HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա

Մինչ Չինաստանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձում են պայքարել կորոնավիրուսի հնարավոր տարածման դեմ, արևմտյան տնտեսագետները կանխատեսում են, թե համաշխարհային տնտեսության վրա ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսը։ Որոշ տնտեսագետներ ահազանգում են հնարավոր վտանգների մասին, որոնք կարող են հավասարազոր լինել 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամին։

Իրավամբ կորոնավիրուսի տարածումն իրական վտանգ է համաշխարհային տնտեսության համար, թեկուզ միայն այն պատճառով, որ անվանական ՀՆԱ-ի ցուցանիշներով Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսությունն է, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ առաջինը։

Moody’s համաշխարհային վարկանիշային գործակալության ավագ տնտեսագետ Ջոն Լոնսկին կարծում է, որ համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի հնարավոր հետևանքները կարող են լինել շատ ավելի աղետալի, քան նախորդ տասնամյակի ֆինանսական ճգնաժամը։ Ընդ որում, ի տարբերություն ֆինանսական ճգնաժամի՝ իշխանությունները դեռևս անկարող են շտկել իրավիճակը։ Պատճառը կորոնավիրուսի պատվաստանյութի բացակայությունն է։

SARS վիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա

Իրականում նմանատիպ իրավիճակ տեղի է ունեցել 2002-2003 թվականներին, երբ SARS կորոնավիրուսի համաճարակը, որը մասնագիտական գրականության մեջ հանդիպում է նաև «անսովոր թոքաբորբ» անվամբ, սկսվել էր Չինաստանում և տարածվել աշխարհի շուրջ 25 երկրներում։ Արդյունքում զոհվել էր 800 մարդ կամ ամեն տասներորդ վարակվածը։

Որոշ հաշվարկների համաձայն՝ SARS վիրուսը համաշխարհային տնտեսությանն արժեցել է 40 միլիարդ դոլար։ Բայց այդ ժամանակ Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան չէր գերազանցում 1,7 տրիլիոն դոլարը, իսկ ներկայում այն գերազանցում է 15 տրիլիոն դոլարը։ Եթե ավելի պարզ ասենք, Չինաստանի ՀՆԱ-ն ներկայում կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 17 %-ը: Այսօր ժամանակակից Չինաստանն այնքան է ներգրավվել համաշխարհային առևտրի, արդյունաբերության և ֆինանսական գործընթացների մեջ, որ կորոնավիրուսի հնարավոր ազդեցությունը կզգան նաև մյուս տնտեսությունները:

SARS վիրուսի տարածման ժամանակ աշխարհում սկսվել էր մեծ խուճապ։ Վերլուծաբաններն ու տնտեսագետները մշակել էին բացասական սցենարներ և կանխատուսումներ, որոնց կարող էր առճակատվել համաշխարհային տնտեսությունը։ Սակայն հետևանքները եղան առավելագույնս չնչին և կարճաժամկետ։ Համաշխարհային տնտեսությունը կարողացավ արագորեն հաղթահարել համաճարակի բացասական ազդեցությունը։

Ո՞վ կտուժի ամենից շատ

Բնականաբար՝ Չինաստանը։ Դեռ անցած տարի չինական տնտեսության զարգացումը սկսել էր հապաղել։ 2019 թվականին չինական տնտեսության աճը կազմել է 6,1 %։ Այս ցուցանիշն ամենացածրն է նախորդ 20 տարիների ընթացքում։ Տնտեսագետները նշում են մի քանի պատճառ։ Մասնավորապես, Չինաստանն անցում է կատարել տնտեսական աճի առավել հասուն մոդելի, որը շեշտադրումը չի դնում արտադրության աճի վրա։ Այլ պատճառների թվում են ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմները և քաղաքական անկայուն վիճակը Հոնկոնգում։

Կորոնավիրուսից ամենաշատը տուժել են ենթակառուցվածքները (հատկապես՝ տրանսպորտը), մանրածախ առևտուրը, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը։ Հարվածի տակ է նաև արդյունաբերությունը։ Հուբեյ նահանգում փակ են բազմաթիվ ձեռնարկություններ: Պատճառը չինական իշխանությունների կողմից հայտարարված կարանտինն է։ Տրանսպորտային խափանումների պատճառով էլ խնդիր կա ապրանքների առաքման հետ։ Դադարեցվել են աշխատանքներն այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են «Toyota»-ն, «Volkswagen»-ը, փակ են Starbucks-ները և «McDonald's»-ները։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մյուս երկրների վրա

Չինաստանն արդյունաբերական և սպառողական ապրանքների աշխարհի խոշորագույն մատակարարն է։ Համաշխարհային տնտեսությունում վերը նշված բոլոր մատակարարումների ⅕ մասը բաժին է հասնում Չինաստանին։ Մեծապես տուժել են նաև Վիետնամի, Հարավային Կորեայի, Կամբոջայի, Սինգապուրի և Ճապոնիայի զբոսաշրջային ուղղությունները, որոնք այս օրերին ավանդաբար ընդունել են հազարավոր չինացի զբոսաշրջիկների։

Արդյունաբերության հապաղումը վտանգավոր է հանածո հումքի հիմնական մատակարարներ հանդիսացող Ավստրալիայի և Բրազիլիայի տնտեսությունների համար։ Եվրոպայի և ԱՄՆ-ի համար ազդեցությունը դեռևս անուղղակի է։ Հիմնականում կրճատվել են չինացի զբոսաշրջիկների և պերճանքի պարագաներ օգտագործող չինացի սպառողների թիվը։ Իհարկե արևմտյան ընկերությունները, Չինաստանում հավաքվող ապրանքների գործունեության դանդաղեցման արդյունքում, ստիպված կլինեն փնտրել այլընտրանքային մատակարարներ, որը ենթադրելու է հավելյալ ծախսեր և եկամուտների կրճատում։ Տնտեսագետները նշում են, որ առավել շատ կտուժի փոքր և միջին բիզնեսը, որն ի տարբերություն խոշոր ընկերությունների, չունի բավականաչափ միջոցներ և փորձ՝ հնարավոր վնասները չեզոքացնելու համար։

Համաճարակը վախեցնում է հնարավոր ներդրողներին։ Նրանք վաճառում են իրենց ակտիվները, որոնք էժանանում են տնտեսության համար ծանր ժամանակներում։ «Bloomberg» գործակալության տվյալներով՝ նավթի գինը հասել է տարեկան մինիմումի, քանի որ Չինաստանը 20 %-ով կրճատել է նավթի ներկրումը։ Սա հատկանշական է այն առումով, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն նավթ ներկրողն է։ Գործակալությունը նավթային շուկայի համար պահանջարկի կրճատման նման ցուցանիշն անվանել է շոկային, որը տեղի չէր ունեցել 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ Նավթի գների անկման պատճառով՝ ՕՊԵԿ-ը որոշել է կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որին, արդեն իսկ, դեմ է արտահայտվել Ռուսաստանը։ «Reuters» գործակալությունը նշում է, որ նախատեսվում է օրական արդյունահանվող նավթի ծավալները կրճատել 500 000 բարելով, իսկ «Wall Street Journal»-ն էլ գրում է, որ 1 միլիոն բարելով կրճատում կանի միայն Սաուդյան Արաբիան։

Moody’s գործակալությունն իրականացրած հետազոտության մեջ նշում է, որ կտուժի նաև մետաղների շուկան, որը լուրջ ցուցանիշ է համաշխարհային տնտեսության համար։ Արդյունաբերության մեջ կիրառվող մետաղների գները (պղինձ, նիկել, ալյումին), կորոնավիրուսի տարածումից հետո, միջինում ընկել են 7 %-ով։ Այդպիսի ցուցանիշ չի արձանագրվել նույնիսկ Ամերիկա-Չինաստան առևտրային պատերազմների ժամանակ։

Կորոնավիրուսի տարածման պատճառով հունվարի 23-ից փակված չինական ֆոնդային շուկան, որը բացվել է միայն փետրվարի 3-ին, շուրջ 8 %-ով անկում է գրանցել։ Իջել է նաև յուանի փոխարժեքը։ Աճում են զարգացած երկրների պարտատոմսերի արժեքները, քանի որ ներդրողները փորձում են գնել ապահով ակտիվներ և վաճառել ռիսկայինները։ Կապիտալի կտրուկ և մասշտաբային հոսքը սովորաբար ուղեկցվում է դևալվացիայով, ներկրման գների աճով և ներդրումների կրճատմամբ։

Արդեն իսկ նկատելի է կորոնավիրուսի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա։ Ռուսական շուկաները դարձել են ոչ կայուն, ռուբլին թուլանում է, իսկ առևտրի ցանցերը հրաժարվում են Չինաստանում արտադրված բանջարեղենից և մրգերից։ Սրանք դեռևս առաջնային խնդիրներն են։ Խնդիրների հետևանքների իրական մասշտաբը կախված կլինի նրանից, թե ինչքան կձգվի համաճարակը և դրա շուրջ ծավալվող խուճապը։

Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 824 միլիոն դոլար, որը 122,5 միլիոն դոլարով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Չինաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում կազմել է 11,4 %, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել էր 10,5 %:

«Հետք»-ն արդեն տեղեկացրել էր, որ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։ Վերջին տվյալներով կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի, իսկ վարակվածներինը՝ 20438։ 

Գլխավոր լուսանկարը՝ nbcnews.com-ի

Մեկնաբանություններ (1)

Artur Grigoryan
Այս պարբերությունա մեջ կարմիր գույնով նշված հղումները նույն տվյալների բազան են տանում՝ առանց որևէ տարբերության: Խնդրում եմ ուղղել և ներկայացնել PPP-ով ցուցանիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter