
Վարդան Հարությունյանն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» գործով դատաքննություն է նշանակվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն, այսօր՝ փետրվարի 4-ին, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, որոշել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» գործով դատաքննություն նշանակել։
Այսօրվա նախնական դատական նիստում ապացուցման բեռն է բաշխվել։ Վարդան Հարությունյանի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ստացած հարցման պատասխանը, որը կցվել է գործի նյութերին։ Փաստաթղթի համաձայն՝ Վարդան Հարությունյանի ներկայացուցիչը չինական ընկերությունից հետաքրքրվել է, թե արդյոք Վրաստանից ՀԴՄ սարքերի վերաբերյալ գնհարցում է կատարվել և ինչ պատասխան է տրվել դրան։
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը դիմել է դատարան և պահանջում է պարտավորեցնել «Հետաքննող լրագրողների»-ին իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել։ Որպես փոխհատուցում՝ Վարդան Հարությունյանը «Հետաքննող լրագրողներ»-ից պահանջում է 1 դրամ։
Հարությունյանի կողմից հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախորդ տարի «Հետքում» հրապարակված՝ «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածը։ Նյութի առանցքը ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունն էր։ Ի լրումն ՊԵԿ հաղորդագրության` «Հետք»-ը մանրամասներ էր հրապարակել իր կատարած հետաքննությունից՝ հայտնելով, որ այդ գործարքը վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրին, որով մատակարարվել էր 25․000 «Pax S 900» մոդելի ՀԴՄ։
«Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը «Սմարթ Սոլյուշնս» ընկերությունն է, որի միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: Այս ընկերության բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, պատկանում են Շանթ Եղիազարյանին ու Գոռ Անանյանին։ Շանթ Եղիազարյանն աշխատում է Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում, իսկ Գոռ Անանյանը Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի մտերիմն է։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2020 թ.-ի փետրվարի 20-ին։ «Հետք»-ի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Կարեն Տոնոյանը։
Մեկնաբանել