HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանում 2 հոգի կորոնավիրուսով են ախտորոշվել

Ռուսաստանի երկու բնակչի մոտ այսօր հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այն ախտորոշվել է Չինաստանի 2 քաղաքացիների մոտ, ովքեր գտնվել են Բայկալի երկրամասում և Տյումենի մարզում։ Սա հաստատել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հիվանդների վիճակը կայուն է, առանց կլինիկական դրսևորումների և առանց տաքության։

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ իրենք զբաղվում են կորոնավիրուսի էպիկենտրոն Չինաստանի Հուբեյ շրջանից իրենց քաղաքացիների տարհանման աշխատանքներով։ Ընդհանուր առմամբ՝ այդտեղ են գտնվում Ռուսաստանի 341 քաղաքացի։ 

Ռուսաստանը պատրաստում է հրամանագիր, որով առաջիկայում կարգելվի Չինաստանից աշխատանքային վիզաների տրամադրումը։ Առաջիկայում նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից Չինաստան ավիափոխադրումները։ Մասնավորապես, կկասեցվի նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը, բացառությամբ «Աերոֆլոտի» կողմից դեպի Պեկին, Շանհայ, Հոնկոնգ և Գուանչժոու իրականացվող ուղիղ չվերթները։ Չվերթները կկասեցվեն փետրվարին 1-ին։ Այդուհանդերձ, չինական ավիաընկերությունները չեն դադարեցրել դեպի Մոսկվա չվերթները։

Նշենք, որ դեռևս հինգաբթի Ռուսաստանը փակել էր Հեռավոր Արևելքում Չինաստանի հետ իր սահմանը։

Ռուսաստանը կսահմանափակի նաև Մոնղոլիայի հետ սահմանային անցումները։ Մինչ այդ, Ռուսաստանը փակել էր ցամաքային սահմանը Չինաստանի հետ։

 2019-nCoV-ը կորոնավիրուսի նոր տեսակ է, որն ախտահարում է թոքերը՝ նպաստելով թոքաբորբի առաջացմանը։ Կորոնավիրուսը նախկինում հայտնի վիրուս է, բայց մինչ այժմ դրա միայն 6 տեսակն է հայտնի եղել ու վարակել մարդուն։

Նշվում է, որ վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդանիներն են, բայց հայտնում են նաև մարդուց մարդուն փոխանցման հնարավոր դեպքերի մասին։ Վարակման ախտանշանները նման են գրիպի ախտանշաններին՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, դժվարություններ և թուլություն։

ԱՀԿ-ն մարդկանց խորհուրդ է տալիս խուսափել կենդանիների հետ շփումից, մանրակրկտորեն եփել ծովամթերքը, միսն ու ձուն։

Երեկ արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է միջազգային արտակարգ իրավիճակ։

Այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 9810 հոգի է, մահացել են 213-ը։ Վարակն ախտորոշվել է 18 երկրներում՝ Թաիլանդում, Ճապոնիայում, Սինգապուրում, Մալազիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կորեայում, Գերմանիայում, ԱՄԷ-ում, Կանադայում, Վիետնամում, Նեպալում, Կամբոջիայում, Շրի Լանկայում, Ֆինլանդիայում, Հնդկաստանում և արդեն՝ Ռուսաստանում։

Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան դեպքեր դեռևս չեն գրանցվել։

Ջոն Հոփքինսի համալսարանը, համադրելով մի քանի տվյալների բազաներ, ստեղծել է վիրուսի գրանցման դեպքերի անընդհատ թարմացվող քարտեզ, որին կարող եք հետևել հղումով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter