HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկ տարվա կտրվածքով 9 քրեական գործ է հարուցվել Արմավիրի մարզի դպրոցների գործունեության վերաբերյալ

2019թ. ընթացքում Արմավիրի մարզի հետաքննության և նախաքննության մարմինների կողմից հանրակրթական դպրոցների գործունեության վերաբերյալ հարուցվել է 9 քրեական գործ։ Եվս 11 քրեական գործ էլ փոխանցվել է 2018թ-ից, որոնցով նախաքննությունը շարունակվել է 2019թ-ին: Հիմնականում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու առերևույթ դեպքերով են հարուցվել քրեական գործերը:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Հետք»-ին փոխանցված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ 2019թ. դպրոցների գործունեության վերաբերյալ հարուցված 9 քրեական գործերով պատճառված վնասի չափը կազմում է մոտ 16 մլն 500 հազար դրամ, որը չի վերականգնվել:

Այսպես, «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործունեության ընթացքում առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք ստանալու դեպքերի առթիվ 2019թ-ին հարուցվել էր քրեական գործ, որը միացվել է 2018թ-ին հարուցված այլ քեական գործին։ Մեղադրյալի կարգավիճակ ունի դպրոցի նախկին տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը: Վերջինս բողոքի ակցիաների ճնշման տակ էր լքել Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը:

Անդրադարձել էինք, որ Էջմիածնի թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Եսթեր Գալստյանի լիազորությունների ավարտից հետո 2019թ. դեկտեմբերի 2-ին անցկացվել էին տնօրենի ընտրություններ: Թեկնածուները եղել են երկուսը՝ Եսթեր Գալստյանն ու Շուշանիկ Ոսկանյանը: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից մեկը քվեարկության ժամանակ բացակայել էր: Քվեարկության արդյունքում 4 ձայն ստացել էր Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Շուշանիկ Ոսկանյանը: Քանի որ այդ հարաբերակցությամբ տնօրեն չէր ընտրվել, գործն ուղարկվել էր հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, վերջինս էլ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին առաջարկել էր տնօրեն նշանակել քիչ ձայներ ստացած Շուշանիկ Ոսկանյանին: Այս դպրոցում էլ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Շուշանիկ Ոսկանյանի դեմ և վերջինս օրեր առաջ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Պարզվում է, Էջմիածնի թիվ 8 հիմնական հիմնական դպրոցի գործունեության ընթացքում էլ առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ 2019թ-ին քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում նախնական վնասը գնահատվել է 81 հազար դրամ, որը չի վերականցնվել։ Գործով երեք անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ։ Քրեական գործով վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Իսկ Էջմիածնի թիվ 12 դպրոցի գործունեության ընթացքում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախնական վնասի չափը 1 մլն 388 հազար դրամ է, որը դեռևս չի վերականգվել: Գործով մեղադրյալ ներգրավված անձ չկա։ 

Առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել նաև «Էջմիածնի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ։ Այստեղ նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ 

Քրեական գործերից հաջորդը վերաբերում է «Արմավիրի Ա. Օզանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործունեության ընթացքում առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին, որի նախաքննությունը շարունակվում է։ Գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, իսկ նախնական վնասի չափը կազմում է 1 մլն 143 հազար դրամ, որը դեռևս չի վերականգվել։

Պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք ստանալու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է։ Գործով մեղադրյալ ներգրավված անձ դեռևս չկա:

«Մեծամորի  թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործունեության ընթացքում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Գործով մեղադրյալ ներգրավված անձ չկա, իսկ նախնական վնասի չափը կազմում է 1 մլն 740 հազար դրամ, որը դեռևս չի վերականգվել։ 

 «Այգեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործունեության ընթացքում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Նախնական վնասի չափը կազմում է 10 մլն 880 հազար դրամ, որը դեռևս չի վերականգվել։

Քրեական գործ է հարուցվել նաև Ապագայի միջնակարգ դպրոցի գործունեության ընթացքում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու  դեպքերի առթիվ։ Գործով մեղադրյալ ներգրավված անձ չկա, իսկ նախնական վնասի չափը կազմում է 1 մլն 250 հազար դրամ, որը դեռևս չի վերականգվել։

2018թ-ին հարուցված քրեական գործերով  2019թ-ին մի քանի գործերով նախաքննությունն ավարտվել է: Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ մարզի Հացիկի, Բերքաշատի միջնակարդ դպրոցների մասով գործերն ուղարկվել են դատարան: Երկու դպրոցների մասով էլ մեղադրյալի աթոռին հայտնվել են նաև դպրոցի տնօրենները:

Իսկ Հայկավան, Արաքս, Ծիածան, Դաշտ, Արմավիրի թիվ 10 միջնակարգ դպրոցների գործունեության ընթացքում հարուցված քրեական գործերը կարճվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով:  

Այգեվանի դպրոցի մասով գործով վարույթը կարճվել է, պատճառված 1 մլն 509 հազար դրամը վերականգնվել է: Նույնը վերաբերում է նաև Լենուղու միջնակարգ դպրոցի գործին: Այստեղ էլ վերականգնվել է 2 մլն 550 հազար դրամ վնասը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter