HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 33-րդ թաղամասի քանդման աշխատանքները կսկսվեն ապրիլին

Երևան քաղաքի «Ֆիրդուս»-ի շուկայի հարևանությամբ գտնվող 33-րդ թաղամասում քաղաքաշինական ծրագրի իրագործման նպատակով օտարված տարածքի քանդման և հողային աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարվա ապրիլ ամսին: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Հիշեցնենք, որ Կառավարության 2018թ մարտի 22-ի՝ նույն տարածքի վերաբերյալ երկրորդ անգամ կայացված որոշմամբ տարածքի նկատմամբ ճանաչվել էր գերակա շահ: Տարածքը բաժանվել է 18 առանձին մասերի և համապատասխանաբար 18 ընկերությունների միջև, որից մեկը «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է, մնացյալ 17-ը՝ Արևմտյան Հայաստանի տեղանուններ պարունակող ընկերություններ են:

«Կառավարության վերը նշված որոշմամբ ձեռք բերող ճանաչված կազմակերպությունները պարտավորվել են քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռք բերել որոշմամբ տարածքում ընդգրկված գույքային միավորները, ինչպես նաև կենսագործել քաղաքաշինական ծրագիրը, որի իրականացման համար ներդրվել է մոտ 70 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ»,- հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ այդ տարածքի օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2023թ. հունվարի 1-ը: Զուգահեռ, նաև ընկերությունների  կողմից իրականացվում են նախագծային աշխատանքներ:

«Ներկայումս դեռևս չօտարված անշարժ գույքերի սեփականատերերի հետ ընթանում է բանակցային գործընթաց, և, ըստ ձեռք բերողների հավաստիության, մինչև սեփականության օտարման գործընթաց սկսելու վերջնաժամկետը ձեռք կբերվի ՀՀ կառավարության 22.03.2018թ. 332-Ն որոշման հավելվածում ընդգրկված և դեռևս չօտարված անշարժ գույքը»,- հայտնել է քաղաքապետարանը:

Վկայակոչած որոշմամբ նոր՝ հուշարձան-շենքեր էին ներառվել գերակա շահ ճանաչված տարածքում, որոնք նախորդ՝ 2007-ի որոշմամբ դուրս էին մնացել կառուցապատումից։ Մասնավորապես, Տիգրան Մեծ 1 հասցեի հուշարձան-շենքն ընդգրկվել էր նախագծում։ Սակայն շենքի սեփականատերերը շարունակում են պայքարել իրենց սեփականության իրավունքի համար և չեն ցանկանում հանձնել շենքը նոր սեփականատերերի, մանավանդ, որ այն ներառված է ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Մեկնաբանություններ (1)

Վազգեն
Արդեն մայիս ամիսն է սակայն հասկանալի պատճառներով չի սկսվել և ոչ մի գործընթաց: Կցանկանաի հավելյալ տեղեկություններ ստանալ վերը նշված թաղամասի, ինչպես նաև ներկայիս բնակիչների ապագայի վերաբերաբերյալ: Կանխավ շներհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter