HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվանիկ գյուղի մոտ փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը

Կապանի մի խումբ բնակիչներ այսօր ավտոմեքենաներով փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի՝ Արծվանիկ գյուղով անցնող հատվածը, որի հարեւանությամբ գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համանուն պոչամբարը:

Մասնակիցները տեղանքը պատահական չէին ընտրել, քանի որ բողոքը պայմանավորված է ԶՊՄԿ-ի գործունեությամբ: Ըստ ճանապարհը փակողների՝ այսօր թալան է կատարվում, եւ ժողովրդին պատկանող սեփականության իրավունքի տերը գերմանացի սեփականատերն է, ու կոմբինատը պետք է պետականացվի:

Բողոքի ակցիան կազմակերպել է «Իրավատեր կապանցիներ» ՀԿ-ն, որի նախագահ Արմեն Փարամազյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենց պահանջն է Կապանի տարածաշրջանի առողջապահական եւ բնապահպանական խնդիրներին հրավիրել առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարների ուշադրությունը: Փարամազյանն ասում է, որ Գորիսից հետո գտնվող բնակավայրերը՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, դիտարկվում են ոչ թե բնակավայր, այլ հանաքավայր: Նրա խոսքով՝ տարածաշրջանում հիվանդացության եւ մահացության դեպքերը եռակի-քառակի ավելացել են: «Մենք պահանջում ենք մեր տարածաշրջանը հայտարարել առողջապահական աղետի գոտի, պատկան մարմիններից պահանջում ենք տեղում կոնկրետ պատասխան տալ, թե պոչամբարների առկայությունից ինչ է կատարվում տարածաշրջանում»,- նշում է Ա. Փարամազյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ տարածաշրջանում կոմբինատները պետք է աշխատեն ի շահ ժողովրդի, այլ ոչ թե թունավորեն բնակիչներին: Նրանք նաեւ պաստառներ են տեղադրել միջպետական ճանապարհի մոտ հետեւյալ բովանդակություններով՝ «Կոմբինատի արտադրական ծավալները հատել են կարմիր գիծը», «Կապանի ազգաբնակչությունը ԶՊՄԿ-ից պահանջում է առողջության փոխհատուցում», «Կապանը չդիտարկել որպես հանքավայր. Կապանը բնակավայր է» ,«Քաջարանի կոմբինատի պետականացումը թիվ 1 գերխնդիրն է»:

Բողոքի ակցիայի կազմակերպիչ Արմեն Փարամազյանը տեղեկացրեց, որ իրենց բողոքը տարածաշրջանի բոլոր կոմբինատների դեմ է: Կազմակերպությունը նաեւ ստորագրահավաք է կազմակերպել վերը նշված պահանջներով, որին, ըստ Փարամազյանի, արդեն 8 հազար հոգի միացել է:

Այս պահին ճանապարհը բաց է: 

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter