
Արման Աբովյան. «Ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաև սադրիչը` պարոն Բաբաջանյանը»
Խորհրդարանում Քրեական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ վիճաբանության ավարտին ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` վստահեցնելով, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն արդեն որերորդ անգամ սադրում է:
«Սադրում է ուղիղ, սադրում է անուղիղ, ես, ճիշտն ասած, չհասկացա ինչն այդպես բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն: Ինչ էր ասել պարոն Պետրոսյանը, խնդրում եմ ուշադիր ևս մեկ անգամ լսենք, վիրավորել է, կպել է, ասում եք վիրավորել է, ինչով է վիրավորել, խնդրում եմ ևս մեկ անգամ ընթերցեք: Պարոն Բաբաջանյանը ևս մեկ անգամ սադրում է, հասկանում եմ՝ ինչի համար է սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում` ԲՀԿ-ն պաշտպանում է կրիմինալը, ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի»,- ասաց Աբովյանը:
Արման Աբովյանի խոսքով` ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, իսկ վերոնշյալ օրենքը ոչ թե ոտանահարում է գողական աշխարհի, այլ հենց քաղաքացու իրավունքները:
«Ես կոչ եմ անում բոլորին հանգստանալ, չտանենք դեպի սրում, արդեն իսկ տեսնում եմ գրառումներ, որոնք անընդունելի են, մե՞նք էլ գրառում անենք: Դիմում եմ նախագահությանը` եթե դահլիճից կարգապահական պատճառով ԲՀԿ-ից 4 սադրիչ է հեռացվում, ապա ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաև սադրիչը` պարոն Բաբաջանյանը»,- ասաց Աբովյանը:
«Լավ է, որ այդպես եք կարծում, բայց նման կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունի նիստը նախագահողը»,- ասաց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկել ԲՀԿ-ական 4 պատգամավորի` վերջիններիս թույլ չտալով ներկա գտնվել նիստերի դահլիճում: Վիճաբանությունն առաջացել էր Գևորգ Պետրոսյանի, ապա Արման Բաբաջանյանի ելույթներից հետո:
Մեկնաբանել