
Եզդիաբնակ Թլիկ գյուղի աշակերտները դասադուլ են անում ջուր ունենալու պահանջով
Արդեն երրորդ օրն է՝ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի աշակերտները դասադուլ են անում: «Դպրոցի 26 աշակերտից 23-ը դասադուլ են անում ջրի համար»,- այսօր մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Թլիկի բնակիչ, դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանը՝ նշելով, որ միայն գյուղապետի երեխաները չեն մասնակցում դասադուլին: Ըստ Մստոյանի՝ գյուղն արդեն երկու ամիս չի կարողանում ջուր վերցնել Ախուրյան գետից: Այդ ջուրն օգտագործվում է կենցաղի ու անասունների համար:
Եզդիաբնակ այս գյուղը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյանի ափին: 1993-ից մինչ օրս գյուղը խմելու ջուր չունի: Բնակիչներն այն գնում են Թալինից 7 կամ 10 օրը մեկ եկող ջրի մեքենայից: Իսկ կենցաղի եւ անասունների համար ջուրը պոմպի միջոցով վերցնում են Ախուրյանից: Ջուրը հավաքվում է գյուղում դրված մեծ ցիստեռնի մեջ, որից օգտվում են բնակիչները: Այս ջրի համար եւս վճարում են:
Ալիկ Մստոյանի փոխանցմամբ՝ արդեն երկու ամիս է՝ իրենք ստիպված են գնել թե՛ խմելու, թե՛ կենցաղային ջուրը: Ըստ նրա՝ պոմպով ջուր չստանալու պատճառը նոր տեղադրված ենթակայանի հոսանքի միացման հարցն է, որն անընդհատ ձգձգվում է:
Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը, անդրադառնալով աշակերտների դասադուլին, նշում է, թե բացի իր երեխաներից եւս 9 երեխա է դասի գնացել: Ըստ նրա՝ դպրոց չհաճախած երեխաների մի մասը հիվանդացել է, մյուսը մասն էլ գյուղում չէ: Գյուղապետի խոսքով՝ մի քանի ընտանիք է, որոնց երեխաները դասադուլ են անում, ինչը պայմանավորված է այդ ընտանիքների շահերով: «Դպրոցական էրեխեքն ի՞նչ գործ ունեն ջրի հարցի հետ, թող մեծահասակները գան, իրար հետ գնանք կառավարություն, մարզպետարան՝ հարցը միասին բարձրացնենք, ոչ թե իրենց երեխաներին չուղարկեն դպրոց կամ ճանապարհ փակեն»,- ասում է Սլավիկ Սալոյանը:
Ինչ վերաբերում է երկու ամիս ջուր չունենալու հարցին, գյուղապետն այսպես է պատասխանում. «Մինչեւ էլցանցերից թույլտվությունը չգա, չեն միացնում: Մեր ձեռը բան չկա: Մենք թղթաբանություններով լրիվ արել ենք, հենա՝ տենդեր շահողն էլ էսօրվա մեջ տանելու է տեղ հասցնի, որ երկուշաբթի միացումները տան»:
Գյուղապետն ասում է, թե միայն մեկ ամիս է, որ գյուղում կենցաղի ու անասունի ջուր չկա: «Մինչեւ դեկտեմբերի 15-ը մենք միացումները տվել ենք, ջուրը տվել ենք գյուղին: Մարդիկ աշխատում էին, գիծն էին փոխում, քանի որ գյուղացիների ընտրած պոմպը, որ հզոր պոմպ էր, հոսանքը չէր հերիքում, հրատապ ծրագրով գյուղին սուբսիդավորել են 7 միլիոնով, հիմա շինարարը ավարտին է հասցրել, մնացել է էդ պոմպը միացնեն, թե չէ էնտեղ ուրիշ խնդիր չի եղել»:
Խմելու ջրի մասին էլ, որից գյուղը տարիներով զրկված է, Սալոյանն ասում է, թե այդ հարցն էլ է ընթացքի մեջ: Դեռ նախորդ տարվա հուլիսին գյուղապետն ասում էր, թե հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Թլիկը խմելու ջուր կունենա: Նշել էր, որ արդեն ուսումնասիրվել է փորվելիք խորքային հորի տեղանքը, համայնքապետարանն իրենից կախված բոլոր քայլերն արել է, ու հերթը հորատող կազմակերպությանն է: Տարին ավարտվել է, բայց Թլիկը խմելու ջուր չունի: Սալոյանը Թլիկը ղեկավարում է 2015-ից, այս տարվա հունվարին վերընտրվել է, բայց մինչ օրս չի կարողացել լուծել գյուղի թիվ մեկ խնդիրը՝ խմելու ջրի հարցը:
Մեկնաբանել