
«5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով նիստից հետո նրա աջակիցներն ու Վարդգես Գասպարին փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին միմյանց հասցեին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր տեղի ունեցավ «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործի քննությունը:
Թավադյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում, քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Վերը նկարագրված արարքի համար Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
Խոսքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննության ընթացքում դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին է, որի ընթացքում շշով հարվածել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Վերջինս գործով տուժող է:
Գործով մի քանի դատական նիստ է նշանակված եղել, որոնք, սակայն, հետաձգվել են: Այսօրվա դատական նիստին Արմեն Թավադյանը դատարան է բերվել կալանավայրից: Չնայած այս գործի շրջանակներում նրա նկատմամբ ազատազրկման հետ կապված խափանման միջոց ընտրված չէ՝ Թավադյանը մեղադրվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով տուժողներից մեկին ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Այդ գործի շրջանակում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Դատական նիստին ներկա էին նաև Արմեն Թավադյանի աջակիցները: Ներս մտնելիս նրանք ծափահարեցին Թավադյանին, ինչը դուր չեկավ տուժող Վարդգես Գասպարիին: Վերջինս հիշեցրեց, որ Թավադյանը մեղադրվում է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու՝ խուլիգանություն կատարելու մեջ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, հետևաբար, երբ դատարանի դահլիճում ներկաները ծափահարում են նրան, նշանակում է, որ նրանք ևս կոպտորեն խախտում են հասարակական կարգը և կատարում բարոյականության դեմ ուղղված հանցագործություն: Գոնե դատարանի դահլիճում դա չի թույլատրվում, և ես ակնկալում եմ, որ դատարանն ապահովի օրենքի գոնե տարրական պահանջները»,- ասաց Գասպարին:
Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկեց նախագահող դատավորի գործողությունների դեմ:
«Տուժողը գործի հետ առնչություն չունեցող անձանց մեղադրում է հանցագործություն կատարելու մեջ, իսկ դատարանը որևէ կերպ չի ընդհատում նրան»,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ դատավորը որևէ կերպ չի ընդհատում Գասպարիին:
Դատական նիստի ընթացքում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ասաց, որ գործով մեղադրող Մարտին Արզումանյանն իր համակուսեցին է, նրա հետ ունի ընկերական հարաբերություններ: Խուդոյանը նշեց, որ թեև ինքը կասկածի տակ չի դնում դատախազի անաչառությունը՝ հարկ է համարում այդ մասին տեղյակ պահել տուժող կողմին: Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատախազից շտկեց՝ արդյոք Հովհաննես Խուդոյանի համակուրսեցին լինելու հանգամանքը կաշկանդո՞ւմ է նրան, ինչին ի պատասխան դատախազը նշեց, որ այդ հանգամանքով կաշկանդված չէ: Նման պայմաններում դատախազին բացարկ չհայտնեցին:
Դատական նիստի ընթացքում Արմեն Թավադյանը հայտնեց, որ լավ չի տիրապետում հայերեն լեզվին, որ նրա հայերենի իմացությունը խոսակցական մակարդակի է: Նշենք, որ գործի նյութերն այժմ թարգմանվում են ռուսերեն, որին Թավադյանը տիրապետում է: Դատական նիստին ներկա թարգմանիչը հայտնեց, որ առաջիկա օրերին թարգմանությունը պատրաստ կլինի: Նիստը հետաձգվեց:
Դատական նիստի ավարտից հետո դրան ներկա անձինք սկսեցին ծաղրել Վարդգես Գասպարիին, որը պարբերաբար տեսանկարահանում էր իրականացնում:
«Իրեն կանգնած չի սազում, պառկած է սազում»,- ասաց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ քաղաքացի բացականչեց՝ «Գասպարի, սադրիչ», երրորդը հորդորեց «հետևից չգրկել Գասպարիին»:
Լարված իրավիճակը շարունակվեց նաև դատարանի դիմաց՝ ոստիկանների ներկայությամբ: Այստեղ հավաքված քաղաքացիներն ու Գասպարին միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ, ընդհուպ՝ հայհոյանք հնչեցրին:
Մեկնաբանել