HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազն ու քննիչը կարծում են, որ քրեական գործ հարուցելու որոշմամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքը չի խախտվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով քննիչ Խորեն Մեժլումյանը կարծում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով քրեական գործ հարուցելու որոշմամբ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացել, որ Գրիգորյանի իրավունքների խախտում տեղի չի ունեցել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր նշանակված էր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, որի ժամանակ քննիչ Մեժլումյանն ու դատախազ Վահե Դոլմազյանը ներկայացրին բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։

Հիշեցնենք որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ով նախորդ տարվա մայիսին կայացրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ինչպես նաև  նրա, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները։

Այս որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրած եղել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը։

Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումներից կարճ ժամանակ անց՝  գլխավոր դատախազը Սերգո Փանոսյանի բողոքի հիման վրա վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։

2019-ի հուլիսի 16-ին իրավապահները խուզարկել են Գրիգորյանի աշխատասենյակը, առգրավում իրականացրել, կնքել նրա աշխատասենյակի դուռը։ Ապա Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Այս իրադարձություններից շուրջ 7 ամիս անց գործով դեռևս նախաքննություն է ընթանում։ 7 ամիս Հատուկ քննչական ծառայությունը փորձում է պարզել՝ քաղաքացի Սերգո Փանոսյանի մասնակցությամբ դատական գործով նիստի օրվա և ժամի վերաբերյալ ենթադրյալ կեղծ ծանուցագիրն ում կողմից, ինչ հանգամանքներ է ստեղծվել։

Նախորդ դատական նիստի ընթացքում քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը ներկայացնելիս Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը նշել է, որ  քրեական գործ հարուցելու որոշման մեջ առկա են ձևակերպումներ, որոնք ուղղակի մատնանշում են, որ որոշմամբ արձանագրված հանցագործությունը կատարել է հենց դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Այսօրվա դատական նիստի մեկնարկին Գեորգի Մելիքյանը դատախազին ու քննիչին հարցրեց, թե քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ ո՞ւմ են նկատի ունեցել «դատական իշխանության ղեկավար մարմնի աշխատող» ձևակերպումն անելիս։ Նշենք, որ քրգործ հարուցելու որոշման մեջ ասվում է, թե «դատական իշխանության ղեկավար մարմնի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք է կատարվել»։

Այս հարցին ի պատասխան քննիչը մի քանի ձևակերպումներ տալուց հետո ասաց, որ խոսքը, բնականաբար, դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է։

Դատախազ Վահե Դոլմազյանն էլ դատարանի ուշադրությունը հրավիրեց փոքրիկ նրբությունների վրա, որոնք, ըստ նրա, կարևոր նշանակություն ունեն։ Դոլմազյանը նշեց, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ արտահայտություն է արվում այն մասին, որ Սերգո Փանոսյանն է պարզել դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու համագամանքն ու դրա վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, այլ ոչ թե վարույթն իրականացնող մարմինը։

Ըստ Դոլմազյանի՝ քրեական գործ հարուցելու որոշման մեջ շարադրվել է այն ամենն, ինչ ասել է հանցագործության մասին հաղորդում տված անձը, իսկ նա տվել է հենց դատավոր Դավիթ Գրիգորյանի անունը։

Դատախազն, այնուամենայիվ, ընդունեց, որ «դատական իշխանության ղեկավար մարմնի աշխատակիցը» ոչ այլ ոք է, քան դատավորը, որ քրեական գործ հարուցելու որոշումից կարելի է տրամաբանորեն հանգել հետևության, որ խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է։

«Դատական իշխանությունը վերացական լինել չի կարող։ Կոնկրետ գործին կոնկրետ դատավոր է առնչվում»,- ասաց Դոլմազյանը:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, և դատավոր Արսեն Նիկողոսյանը այս որոշումը բեկանել է։ Դրանում Նիկողոսյանն արձանագրել է, որ թեև Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու պահին ֆորմալ առումով նա մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել՝ փաստացի, նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։

Այս որոշումը վկայակոչելով՝ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը նշում է, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, փաստորեն, քրեական հետապնդում է իրականացվել առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության, այսինքն՝ առանց դատավորի անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու։ Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ։

Դատախազ Վահե Դոլմազյանը պաշտպանի այս պնդմանն անդրադառնալով՝  ասաց, որ թեև  խուզարկություն իրականացնելու թույլտվության մասին որոշումը բեկանվել է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ Գրիգորյանի իրավունքի խախտում չի արձանագրվել։

Դոլմազյանը նաև հիշեցրեց, որ ԲԴԽ-ն քննության առարկա է դարձրել Գրիգորյանի հետ տեղի ունեցած  իրավական գործընթացքների հարցն, ու այս մարմինը ևս քրեական գործ հարուցելու որոշմամբ խախտման փաստ չի արձանագրել։ Վահե Դոլմազյանը նաև նշեց, որ ԲԴԽ-ն գործերը քննելիս, ըստ էության, հանդես է գալիս որպես դատարան։ Այս հանգամանքին արձագանքելով՝ Գևերգի Մելիքյանը նշեց, որ եթե ԲԴԽ-ն դատարան է, ապա պետք է լինի նրա կայացրած որոշումը բողոքարկելու քրեադատավարական ընթացակարգ, որը չկա։

«Եթե  գտնում եք, որ ԲԴԽ-ն կապ չունի քրեական դատավարության օրենսգրքի հետ, ինչո՞ւ եք ասում, որ քրեական գործի հարուցումից առաջ պետք էր դիմել ԲԴԽ-ին»,- հակադարձեց Վահե Դոլմազյանը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում քրեական գործից որոշ փաստաթղթեր տրամադրվեցին դատավորին, որոնց նա դեռևս պետք է ծանոթանա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 11-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter