HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղավիացիայի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է նախատեսում

Անցյալ տարի պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղավիացիայի կոմիտեում իրականացրել էր ուսումնասիրություն եւ պարզել մի շարք հանգամանքներ: ՊՎԾ-ն, մասնավորապես, հայտնել էր, որ օրենսդրությամբ միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման, իսկ օդանավ շահագործող ընկերություններից մեկն էլ ՔԱԿ-ի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի իր ձեռնարկում նշել է ավելի քան 70 ուղղաթիռադաշտ, որոնք դեռեւս սերտիֆիկացված չեն:

ՔԱԿ-ը մեր հարցմանն ի պատասխան հաստատել է, որ խոսքը «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի մասին է, որը Հայաստանում քաղաքացիական ուղղաթիռներ շահագործող միակ ավիաընկերությունն է: 

«Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, թե ինչ ասել է աերոդրոմ, ուղղաթիռադաշտ եւ օդանավակայան:

Այսպես՝ աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային տարածքը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման եւ երթեւեկության նպատակներով:

Ուղղաթիռադաշտ (հրապարակ) է համարվում հողային (ջրային) տարածքը կամ հատուկ նախապատրաստված հրապարակը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ապահովում է ուղղաթիռների ինքնաթիռային կամ ուղղաթիռային թռիչք-վայրէջքը, գետնավարումը, պահպանումը եւ սպասարկումը:

Օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղեւորների, բեռների եւ փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը եւ այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով եւ համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով:

Օդանավակայանները լինում են միջազգային եւ ներքին: Միջազգային օդանավակայան է համարվում ՀՀ տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան՝ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային եւ նմանատիպ ընթացակարգեր: Ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը:

Օրենքը սահմանում է, որ միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման:

Կոմիտեին հարցրել էինք, թե ինչու մինչեւ հիմա չեն սերտիֆիկացվել «Արմենիան Հելիքոփթերսի» ձեռնարկում նշված ուղղաթիռադաշտերը: Ի պատասխան՝ ՔԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը նշել է, թե 70 ուղղաթիռադաշտերից ոչ մեկը չի հանդիսանում միջազգային կամ ներքին օդանավակայանի ուղղաթիռադաշտ, ուստի կոմիտեն ներկայիս գործող օրենսդրությամբ որեւէ հիմք չի ունեցել եւ չունի դրանց սերտիֆիկացման համար:

Նկատենք, որ «Արմենիան Հելիքոփթերսը» բազավորվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, եւ, ըստ ընկերության կայքի, կարող է իրականացնել ոչ կանոնավոր չվերթներ (Հայաստանի տարածքում եւ դեպի Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա), ինչպես նաեւ ունի ներհայաստանյան օդային էքսկուրսիաների համար մշակված երթուղիներ (այդ թվում՝ կանգառներով):   

Հարցրել էինք նաեւ Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքում վերջերս գործարկված թռիչքուղու մասին, որն օգտագործում են Արմեն Սարգսյանին ու Դավիթ Սարգսյանին պատկանող «Cessna» տիպի 4-տեղանոց (1 օդաչու + 3 ուղեւոր) ինքնաթիռները (EK-SKY եւ EK-FLY գրանցումներով համապատասխանաբար): Հ. Գասպարյանը հայտնել է, որ այս թռիչքուղին եւս չի սերտիֆիկացվել այն նույն պատճառով, ինչ «Արմենիան Հելիքոփթերսի» ուղղաթիռադաշտերը: «Հարկ ենք համարում նշել, որ կոմիտեում թռիչքուղին շահագործողի հետ աշխատանքային կարգով քննարկվել են թռիչքուղու շահագործման պայմանները»,- հայտնել է ՔԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:  

Ասվածից, ըստ էության, բխում է, որ թե՛ «Արմենիան Հելիքոփթերսի» ձեռնարկում նշվածները, թե՛ Եղվարդի թռիչքուղին չեն բավարարում ուղղաթիռադաշտ եւ աերոդրոմ համարվելու չափանիշները, այսինքն՝ դրանք ուղղակի հարթակներ են, որտեղ իրականացվում է կամ տեսականորեն կարող է իրականացվել օդանավերի թռիչք-վայրէջք: Հ. Գասպարյանը նշել է, որ ՔԱԿ-ի կողմից նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ «Ավիացիայի մասին» օրենքում կատարվելու են փոփոխություններ եւ լրացումներ, ինչից հետո պետք է հաստատվի «Օդանավերի թռիչք-վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջները եւ դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգը»:

«Նշված փոփոխությունների ընդունումից հետո կոմիտեն կանդրադառնա ինչպես ուղղաթիռադաշտերի, այնպես էլ թռիչքուղիների շահագործման թույլտվություն տրամադրելու հարցին՝ համաձայն նշված կարգով սահմանված պահանջների»,- հայտնել է ՔԱԿ-ի աշխատակիցը:

Այսինքն՝ ներկայում կա օրենսդրական բաց, որը նախատեսվում է լրացնել առաջիկայում: Այդ բացը վերաբերում է նաեւ պատասխանատվության կողմին: Մասնավորապես մեր հարցին, թե օրենսդրորեն արդյոք թույլատրվում է սերտիֆիկացում չանցած աերոդրոմների կամ ուղղաթիռադաշտերի շահագործումը, եւ պատասխանատվության ինչ մեխանիզմներ են գործում, Հայսեր Գասպարյանը պատասխանել է, որ ներկայում նման մեխանիզմներ չկան, բայց նախատեսվում է դրանք սահմանել վերը նշված օրենսդրական փոփոխությունների շրջանակներում:  

Վերադառնալով միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) պարտադիր սերտիֆիկացմանը՝ նշենք, որ պետությունները պարտավոր են սերտիֆիկացնել միջազգային փոխադրումների համար նախատեսված աերոդրոմները՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 հավելվածի: Այսինքն՝ անկախ ներքին օրենսդրության պահանջներից՝ կոնվենցիան պարտադրում է միջազգային թռիչքներ ընդունող եւ ճանապարհող աերոդրոմների սերտիֆիկացումը: «Ավիացիայի մասին» օրենքն իր հերթին նշում է, որ թե՛ դրանց, թե՛ ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) պարտադիր սերտիֆիկացման կարգը եւ շահագործման պայմանները սահմանում է ՔԱԿ-ը, որը նաեւ սերտիֆիկատ տվողն է:

Լուսանկարները՝ «Արմենիան Հելիքոփթերսի» եւ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջերից 
Առաջին լուսանկարում՝ «R66» ուղղաթիռը՝ Վահագնի թաղամասում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter