HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրառատում չեն կարողանում հաստատել տարվա բյուջեն

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում շարունակվում է համայնքապետի ու ավագանու անդամների միջև լարվածությունը: Դրա հետևանքով է մինչ օրս համայնքի ավագանու հաստատմանը չի ներկայացվել գյուղի 2020թ.-ի բյուջեն:

Թե Ջրառատի համայնքապետարանի, թե Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջերում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ջրառատ համայնքի ավագանու վերջին որոշումները կայացվել են 2019թ. սեպտեմբերի 24-ին: Դրանից հետո հրապարակված որոշում չկա:

Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա բյուջեի չհաստատումը «տեխնիկական խնդիր» է: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ ավագանու նիստ հրավիրել է, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը տեղի չի ունեցել, հետևաբար բյուջեն չի հաստատվել: 

Ավագանու անդամների և համայնքի ղեկավարի միջև լարվածությունն այնքան է խորացել, որ մի քանի տարի է՝ ավագանու հաստատմանը չի ներկայացվում նաև բյուջեի կատարողականը:

Համայնքապետ Սամվել Սամվել Գալստյանն ասում է, որ Ջրառատ համայնքում ծախսերը կատարվում են 2019թ.-ի բյուջեի հիման վրա: Սակայն, արդեն դժվարություններ են առաջացել: Համայնքապետարանը շուտով փաստի առաջ է կանգնելու աշխատավարձերի վճարման հարցում, քանի որ եթե 2019թ.-ին նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամ էր, ապա այս տարվա հունվարի 1-ից այն կազմում է 68 հազար դրամ:

«Ճիշտն ասած՝ մենք մի քիչ դժվարություններ ունենք, բայց մասնագետների հետ խորհրդակցելով կազմակերպել ենք»,-նշում է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը:

Վտանգված է նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Համայնքապետը որոշել է միանգամից 3 ներդրումային ծրագիր իրականացնել, որոնցից մեկը ամբուլատորիայի շենքի կառուցումն է: Քանի որ համայնքը հաստատված բյուջե չունի, համայնքապետարանը չի կարող ծրագրի 2-րդ փուլի ժամանակ գումար ներդնել, ինչը նշանակում է, որ դուրս կմնա ծրագրերից։ Սամվել Գալստյանը ևս նման մտավախություն ունի, սակայն հույս հայտնեց, որ մինչև վճարման պարտավորությունը ավագանին կհաստատի համայնքային բյուջեն, և կկարողանան ծրագրերը կյանքի կոչել:

Դժվարություններ են առաջացել նաեւ կոմունալ ծախսերը վճարելու առումով:

Ջրառատի ավագանու անդամ Վաղարշակ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ ավագանու նիստ չի կայացել: Ասաց, որ ավագանու անդամներից մեկը ծանր վիրահատության է ենթարկվել, չի մասնակցել նիստերին, և քվորում չի ապահովվել: Մեկ անգամ էլ ավագանու անդամները հավաքվել են, որպեսզի նիստ գումարեն, բյուջեն հաստատեն, սակայն համայնքապետ Սամվել Գալստյանն ասել է, թե շտապ գործ ունի, ու նիստը չի կայացել: 

«Այնպես չի, որ ուրիշ տարիներին հարթ է եղել»,-ասում է Վաղարշակ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է հաշվետվությունների հաստատմանը, նրա խոսքով՝ երեք տարի է ավագանու անդամ է, և այդ ժամանակահատվածում ոչ մի անգամ չեն հաստատել համայնքապետի հաշվետվությունը: Ըստ Վ. Սիմոնյանի՝ համայնքի ղեկավարը կամ չի ներկայացրել հաշվետվություն, կամ թերի է ներկայացրել և չեն հաստատել:

«Բյուջեն պետք է հաստատվի, որ ներդրումներ արվեն:  Չգիտեմ՝ մեր գյուղը անմխիթար ասեմ, անտեր ասեմ, այդ վիճակում է: Եթե հիմնվենք, որ համայնքի ղեկավարը հանդիսանում է գյուղի ղեկավարը, ուրեմն անտեր է մեր գյուղը, ինքը տեր չի: Ոչ մի եզր չկա իր հետ աշխատելու, լեզու չենք կարողանում գտնել: Մենք ինչ-որ բան որ ուզում ենք անենք, ամեն անգամ դեմ է լինում, մի անկապ ծրագիր է բերում, մենք ենք դեմ լինում: Մի խոսքով՝ իր հետ հնարավոր չի աշխատել»,-ավելացնում է Վաղարշակ Սիմոնյանը:

Նշենք, որ «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է Ջրառատի համայնքապետարանում առկա իրավիճակին: Մեկ տարի առաջ Ջրառատ համայնքի 770 բնակիչ դիմել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ համայնքապետ Սամվել Գալստյանի լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով:  

Գրել էինք նաև, որ համայնքի ավագանին նպատակահարմար չի համարել վճարել նույնիսկ համայնքի մանկապարտեզի նախկին տնօրեն Լուսինե Ղազարյանի նախորդ տարիների արձակուրդային գումարները:

Որոշման պատճառաբանական մասում ավագանին նշել էր, որ 2018թ. օգոստոսի 31-ի ստուգման արդյունքների հիման վրա մանկապարտեզի տնօրենը պետք է ազատվեր աշխատանքից, սակայն ազատվել է 2019թ. հունվարի 14-ին: Այդ ժամանակահատվածի համար Լ. Ղազարյանը ստացել է աշխատավարձ, 2018թ. դեկտեմբերին՝ պարգևավճար, իսկ փետրվարին ստացել է վերջնահաշվարկի գումարը՝ 103 հազար դրամ: Լուսինե Ղազարյանը նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր կինն է, Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի մորեղբոր կինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter