
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի մեղադրանքը առանձնապես խոշոր չափով կաշառք տալն է
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Այս մասին «Հետք-ին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Թե ինչ դիրքորոշում ունի Ֆարխոյանը մեղադրանքի վերաբերյալ, մեզ հայտնի չէ, նրա պաշտպանը գործի վերաբերյալ հարցերի չի պատասխանում։
Նշենք, որ Ֆարխոյանը ձերբակալվել է փետրվարի 5-ի, լույս 6-ի գիշերը։ Դատարանը, սակայն, ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալման որոշումն, ու փետրվարի 6-ին նա ազատ է արձակվել։ Այս պահին ևս նա ազատության մեջ է։ Դատարանը 5 մլն դրամի չափով գրավ է կիրառել նրա նկատմամբ։
Ֆարխոյանը, հիշեցնենք, անցնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործով։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։ Ֆարխոյանը Քննչական կոմիտեում աշխատանքից ազատվել է 2020-ի հունվարին։ Նա նախկինում եղել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ։
Մեկնաբանել