HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանագետ. «Վաղ թե ուշ բանակցային սեղանին դրվելու են կարգավորման սկզբունքները»

Հարցազրույց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ

-Տիկին Էլիբեգովա, օրեր առաջ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը, ասել էիք, որ փաստացի ունենք բանակցային փուլ, որը ծավալվում է ինչ-որ փաստաթղթի շուրջ: Ո՞րն է նման եզրահանգման հիմքը, եւ նոր ձեւավորվող փաստաթուղթը, Ձեր կարծիքով, ինչո՞վ է տարբերվելու նախորդներից:

-Հիմքը շարադրված է Ժնեւում հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Այնտեղ հստակ նշվում է ժամանակացույցի եւ օրակարգի առկայությունը, նաեւ խոսվում է բանակցային սկզբունքների եւ դրույթների հստակեցման մասին։ Դա նշանակում է, որ արդեն ունենք հստակ ճանապարհային քարտեզ, որը, ըստ երեւույթին, եռօրյա բանակցությունների արդյունք է։ Իսկ եթե կա հստակ օրակարգ, նշանակում է՝ արդեն ընթանում են բանակցություններ։ Եթե կողմերը պարտավորեցվել են կատարել 2019-ի պայմանավորվածությունները եւ նորերը ձեռնարկել 2020-ին, դրանց հիմքում պետք է լինի փաստաթուղթ, ինչի հիման վրա են կողմերը պայմանավորվում։ Դա նույնիսկ զուտ մարդասիրական ակցիաների դեպքում է պետք, հակառակ դեպքում Մինսկի խումբը ինչպե՞ս է կազմակերպելու, օրինակ, փոխայցեր. բանավոր զրույցների հիման վրա՞, դա անլուրջ է։

Ինչ վերաբերում է բուն խնդրի լուծմանը վերաբերող փաստաթղթին, ապա հայկական կողմը պնդում է, որ այս պահին «մադրիդյան սկզբունքներն» իրենց մոդիֆիկացիաներով հանդերձ չկան սեղանին, ադրբեջանական կողմը պնդում է, որ կան։ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին խնդրում են պահպանել կոնֆիդենցիալություն եւ չմանրամասնել պրոցեսը։ Եթե նույնիսկ ենթադրում ենք,որ փաստաթուղթը հենց այս պահին չկա, դա երկար տեւել չի կարող, Ադրբեջանը ուղղակի չի գա բանակցությունների խաղաղության ամրապնդման միջոցառումներն անվերջ քննարկելու, բազմիցս սպառնացել է դիմել ռազմական ճանապարհի՝ ճնշում գործադրելու համար։ Այսինքն՝ հասկանալի է, որ անվերջ երկար չբանակցել չի ստացվելու, վաղ թե ուշ սեղանին դրվելու են կարգավորման սկզբունքները։ Կլինեն էլի հները, թե ինչ-որ հրաշքով կողմերը ինչ-որ նոր բան կհնարեն, ինչն այս 25 տարում ոչ ոքի մտքով չէր անցել, դժվար է կանխատեսել։

-Եթե արդեն սկսվել են բանակցությունները, եւ կա հստակ ճանապարհային քարտեզ, ապա ինչի՞ շուրջ են բանակցելու կողմերը, փոխզիջումային ի՞նչ հնարավոր տարբերակներ են քննարկվելու՝ հաշվի առնելով, որ, հայկական կողմի հավաստմամբ, «մադրդիյան սկզբունքները» դրված չեն սեղանին:

-Ինձ էլ շատ հետաքրքրում է այդ հարցը, բայց քանի որ այսուհետ խիստ կոնֆիդենցիալ է ընթանալու պրոցեսը, այդ մասին կիմանանք այն ժամանակ, երբ փաստաթուղթը պատրաստ կլինի:

-Ժնեւյան հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին: Այդ համայնքի ղեկավարն էլ ասել էր, թե իրենց հիմնական ցանկությունը եւ պահանջն է վերադառնալ Ղարաբաղ ու վերականգնել իրենց սեփականությունը: Մյուս կողմից՝ ՀՀ նոր իշխանությունները որդեգրել են Արցախի իշխանություններին բանակցայինն սեղանին վերադարձնելու քաղաքականություն: Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանը փորձում է հակակշռել հայկական կողմի այս դիրքորոշմանը՝ փորձելով «ադրբեջանական համայնքին» բերել բանակցային գործընթաց:

 -Այո, միանշանակ փորձում է, եւ այս պրոցեսը մեկնարկել է դեռ 2018 թվականի երկրորդ կեսից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանական կողմը արագ վերադիրքավորվեց եւ հիշեցրեց իր հին առաջարկը միջհամայնքային շփումների մասին, այսինքն՝ 2+2 ֆորմատը, ըստ որի՝ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են մի մակարդակում, Ստեփանակերտը այսպես կոչված ադրբեջանական համայնքի հետ՝ մյուս։ Սա մեզ համար անընդունելի տարբերակ է, իհարկե։ Այդ համայնքի ներկայացուցիչը չպետք է իր սուբյեկտայնությամբ հավասարվի Ստեփանակերտին, իրենց մաքսիմումը մեր փախստականների շահերը ներկայացնող ՀԿ-ներն են։ Բայց այս մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարել ադրբեջանական կողմը, այդ կառույցի ղեկավարը՝ Թուրալ Հանջալիեւը, ե՛ւ երկիր եկող պաշտոնական պատվիրակությունների հետ է հանդիպում, այդ թվում՝ ՄԽ համանախագահների, ե՛ւ արտասահման գործուղումների է գնում, ե՛ւ դեսպանների հետ ակտիվ շփվում, ե՛ւ մեկնաբանում Արցախին վերաբերող ցանկացած հարց։ Կիրակի օրն էլ գնում է պառլամենտական ընտրությունների՝ որպես Ստեփանակերտի 122-րդ ընտրատեղամասից պատգամավորի թեկնածու։

-Դեռ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ եթե բանակցային գործընթացում ձեւավորվի այնպիսի լուծում, որն ընդունելի կհամարվի հայ ժողովրդի համար, դրա շուրջ համազգային քննարկում կլինի, եւ որոշումներն էլ պետք է կայացվեն համազգային ձեւաչափով: Կարելի՞ է ենթադրել, որ ինչքան էլ այս փուլում բանակցությունները կոնֆիդենցիալ լինեն, միեւնույնն է՝ վերջնական փաստաթուղթը կամ առաջարկները քննարկվելու են համազգային ձեւաչափով:

-Հայ ժողովուրդը համազգային ձեւաչափով 30 տարի առաջ իր որոշումն արդեն կայացրել է, այդ հարցը փակ է: Որեւէ հետքայլ այդ դիրքորոշումից հանրաքվեով թե այլ ձեւաչափով չի ընդունվի հանրության կողմից: Ավելին՝ երբ հայկական կողմն առաջարկում է գտնել լուծում, որն ընդունելի կլինի ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմի համար, ինչո՞ւ հանրությանը չեն հարցնում, թե արդյոք այդ մոտեցմանը կողմ ենք: Կամ միգուցե վերջապես մեզ ներկայացվի, թե այդ նոր պաշտոնական դիրքորոշման դրույթն ինչ է նշանակում, այդ ի՞նչ լուծում է. օրինակ՝ ադրբեջանցիների վերաբնակեցումն Արցախում մտնո՞ւմ է նման լուծման ձեւակերպման մեջ:

-Ձեր ձեւակերպմամբ արդեն իսկ սկսված բանակցություններից ի՞նչ սպասել:

-Այս փուլում կկենտրոնանան տեխնիկական միջոցառումների վրա, փոխվստահության մթնոլորտ ստեղծելու փորձերի վրա, համատեղ այցեր, ինչ-որ հումանիտար ծրագրեր, որոնք բուն հարցի լուծմանը չեն մոտեցնի, բայց կստեղծեն կողմերի դիրքորոշումների մոտեցման իմտիտացիա: Ադրբեջանն, իհարկե, որեւէ քայլ չի անելու խաղաղությանը նախապատրաստվելու, իր հակահայկական քարոզչությանը եւ հայատյաց գաղափարախոսությանը վերջ դնելու ուղղությամբ: Հետեւաբար, այս պրոցեսից մեծ սպասումներ ունենալ չարժե, բայց հանրությանը դա կմատուցվի որպես առաջխաղացում գործընթացում:

Լուսանկարը՝ Ա. Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter