
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Բավրայի մաքսատան հերթափոխի պետին, ում կալանավորելու միջնորդությունը երեկ մերժվել էր
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել «Բավրա» մաքսակետի հետթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Վերջինիս խոսքով՝ Հակոբջանյանին կալանավորելու երկրորդ միջնորդության մեջ ԱԱԾ-ն դրել է այն նույն հիմքերն ու հիմնավորումները, որոնք եղել են առաջին միջնորդության մեջ։
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբջանյանը ձերբակալվել է փետրվարի 6-ին, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քննելով միջնորդությունը՝ երեկ որոշել է մերժել այն, սակայն Հակոբջանյանն ազատ չի արձակվել։ Պաշտպանին պատճառաբանել են, թե նրա ձերբակալման 72 ժամը չի լրացել։ Մինչ կլրանար ձերբակալման՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված 72 ժամը, դատարան նոր միջնորդություն է ներկայացվել Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս անգամ միջնորդությունը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը ու, փաստորեն, որոշել կալանավորել մաքսատան հերթափոխի պետին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փետրվարի 7-ին հաղորդագրություն էր տարածել, որ «Պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից»։
Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը
Մեկնաբանել