ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով․ հարուցվել է քրեական գործ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված 25․000 «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով:
«Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»,- հայտնել է ՊԵԿ-ը։
Ամիսներ շարունակ «Հետք»-ը չէր կարողանում ՊԵԿ-ից ստանալ Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գնման պայմանագրերը, քանի որ կոմիտեն հղում էր կատարում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին։ Պատճառաբանում էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:
«Հետք»-ն ամիսներ առաջ ՀԴՄ սարքերի գնման մասին հետաքննություն էր հրապարակել։ Հայտնել էինք, որ ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է 70 տոկոս ավել բարձր գնով, նաեւ որ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% ավել։
Այս համատեսքտում պարզվել է նաև, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետեւանքով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել։ Սակայն կոմիտեն չի պարզաբանել, թե ովքեր են ՊԵԿ այդ բարձրաստիճան պաշտոնյաները։ Պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի տրամադրման մերժումը ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն բողոքարկել էր դատական կարգով` հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։
Վարչական դատարանը երեկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցի հիման վրա պետական եկամուտների կոմիտեին պարտավորեցրեց տրամադրել ՀԴՄ-ների գնման բոլոր պայմանագրերի պատճեները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք, ըստ կառավարության որոշմանը, համարվում են գաղտնի։ Բացի այդ, ՊԵԿ-ը պարտավոր է պարզաբանել՝ արդյոք «Պաքս Թեքնոլոջի» և «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերություններից ՀԴՄ-ները գնելու համար կապ է հաստատել հայաստանյա՞ն ներկայացուցիչների միջոցով, և եթե այո, ապա ովքեր են նրանք:
Կարդացե՛ք նաև
- Դատարանը պարտավորեցրեց ՊԵԿ-ին «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերը
- Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել