HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13 հոգով ապրում են 34 քմ տարածքում

«Մենք 14 էրեխա ենք, ես էրեխեքի մեջ 8-րդն եմ»,- ասում է 13-ամյա Սողոմոնը՝ հայացքը չկտրելով պատրաստման փուլում գտնվող փայտյա գդալից: Նրա պսպղուն սեւ աչքերն ավելի շատ են փայլում, երբ ժպտում է:

«Օրրան» բարեգործական կազմակերպության փայտարվեստի խմբակում ենք: Լուսավոր արհեստանոցը նույնիսկ առաջին հայացքից շփոթություն է առաջացնում իր կոկիկությամբ: Սենյակներից մեկում Սողոմոնն ու Մանվելն են աշխատում: Փայտյա գդալներ են պատրաստում հաճարենուց: Ասում են՝ Նոր տարուց առաջ շատ գործեր ունեին, որոնք կենտրոնի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին վաճառեցին: Ստացած գումարի 20 տոկոսը սաներինն է, իսկ մնացածը ծախսվում է փայտարվեստի խմբակի կարիքների համար: Տղաները գոհ են: Սողոմոնն ասում է, թե երբ գումարը ստանում է, ուրախությամբ մորն է տալիս, որ երեխաների համար ինչ-որ բան առնի:

Հարեւան սենյակից վարպետը՝ Հրաչ Հունանյանը, ներս է մտնում, որոշ շտկումներ անում տղաների գործերում: Վարպետի խոսքով՝ Սողոմոնը խմբակի առաջադեմ, աշխատասեր, ընդունակ սաներից է: 3 տարվա ընթացքում հմտացել է գործում: 13-ամյա տղան ասում է, թե որոշել է քանդակագործ դառնալ: Վարպետն էլ ավելացնում է, որ եթե շատ աշխատի, ապա կարող է դառնալ, անհնարին բան չկա, կարեւորը ցանկությունն է:

Սողոմոնը բնակվում է Նոր Նորքի հանրակացարաններից մեկում՝ 34 քմ տարածքում՝ ծնողների եւ 11 քույր-եղբայրների հետ:

Երբ ներս մտանք նրանց բնակարան, սենյակում նստելու տեղ դժվարությամբ գտանք: Ընտանիքին այցելության էին գնացել մայրական տատն ու պապը: Սենյակում շարժվելու տեղ չկար:

Սենյակի պատի մոտ դրված լվացքի մեքենան աշխատում էր, որի վրա դրված տոնածառն անընդհատ օրորվում էր: Զգեստապահարանի կիսաբաց դռնից երևում էր ծալ-ծալ դարսված սպիտակեղենը:

Վիրաբ Շաբոյանը 14 երեխա ունի (երկու ավագ դուստրերն առաջին ամուսնությունից են, նրանք ամուսնացած են, բնակվում են առանձին, իսկ որդիներից ավագը՝ 19-ամյա Ավետիքը, մեկ տարվա ժամկետային զինծառայող է): Պրն Շաբոյանը ընտանիքի մասին դեռ 3 տարի առաջ բազմաթիվ հրապարակումներ եղան. Ղարաբաղից էին եկել ու հանրակացարանի նկուղում էին ապրում: Դրանից հետո Երեւանի քաղաքապետարանը նրանց հատկացրել է այս տարածքը 10 տարի ժամկետով:

Ընտանիքի հայրն ասում է, թե գոհ են եղածից ու անցյալի մասին այլեւս չեն ցանկանում խոսել, քիչ-քիչ ոտքի են կանգնում: Երեխաները մեծացել են, օգնում են ծնողներին: Վիրաբ Շաբոյանը հիմա զբաղվում է ճանապարհի ասֆալտապատմամբ՝ օրական ստանալով 8000 դրամ, կինը ժամանակ առ ժամանակ լավաշի փռում է աշխատում, իսկ երբ չի հասցնում գնալ, երբեմն դուստրերն են փոխարինում շաբաթ-կիրակի օրերին:

«Մեր էրեխեքը մեզի, իրոք, շատ ուժ են տալիս: Որ նայում եմ, տեսնում եմ էսքան մեջքիս կանգնած, մեզի թիկունք, դա ամենամեծ ուժն է: Էն, որ գործից որ ժամին էլ գամ, էրեխեքս հերթով դիմավորում են, մենակ էդ պահը, եթե տենաք, հենց մենակ դրանից կհասկանաք, թե ուժն ինչումն է»,- ասում է 49-ամյա Վիրաբը:

Աննան՝ կինը, համաձայնում է՝ իրենց բոլոր երեխաներն էլ աշխատասեր են, ձգտում ունեն ինչ-որ բան սովորելու: Հետո բազմոցը լցվում է երեխաներով՝ ճյուղին նստած թռչունների պես: Երեխաներից փոքրը Մոնթեն է՝ 3 տարեկան: Ավագ դուստրերը՝ Սաթենիկն ու Մանեն, սովորում են. առաջինը՝ ծրագրավորում, երկրորդը՝ իրավաբանություն: Սաթենիկը նաեւ սուպերմարկետում է աշխատում: Ստացած գումարով հասցնում է նվերներ գնել ընտանիքի անդամների համար:

«Առաջին Նոր տարին էր, որ մենք էսպես ուրախացանք: Ինձ համար շատ մեծ պարծանք էր, որ Նոր տարվա գիշերը, աղջիկս եկավ, ասաց՝ ձեզի նվեր ունեմ. ինձ մի ժամացույց էր առել, կնոջս՝ թեւնոց, ու 40 հազար դրամ դրել էր ամեն մեկիս նվերների մեջ, պլյուս զինվորական ախպորը ժամացույց էր առել, ու պատկերացրեք՝ ծնողն ինչքան կարա երջանիկ լինի էդ պահին, ինչը մենք չենք տեսել»,- ասում է Վիրաբ Շաբոյանը:

Դժվարություններից հիմնականում չենք խոսում: Շաբոյաններն ասում են՝ ամեն բան իր հունի մեջ է ընկել: Ղարաբաղի գրանցում ունենալու պատճառով ընտանիքը նպաստ չի ստանում:

34 քմ տարածքը երկու ննջասենյակի եւ մեկ հյուրասենյակ-նախասրահի են վերածել: Հարցնում եմ՝ ո՞նց եք տեղավորվում այս փոքր տարածքում, Աննան ժպտում է, ասում է՝ տղաները մի սենյակում են, աղջիկները՝ մյուս, փոքրերը, ինքն ու ամուսինն էլ՝ հյուրասենյակում:

Խոհանոցի գազօջախին փոխարինում է գազի 3 կգ-անոց բալոնը, որը հյուրասենյակում են դնում: 3-4 օրը մեկ լիցքավորման են տանում: 13 հոգուց բաղկացած ընտանիքի ճաշը մի մեծ կաթսայում են պատրաստում: Ըստ Աննայի, օրինակ, 2 կգ բրինձը կարող են միանգամից պատրաստել մեկ ճաշի համար, բացի դրանից՝ օրական 25 լավաշ են գնում:

Երեխաներից 7-ը «Օրրան» են հաճախում: Այդ օրերին ճաշն ավելի քիչ չափաբաժնով են պատրաստում, որովհետեւ երեխաները կենտրոնում սնվում են:

Տարվա մեջ միայն 3 ամիս է, որ Շաբոյանների ընտանիքում ծնունդ չեն նշում: Աննան ասում է՝ ինչքան էլ հնարավորություն չունենան, մի փոքր տորթ գնում են: «Եղել է, որ ծննդիս օրը գործից տուն եմ մտել, տեսել եմ լույսերն անջատած, տորթով-մոմերով դիմավորել են: Ես դրանից շատ եմ ուրախանում: Իմ էրեխեքից ես շատ շնորհակալ եմ, որ մեր երկուսի տանջանքն ու չարչարանքը գնահատում են»,- ասում է Վիրաբ Շաբոյանը:

Մեկնաբանություններ (3)

Yerevan2800
իսկ դրանից վերև Բագրևանդ թաղամասի անձինք գիտեմ որ պետբյուջեից գողացած փողերով, գեղից եկածների մասին է, մեծ տներում 4 հոգով են ապրում, սա է այս երկրի բնութագիրը,
HAGOP
GOD BLESS THIS FAMILY!!!!!!!! ARMENIAN GOVERNMENT MUST BE STRONG! NO CORRUPTION! MAKE INVESTMENT! COLLECT TAXES! BUILD STREETS, LIGHTS, INTERNET, BRIDGES, PLUMBING, SOLAR, WIND!!!!!!!!!!!!!!! GIVE HOPE TO PEOPLE!!!!! MAKE ARMY STRONG!!!!! EDUCATION FOR KIDS!!!! TECHNOLOGY!!!!!
Կարպիս
Ինչ՞ է նշանակում «Ղարաբաղի գրանցում ունենալու պատճառով ընտանիքը նպաստ չի ստանում», միթե այսպիսի բան կլինի՞: Լույսի կտոր երեխերքի տեր են Վիրաբն ու իր կինը: Այս ընտանիքը համկուսակցական նպաստի կարիք ունի: Մի իրանահայ կին պատմեց «ամեն սրճահավաքի Գլենդելի հայ կանայք փող են հավաքում եվ փոխանցում կուսակցությանը» (ՀՅԴ-ը), հուսալով` իրենց համեստ միջոցներով հանգանակություն արած կլինեն հայրենիքին ... Այսպիսի բազմազավակ ընտանիքի հանդիպեցի նաեվ Արցախի Դադիվանքին կից մի տնակում: Սակայն այս պարագային ընտանիքը պատսպարված էր Արցախի պետության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter