HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50 հազար դրամով ապրող ընտանիքը․ «Որոշել ենք բարձրաձայնել մեր ապրուստի մասին»

Գայանե  Մկրտչյանը, իր հարսը՝ նորից Գայանեն, եւ երկու անչափահաս թոռները չունեն մշտական բնակության վայր։ Չորսով ապրում են Գայանեի եղբոր սեփական տանը՝ Գյումրիում։

Portrait 1.jpg (747 KB) Portrait 2.jpg (707 KB)
Հարսը՝ Բժշկյան Գայանեն եւ սկեսուրը՝ Մկրտչյան Գայանեն

Զբաղեցնում են տան միայն երեք սենյակները, մնացածը դատարկ են, չկա ո՛չ դուռ, ո՛չ կահույք, ո՛չ էլ ներքին հարդարանք։ Ձմռանը տաքանում են փոքր վառարանով, բայց այս տարի գումարի սղության պատճառով փայտ չեն կարողացել գնել, վառում են ինչ պատահի։

«1988-ի երկրաշարժի արդյունքում կորցրեցի ամուսնուս ու երկու երեխաներիս հետ մնացի մենակ, եղբայրս այս տանը չէր բնակվում, մենք տեղափոխվեցինք այստեղ»,- ասում է Գայանե Մկրտչյանը։

Վերջինիս դուստրը ամուսնացել է եւ հիմա ապրում է Ռուսաստանում, իսկ որդին՝ Արմանը, ապրում էր Գյումրիում նրանց հետ։ Բայց ամուսնանալուց հետո Արմանը սկսեց գնալ Ռուսաստան արտագնա աշխատանքի։

«Չգիտեմ` ինչպես ստացվեց, բայց կապը կամաց-կամաց թուլացավ, նա (Արմանը՝ խմբ.) սկսեց հազվադեպ գալ Հայաստան, առաջ գումար էր ուղարկում, հիմա դա էլ չի անում»,- պատմում է Գայանե  Մկրտչյանը։

2.jpg (710 KB) 3.jpg (622 KB)
4.jpg (706 KB) 5.jpg (831 KB)

Մեր այցի ժամանակ տիկին Գայանեն ասաց, որ որդին վերադարձել է, բայց չի ցանկացել մնալ ընտանիքի հետ։ Եկել էր անձնագիրը փոխելու։

«Վերջին անգամ հետս խոսելիս ինձ ասաց, որ մի քանի օրից հետ է գնալու Ռուսաստան ու էլ չի պատրաստվում վերադառնալ»,- ասաց  Գայանե  Մկրտչյանը ։

Նա չգիտի, թե արդյոք որդին նոր ընտանի՞ք է կազմել Ռուսաստանում, բայց կասկածներ ունի, որ ընտանիքից կտրվելու պատճառը հենց դա է։

Առաջին թոռնիկը՝ Տ-ն, հաճախում է դպրոց, սովորում է 4-րդ դասարանում։ Երեխան ակնոց է կրում, քանի որ ծնվելուց մի քանի տարի անց նրա մոտ հայտնաբերել էին տեսողական խնդիրներ։ Երեխայի բուժումը հնարավոր էր միայն Երեւանում։

Բուժման գումար չունենալու պատճառով դիմել էին տարբեր կազմակերպությունների, մեկ անգամ 10 հազար դրամ են ստացել Շիրակի մարզպետարանից՝ Երեւան գնալու ճանապարհածախսը հոգալու համար։

tigran 1.jpg (538 KB) tigran 2.jpg (562 KB)

Մայրը՝ Գայանեն, ասում է, որ դպրոցում պնդում էին, թե երեխան հոգեկան առողջության խնդիրներ ուներ։ Բայց առողջական խնդիրների հետեւանքով Տ-ն դասերին չէր կարողանում լիարժեք մասնակցել եւ հետ էր մնում։ Այդ պնդումները, պարզվեց, անհիմն էին։

Հիմա երեխան հաճախում է «Գյումրու համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», նրա հետ աշխատում են մասնագետները, ու նա հոգեբանորեն ավելի լավ է զգում, սկսել է դասերին մասնակցել, բայց առողջական խնդիրները դեռ լիովին չեն լուծվել։

Երկրորդ թոռնիկը՝ Մ-ն, 3 տարեկան է, հաճախում է նախակրթարան։

m1.jpg (807 KB) m2.jpg (732 KB)

Արմանն ու Գայանեն իրենց ամուսնությունը զագսում չեն գրանցել՝ Արմանը չի ցանկացել, բայց հայրությունը ճանաչել է։ Ուստի ամուսնալուծվելու իմաստն էլ է կորում, Գայանեն մնացել է մենակ իր անչափահաս երեխաների եւ սկեսրոջ հետ, ուրիշ գնալու տեղ չունի։

Գայանեի ծնողները մահացել են, իսկ եղբայրն ու քույրը ամուսնացած են, ապրում են Գյումրիում իրենց ընտանիքների հետ։

Ամուսնանալուց հետո 33-ամյա Գայանեն միշտ զբաղվել է երեխաներով, ինչի պատճառով էլ աշխատանքային փորձ չունի։

«Փորձել եմ աշխատանք գտնել, բայց որեւէ մասնագիտական կրթություն չունեմ, բացի այդ, երեխաները դեռ փոքր են եւ խնամքի կարիք ունեն»,- պատմում է Գայանեն։

976A0768.jpg (689 KB)

Տան միակ աշխատողը տատիկն է՝ աշխատում է հացի արտադրամասում, օրական ստանում է 2000 դրամ։

«Առողջական վիճակս էլ չի ներում, որ առաջվա նման 12 ժամ եւ ավել աշխատեմ, դրա համար հիմնականում աշխատում եմ կես դրույքով»,- նշում է տիկին Գայանեն, իսկ սա նշանակում է, որ 2000 դրամի փոխարեն նա ստանում է ավելի քիչ աշխատավարձ։

Ընտանիքի հիմնական եկամուտը նպաստն է՝ 25 հազար դրամ, եւ տատիկի ոչ կայուն աշխատավարձը։ Ընդհանուր առմամբ, ամսական ընտանիք է մտնում մոտ 50 հազար դրամ։ Մեկ-մեկ հնարավորության դեպքում ընտանիքին օգնում է տիկին Գայանեի եղբորորդին։

Վերջում մեզ ճանապարհելիս տիկին Գայանեն ասաց՝ «որոշել ենք բարձրաձայնել մեր ապրուստի մասին, քանի որ այլ ելք չունենք»։

Ընտանիքին օգնելու համար կարող եք գրել մեզ՝ [email protected] կամ զանգահարել 010-56-33-63 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ (2)

Hetq
Those wishing to assist this family can write to us at [email protected] or call the Hetq office at 010-56-33-63.
Mark
Dear Sir or Madam, I stumbled across the plight of this family. I am in Gyumri and am interested in contributing a small sum of money to help these folks out. Kindly tell me where I can go to contribute to their relief fund. With Regards, Mark

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter