HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկ Եսայան. ««Յուքոմին» հետաքրքրում են «Բիլայնի» բաժանորդները, ոչ թե ծառայությունները»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այս պահին դեռևս որոշում չի կայացրել՝ թույլատրե՞լ կապի շուկայի երկու խոշոր օպերատորներ «Յուքոմի» և «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ «Բիլայն») միաձուլումը, թե՞ ոչ։ Սակայն, եթե հանձնաժողովը որոշում կայացնի մերժել ընկերությունների հայտն, ապա վերջիններս չեն կարող միավորվել՝ առուվաճառքի իրավունք չեն ունենա։ Այս մասին այսօր «Յուքոմի» և «Բիլայնի» միավորման թեմայով քննարկմանն հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է շուկան ու նրանց միավորման արդյունքում առաջացող հնարավոր ռիսկերը։ «Ուսումնասիրվում են ընկերությունների մասնաբաժինները բջջային կապի, շարժական ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի ու ֆիքսված ինտերնետի շուկաներում։ Քննարկվում է՝ արդյոք երկու օպերատորների միաձուլումից հետո այլ օպերատորներ կարո՞ղ են մուտք գործել շուկա, թե՞ ոչ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին «Յուքոմն» ու «Վեոն Արմենիան» դիմել են ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով. «Յուքոմը» նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը, և ընկերությունների դիմումի հիման վրա հանձնաժողովը սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել:

«Միանշանակ, գերիշխող դիրքի կենտրոնացումն է մեծանալու։ Ֆիքսված կապում այսօր գերիշխող դիրք ունեն «Յուքոմն» ու «Բիլայնը»։ Շատ ավելի կարևոր հարցեր կան՝ խանութների բաշխվածությունը, ենթակառուցվածքները, ինտերնետի ներմուծումը և այլն»,- նշում է Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Հանձնաժողովը կարող է թույլ տալ գործարքը, կարող է թույլ տալ՝ միայն որոշակի պայմանների դեպքում, և կարող է մերժել։ Հայտը ստացվել է դեկտեմբերի վերջին օրը և հանձնաժողովը 90 օր ժամանակ ունի քննարկումներ անցկացնելու և որոշումներ կայացնելու համար։ Հարցին՝ այն փաստը, որ «Բիլայնն» աշխատում է վնասով, դիտարկվու՞մ է Հանձնաժողովի կողմից, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ այդ հարցը ևս քննարկվում է. «Դիտակում ենք Բիլայնի սեփականատերերի վարքագիծը։ Գնահատվում են վնասները՝ արդյո՞ք բիզնես գործունեության արդյունք է, թե՞ կապիտալի տեղափոխման և այլն»։

Հարցին՝ եթե Մրցակցության հանձնաժողովը որոշի մերժել և թույլ չտալ «Յուքոմի» և «Բիլայնի» միավորումը, ինչպե՞ս պետք է վարվի «Բիլայնը», արդյոք նոր գնորդնե՞ր կփորձի գտնել, Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ իրենք մերժումից հետո չեն կարող խորհուրդներ տալ ընկերություններին, թե ինչպես վարվել. «Սակայն, երբ նորից գնորդ գտնեն, պետք է դիմեն Մրցակցության հանձնաժողովին։ Եվ հարցը կրկին մենք ենք քննարկելու»։

«Յուքոմին» «Բիլայնի» բաժանորդներն են հետաքրքրում

«Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև բաժնեմաս ունի ընկերությունում, հավաստիացնում է, որ «Բիլայնը» գնելու և երկու ընկերությունների միաձուլման արդյունքում շահելու են և՛ պետությունը, և՛ բաժանորդները։

Դիտարկմանը՝ եթե «Բիլայնը» ֆինանսական վնասով է աշխատում, ապա ո՞րն է «Յուքոմի» խթանը այն գնելու հարցում, լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Եսայանը պատասխանեց, որ «Բիլայնի» ծառայություններից ոչ մեկն այսօր «Յուքոմ»-ին չեն հետաքրքրում, այլ հետաքրքրում են վերջինիս բաժանորդները՝ մարդկային ռեսուրսները:  «Մենք ունենք բոլոր ծառայությունները»։

Ըստ «Յուքոմի» տնօրենի՝ «Բիլայնի» հետ միաձուլումն իրենց հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել ծառայությունների որակը և ունենալ ավելի լայն ցանց։ ««Բիլայնն» աշխատում է վնասով, սակայն ընկերությունն ունի բավականին մեծ պոտենցիալ, մարդկային ռեսուրսներ և կա մեկ պարզ ճշմարտություն, որ այսօր մեր ազգաբնակչությունը չի աճում։ Եվ երկու գործող ցանցերը շատ քիչ բաժանորդների են ծառայություններ մատուցում։ Այդ դեպքում կարելի է մեկ ցանցի միջոցով ծառայություններ մատուցել։ Եվ ոչ թե վնաս ունենալ, այլ՝ շահույթ։ Ու որպես տնտեսվարող՝ ավելի ստաբիլ լինել։ Եվ շատ երկրներ գնում են այդ ճանապարհով։ Մեր երկրում այնպես է ստացվել, որ օպերատորները զարգացել են և գործում են իրարից անկախ»,- նշեց Հայկ Եսայանը։

Նրա խոսքով՝  «Բիլայնը» ձեռք բերելու համար «Յուքոմը» պատրաստվում է նոր ներդրողներ ներգրավել, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել։

Ինչ վերաբերում է երկու ընկերությունների միաձուլման արդյունքում աշխատակիցների քանակի փոփոխություններին, «Յուքոմի» տնօրենը հստակ չպատասխանեց, թե ինչ է սպասվում, միայն նշեց, որ իրենց ռազմավարությունը ենթադրում է մարդկային ռեսուրսների օգտագործում։ Օրինակ բերեց «Օրանժ Արմենիան» գնելուց հետո իրենց աշխատակիցների քանակի աճը. «Մենք մեր բոլոր գործերն անում ենք մեր ներսում։ Բավականին մեծ աշխատանքներ անելու ենք հենց մարդկային ռեսուրսների օգտագործմամբ։ Երբ մենք 2016 թվականին գնեցինք «Օրանժ Արմենիան», այն ուներ շուրջ 400 աշխատակից, իսկ մենք՝ 800: Աշխատակիցների թիվը դարձավ 1200: Իսկ այսօր մենք ունենք 1600 աշխատակից, բայց մեր ծառայությունների ծավալները չեն ավելացրել»։

Հայկ Եսայանի խոսքով՝ Հայաստանի շուկան այսօր դեռևս պատրաստ չէ 5G ցանցին. պահանջարկը չկա։

«Յուքոմի» տնօրենը հրաժարվեց մեկնաբանել, թե արդյո՞ք իրենց գործարքների վրա որևէ ազդեցություն ունենում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի հարազատները «Յուքոմի» ամենամեծ բաժնետերերն են։

«Բիլայնը», գնելով «Յուքոմը», ձեռք կբերի ֆիքսված կապի շուկայի առյուծի բաժինը

«Հետքն» ավելի վաղ գրել է, որ «Բիլայնը» գնելու պարագայում հեռահաղորդակցության հայկական շուկայում զգալի փոփոխություններ տեղի կունենան։ Այստեղ նաև տնտեսական մրցակցությանը վերաբերող լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ։ Մասնավորապես, ուսումնասիրել ենք, թե ինչպես կդասավորվի շարժական բջջային կապի և ֆիքսված կապի շուկան Հայաստանում, եթե «Բիլայնը», հետևաբար՝ նաև նրա բաժանորդներն, անցնեն «Յուքոմ»-ին։

Օպերատորների հրապարակած վերջին տվյալներով (2019թ. սեպտեմբեր) պարզվել է, որ ըստ բաժանորդների քանակի՝ շարժական բջջային կապի շուկայում «Վիվա-ՄՏՍ»-ը կմնա առաջատարի դիրքում։ Ըստ մեր հաշվարկի՝ «Վիվա-ՄՏՍ»-ի տեսակարար կշիռը բջջային կապի շուկայում կազմել է 58.1 %, «Բիլայնի» կշիռը՝ 25.3 % է, իսկ «Յուքոմի» կշիռը մոտ 16.6 % է։ Այսինքն՝ եթե նույնիսկ «Բիլայնի» բաժանորդներն ամբողջությամբ անցնեն «Յուքոմ»-ին, միևնույն է՝ շարժական կապի շուկայում առաջատարը կշարունակի մնալ «Վիվա-ՄՏՍ»-ը։

Իսկ Ֆիքսված (ամրակցված) կապի շուկան լուրջ մրցակցային խնդիրների առաջ կարող է կանգնել։ Այս շուկայում այսօր առաջատարը «Բիլայնն է»։ Գնելով այս ընկերությունը և մեծացնելով բաժանորդների քանակը՝ «Յուքոմը» կզբաղեցնի առաջատարի դիրքը։ Նշենք, որ ֆիքսված կապը ներառում է ֆիքսված հեռախոսակապն ու ֆիքսված ինտերնետը։

2019 թվականի դրությամբ ամրակցված հեռախոսակապի շուկայում, ըստ բաժանորդների թվաքանակի, «Բիլայնի» կշիռը 79.9 % է, իսկ «Յուքոմի» կշիռը՝ 14.2 %: Մյուս համեմատաբար փոքր խաղացողների շարքում առանձնանում է «Ռոստելեկոմը» («ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ), որի կշիռը ամրակցված հեռախոսակապի շուկայում 4.3 % է։ «Վիվա-ՄՏՍ»-ի կշիռն ընդամենը 0.6% է։

Իսկ ամրակցված ինտերնետի շուկայում «Բիլայնի» և «Յուքոմի» տեսակարար կշիռները շատ չեն տարբերվում։ Մասնավորապես, «Յուքոմը» զբաղեցնում է շուկայի 31.6 %-ը, իսկ «Բիլայնը»՝ 30 %-ը։ «Ռոստելեկոմը» ևս տեսանելի կշիռ ունի շուկայում՝ 14.6 %-ը։

Այսպիսով, կստացվի, որ «Բիլայնը» գնելով՝ «Յուքոմը» ձեռք կբերի ֆիքսված կապի շուկայի առյուծի բաժինը։ Մասնավորապես, ըստ 2019 թվականի տվյալների՝ ֆիքսված հեռախոսակապի շուկայի 94.1 %-ը բաժին կընկնի «Յուքոմին» և ֆիքսված ինտերնետի շուկայի 61.6 %-ը։

Մրցակցության ուժեղացում, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովում. միավորման նպատակն՝ ըստ օպերատորների

Ըստ ՏՄՊՊՀ-ի տվյալների՝ «Վեոն Արմենիա»-ն հիմնադրվել է 1995 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին ընկերության ակտիվների արժեքը կազմել է 147.8 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 38.4 մլրդ դրամ:

Իսկ «Յուքոմը» պետական գրանցում է ստացել 1996 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին վերջինիս ակտիվների արժեքը կազմել է 115.9 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 40.7 մլրդ դրամ:

Ըստ ընկերությունների՝ համակենտրոնացման հիմնական նպատակն է էական մրցակցության ուժեղացումը, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը: Մասնավորապես, որպես գործարքի նպատակ, ընկերությունները մատնանշել են՝ իրենց կողմից ցանցի սպասարկման և վարչական ծախսերի կրճատումը, ինչը կբարձրացնի ձևավորվելիք ընկերության շահութաբերությունը: Ըստ նրանց՝ համակցված շարժական և ամրակցված ենթակառուցվածքները թույլ կտան ավելի արդյունավետ տեղաբաշխել կապիտալ ներդրումները (CapEx)՝ մեծացնելով ցանցի ընդլայնման արագությունը և շուկայի ծածկույթը:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter