ «Дальпромрыба» ԲԲԸ, Դոմոդեդովո):

Այս ընկերության ապրանքները չեն համապաստախանել ՄՄ ՏԿ 040/2016 «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին։

Ձկան պահածոների մեջ ստուգման ժամանակ հայտնաբերվել են տեսանելի հելմիտներ, որոնք եղել են ձողաձկան (треска) լյարդի մեջ, ինչպես նաև՝ այն յուղի, որտեղ դրանք պահվել են։

«Վերը նշված ձկնային պահածոների ներկրումն ու իրացումը Բելառուսի Հանրապետություն արգելված են Ստանդարտացման պետական կոմիտեի կողմից»,- հայտնել է բելառուսական վերահսկող մարմինը։

Թեև իրացման կետերում մեր ուսումնասիրության ժամանակ նմանատիպ անվանումով արտադրանքի չենք հանդիպել, սակայն ուսումնասիրել ենք ձկան պահածոների և խավիարի շուկան, պարզել, որ դրանց գերակշիռ մասը Հայաստան է բերվում Ռուսաստանից: Արտահանման հիմնական ուղղությունը ևս Ռուսաստանն է, սակայն արդեն` 3 անգամ ավելի թանկ:

 

2015-2019թթ Հայաստանը ներկրել է 5309 տոննա ձկան պահածո և խավիար ՝ 10,5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Հայաստանը ձուկ և ձկնամթերք ներկրում է հիմնականում 4 երկրից՝ Բելառուսից, Լատվիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից։ Ներկրման մեկ կգ-ի միջին արժեքը մոտ 2 ԱՄՆ դոլար է (~980 դրամ)։

Ձկան պահածոների 44 % ներկրվում են Ռուսաստանից։ Մասնավորապես, 2015-2019թթ առաջին կիսամյակում ՌԴ-ից ներմուծվել է 2335 տոննա պահածոյացված ձուկ և խավիար, ընդհանուր՝ 5,1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Հաջորդ երկիրը, որից շատ է ներկրվում ձկան պահածո, Ուկաինան է։ Վերջինիս բաժին է հասնում ձկան պահածոների ներկրման 26 %-ը: 2015-2019թթ առաջին կիսամյակում Ուկրաինայից Հայաստան է բերվել 1369 տոննա ձկան պահածո, ընդհանուր՝ 1,4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ուկրաինային հաջորդում է Լատվիան, որտեղից վերջին 5 տարում ներկրվել է 785 տոննա ձկան պահածո և խավիար՝ 15 %-ը:

Ներկրման 2,2 % բաժին է ընկնում Բելառուսին։ 2015-2019թթ Բելառուսից Հայաստան է ներկվել 120 տոննա ձկան պահածո՝ ընդհանուր 471 000 ԱՄՆ դոլար արժողությամբ։ 

Ձկան պահածո
Infogram

Հայաստանը ևս արտահանում է ձկան պահածո և խավիար, բայց 3 անգամ ավելի թանկ, քան ներկրում է։ Օրինակ, 2015-2019թթ Հայաստանից արտահանվել է 1696 տոննա ձկան պահածո՝ 11,1 մլն ԱՄՆ դոլարի։ Միջինում, մեկ կգ ձկան պահածոն և խավիարն արտահանվում են 6,5 ԱՄՆ դոլարով (~3180 դրամ)։

Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Ռուսաստան, Իսրայել և ԱՄՆ։ Արտահանման ծավալների 81 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ 2015-2019թթ առաջին կիսամյակում Հայաստանից ՌԴ է արտահանվել 1372 տոննա ձկան պահածո և խավիար՝ ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

5 տարում 78,7 տոննա ձկան պահածո և խավիար է արտահանվել ԱՄՆ (933 000 ԱՄՆ դոլարի), ինչը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 4,6 %-ը։

Իսրայել է արտահանվել ձկան պահածոների 3,5 %-ը՝ 60 տոննա՝ 371 500 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Ներկրման արգելքներ Չինաստանից. ձկները գործարանում պահվել են 7 տարի

Ավելի վաղ՝ դեկտեմբերին, ռուսական «Ռոսպոտրեբնադզորն» արգելել էր ձկան ներկրումը Չինաստանից։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ այդ ապրանքների մի մասը պահվել էր գործարաններում դեռևս 2013թ․-ից։ Փորձաքննված մի քանի նմուշներում էլ հայտնաբերվել էին սնդիկ, մկնդեղ և կադմիում։

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր նաև, որ նշված խախտումներն ունեն պարբերական բնույթ։ Մասնավորապես, միայն 2019թ․ Չինաստանը ֆիտոսանիտարական նորմերը խախտել է ավելի քան 40 անգամ, իսկ զգուշացումներին «որևէ կերպ չի արձագանքել»:

Այդ պատճառով հունվարի 9-ից ՌԴ-ն ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Չինաստանից ներկրվող ձկնեղենի տեսակների վրա, ինչպես օրինակ՝ թառափ, տիլափիա, իշխան, ծովախեցգետին և այլն։

Չինաստանից Հայաստանը ձկան պահածո է ներկրել միայն 2015թ․-ին՝ 49 տոննա, ընդհանուր՝ 80 000 ԱՄՆ դոլարի։

Ինչ վերաբերում է թարմ ձկնեղենին, ապա վերջին տարիներին Հայաստանն ավելի շատ արտահանում է թարմ ձկնեղեն ու ներկրում սառեցվածը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter