HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Նորածինները մահանում են շնչառական խանգարումներից և արյան վարակից․ մահերն ամենաշատը «Արմենիա ԲԿ»-ում են

Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին 10 %-ով նվազել է, դրան զուգահեռ՝ նորածինների մահացությունը նվազել է միայն 0,1 %-ով։

Նորածինների մեծամասնությունը մահացել է ծնվելուց հետո, ոչ ծննդաբերության ժանանակ՝ հիմնականում՝ շնչառական խանգարումներից ու նորածնային սեպսիսից (արյան վարակ)։

Մենք ուսումնասիրել ենք ծնելիության և նորածնային մահացության 2015-2018թթ․ ցուցանիշներն ու դրանց հիմնական պատճառները։

 

Երևանում կա ծննդօգնության ընդհանուր և նեղ պրոֆիլի 13 բուժհաստատություն։ Հայաստանում ծնված երեխաների կեսից ավելին ծնվում են Երևանում։ Առողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ 2015-2018թթ  ծնվել է 155 356 երեխա, որից կեսից ավելին՝ 55 %-ը ծնվել է Երևանում։

4 տարում Երևանում ծնված 85,733 երեխայից մահացել է 360-ը, այսինքն՝ ամեն 238-րդ նորածինը (0,04 %) մահացել է։ Նույն ժամանակահատվածում մարզերում մահացել է 120 նորածին։

Երեխաների մեծամասնությունը՝ 82 %-ը, մահացել է ծնվելուց հետո՝ 1-6 օրական։ Մահվան հիմնական պատճառներից են շնչառական խանգարումները (մինչև 1 կգ քաշով երեխաների մոտ) և նորածնային սեպսիսը (1 կգ ավելի երեխաների մոտ)։

Հենց ծննդաբերության ժամանակ մահացել է 65 նորածին, այսինքն՝ 18 %-ը։

2015-2018թթ․ նորածնային մահացության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում եղել է 2016թ.-ին՝ 120 երեխա, ամենաքիչը՝ 2018թ․-ին՝ 94 երեխա:

Հայաստանում ծնված երեխաների 11,5 %-ը (Երևանում՝ 21 %-ը) ծնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Թեև ամենաշատ ծնունդները 4 տարում գրանցվել են հենց «Էրեբունի» ԲԿ-ում, սակայն նորածնային մահերի թվով առաջին տեղը զբաղեցնում է «Վերարտադրողական առողջության կենտրոն»-ը (Արմենիա բժշկական կենտրոն)․ 2015-2018թթ Հայաստանի ողջ տարածքում գրանցված նորածնային մահվան դեպքերից 56 %-ը եղել է հենց այս բուժհաստատությունում։

Մասնավորապես 4 տարում այստեղ մահացել է 202 նորածին, որից 70 %-ը՝ ծնվելուց հետո (143 երեխա)։ Այստեղ նորածնային մահվան մոտ 40 %-ի պատճառը սեպսիսն է եղել՝ արյան վարակը։ Առհասարակ, 4 տարում նորածնային սեպսիսից երեխաների մահվան դեպքերի 83 %-ը բաժին է ընկնում հենց «Վերարտադրողական առողջության կենտրոն»-ին։ Մնացած 17 %-ը բաշխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Շենգավիթ» ԲԿ-ի միջև։

Հայաստանի մնացած բուժհաստատություններում արյան վարայկից նորածնային մահվան դեպքեր չեն գրանվել։

Չորս տարում Երևանում ընդամենը 3 բժշկական հաստատությունում չի գրանցվել նորածնային մահվան դեպք, չնայած նշված վայրերում ծնունդների քանակը, այլ բուժհաստատությունների համեմատ, ևս քիչ է եղել։

Դրանք են՝ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, «Սուրբ Աստվածամայր»-ը և «Էլեն-Նարե» ծննդօգնության կենտրոնը։

Նորածնային մահացություն
Infogram

Մարզերում կան միջինը 5-6 ծննդօգնության ընդհանուր և նեղ մասնագիտական բուժհաստատություններ, որտեղ 4 տարիների (2015-2018թթ) ընթացքում մահացել է 120 երեխա, այսինքն՝ 0,017 %-ը։

Մարզերում ամենաշատ երեխաները 2015-2018թթ․-ին ծնվել են Շիրակում․ մարզում ծնված նորածինների 18,9 % բաժին է հասնում հենց Շիրակին, որտեղ կա ծննդօգնության ընդհանուր և նեղ մասնագիտացված 8 բժշկական հաստատություն։

Մարզի բնակչությամբ պայմանավորված՝ ամենաքիչը ծնվում են Վայոց Ձորում, մարզերում ծնված երեխաների ընդամենը 2,15 %-ն է բաժին հասնում Վայոց Ձորին։ Այստեղ և Արագածոտնում 4 տարվա ընթացքում նորածնային մահացության դեպքեր առհասարաակ չեն գրանցվել:

Ծնված երեխաների համեմատ՝ նորածնային մահացության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի և Սյունիքի մարզերում է: 

Մենք խնդրել էինք Առողջապահության նախարարությանը տեղեկացնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում՝ մայրական և նորածնային մահացության դեպքերի նվազեցման ուղղությամբ: ԱՆ-ից մեզ հայտնեցին, որ իրականացնում են «բազմաթիվ միջոցառումներ»: Մասնավորապես, գործում են նորածնային արագ արձագանքման արտագնա ծառայություններ, որոնց միջոցով բուժօգնություն է տրամադրվում մարզերի ծննդօգնության հիմնարկներին՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց տեղափոխելով Երևանի հիվադանոցներ:

Բացի այդ, բարելավվել է նորածնային ծառայությունների հագեցվածությունը, ինչպես նաև մշակվել են բուժօգնության մի շարք ուղեցույցներ, կազմակերպվել են բժիշկների վերապատրաստումներ, ինչը ըստ ԱՆ-ի, պետք է նպաստի նորածնային մահվան դեպքերի նվազմանը։

 

Գլխավոր լուսանկարը՝ thecuratedhouse.com-ի

 

Տես նաև՝

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Հետաքրքիր դիտարկումներ էին, նորածնային արագ արձագանքման արտագնա ծառայությունների հարցում գոնե ազնվորեն նշեն որ անգամ բարերարների միջոցներով են բարելավվել նորածնային ծառայությունների հագեցվածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter