HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2019-ին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվել արտասահման

2019 թվականին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են դուրս եկել տրանսֆերտների տեսքով։ Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է։ Դրանք բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից արտասահման, որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ 22.4%-ով ավելացել է։ Հայաստանից արտասահման դրամական փոխանցումներ միշտ էլ կատարվել են, սակայն նախորդ տարին առանձնացավ բարձր ցուցանիշով։

Էական ծավալի գումար է փոխանցվում նաև արտասահմանից Հայաստան։ 2019 թվականին այդ գումարները ևս աճել են, բայց ավելի քան կրկնակի դանդաղ, քան դուրս եկող գումարների աճն է։ 

Արտերկրից Հայաստան ուղարկվող գումարներն աճել են 9.7%-ով

Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած տվյալները, 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարին համարժեք գումար։ 2018 թվականի համեմատ այն աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9.7%-ով։ 

Վերջին տասը տարիներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտների ամենամեծ ծավալը գրանցվել է 2013 թվականին՝ գերազանցելով 2 մլրդ դոլարը։ Սակայն, հետագայում այս տեմպերը չեն պահպանվել։ Ամենախորն անկումը գրանցվել է 2015  թվականին, երբ դրսից եկող գումարները կրճատվել են կես միլիարդ դոլարով։ 2017 թվականից աստիճանաբար աճ է գրանցվում (տե՛ս ինֆոգրաֆիկան)։  

2019 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումների 45%-ի աղբյուրը Ռուսաստանն է, 14%-ինը՝ ԱՄՆ-ն։ Ընդ որում՝ Ռուսաստանից ստացվող  գումարների ծավալը 2019 թվականին (1 մլրդ 56 մլն դոլար) նախորդ տարվա համեմատ գրեթե նույն մակարդակում է մնացել. աճել  է ընդամենը 6 մլն դոլարով։ Սա նշանակում է, որ տրանսֆերտների աճը պայմանավորված չէ Ռուսաստանի գործոնով, այլ՝ աճը գրանցվել է ի հաշիվ մյուս երկրներից կատարվող փոխանցումների ավելացման։ ԱՄՆ-ի դեպքում աճը կազմել է 57 մլն դոլար։ Մյուս երկրների ցուցանիշներն առանձին Կենտրոնական բանկը դեռևս չի ներկայացրել։ 

Հայաստանից դուրս եկող գումարներն ավելացել են 22.4%-ով

2019 թվականին Հայաստանից արտասահման ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 1 մլրդ 454 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 266 մլն դոլարով կամ 22.4%-ով։ Ընդ որում՝ նկատելի է, որ փողի արտահոսքն արագացել է տարվա երկրորդ կիսամյակում։ Ամենամեծ ծավալի փոխանցումները կատարվել են օգոստոս (մոտ 157 մլն դոլար) և  դեկտեմբեր (մոտ 150 մլն դոլար) ամիսներին, որոնք ռեկորդային գումարներ են արտասահմանից Հայաստան տրանսֆերտների վիճակագրության մեջ։ Առնվազն 2004 թվականից սկսած, երբ ներկայացվում է վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ ծավալի գումարներ Հայաստանից դուրս չեն եկել։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականը ռեկորդային է Հայաստանից արտասահման դրամական փոխանցումների վիճակագրության մեջ (տե՛ս ինֆոգրաֆիկան):

Ինչպես ավելի վաղ գրել ենք, արտահոսքի այս տեսանելի աճը Կենտրոնական բանկը բացատրում է հիմնականում ավտոմեքնենաների ներմուծման նույնքան զգալի աճով։ Այսինքն՝ գումարները արտերկիր են փոխանցվել ավտոմեքենաների դիմաց վճարումների տեսքով։

«2019թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ընդամենը փոխանցումների ամսական արտահոսքի մեծ ծավալները և աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին»,- պարզաբանում է Կենտրոնական բանկը:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189 018 հատ ավտոմեքենա, որը երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Այս մասին այս տարվա հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Ավտոմեքենաների ներմուծումը 2019-ին աննախադեպ ծավալների է հասել նախորդ տարիների համեմատ։ Հայաստանցիները թե՛ անձնական օգտագործման համար, թե՛ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու հույսով մեծ թվով մեքենաներ են ներկրել և փորձել դրանք մաքսազերծել, քանի դեռ մաքսատուրքերը չեն բարձրացել, քանի որ 2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացել և համապատասխանեցվել են ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին։

Հայերը ավտոմեքենաներ են ներմուծում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից, Կորեայից և այլ երկրներից։ Հետևաբար ավելացել են դեպի այդ երկրներ Հայաստանից ուղարկվող գումարների ծավալները։ ԿԲ-ն դեռևս չի հրապարակել տրանսֆերտների վիճակագրությունն ըստ երկրների, իսկ հրապարակված հաշվետվության մեջ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են առաձնացված։ Դրանից երևում է, որ 2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է ուղարկվել մոտ 426 մլն դոլար՝ մոտ 46 մլն դոլարով ավելին, քան նախորդ տարում։ Ռուսաստանից Հայաստան գումարներ են ուղարկում հիմնականում այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները, որոնց ընտանիքների հիմնական եկամուտները հենց այդ գումարներն են։ Իսկ դեպի ԱՄՆ ուղարկվել է մոտ 275 մլն դոլար, աճը՝ 84 մլն դոլար։

Հայաստանից դուրս եկած 1 մլրդ 454 մլն դոլարը բավականին մեծ գումար է Հայաստանի տնտեսության համար։ Այս արտահոսքը բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա։ Այն նաև նշանակում է, որ տնտեսությունը «կորցրել է» այս գումարները. դրանք կարող էին շրջանառվել Հայաստանում, նպաստել տարբեր ոլորտներում նոր աժեքի ստեղծմանը, առևտրաշրջանառության մեծացմանը և այլն։ Ավտոներկրողները մեքենաներ են բերել Հայաստան հետագայում դրանք վերավաճառելու հույսով, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, առավելապես՝ ղազախստանցիների։ Դրանով նաև դեպի Հայաստան կհոսեին այն գումարների մի մասը, որոնք դուրս են եկել ներկրման արդյունքում։ Սակայն երբ Ղազախստանի կառավարությունն արձանագրեց, որ հայկական պետահամարանիշերով ավտոմեքենաների թիվն իրենց երկրում տասնյակ հազարների է հասնում (որոնց համար մաքսատուրքը վճարվել է Հայաստանում) և որ դժվար է լինում հայկական պետահամարանիշներով ավտոմեքենաների կարգազանց վարորդների վերահսկել, որոշեց կոշտ քայլերի գնալ՝ ստիպել օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերին դրանք գրանցել և վճարել պետական տուրքերը: Սրա պատճառով Հայաստան ավտոմեքենա ներկրողները «կորցրել են» ղազախստանցի պոտենցիալ գնորդներին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ավտոմեքենաների մեծ մասը չի վաճառվում և տնտեսություն հետ չեն գալիս այն գումարները, որոնք դուրս են բերվել ներկրման արդյունքում։

Զուտ դրամական փոխանցումները նվազել են 15.5%-ով

Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը  ցույց է տալիս, թե տվյալ ժամանակահատվածում որքան է կազմել դրսից Հայաստան ուղարկվող և Հայաստանից դուրս ուղարկվող գումարների տարբերությունը։  Այդ տարբերությունը մշտապես դրական է լինում, քանի որ դրսից ավել շատ է ուղարկվում, քան Հայաստանից։ Սակայն երբ արտահոսքն ավելի արագ է աճում, քան ներհոսքը, այդ տարբերությունը նվազում է։ Այդպիսի իրավիճակ է գրանցվել 2019 թվականին։ Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 504 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 93 մլն դոլարով կամ 15.5%-ով։ Սա ևս ռեկորդային ցուցանիշ է վերջին տասը տարիների կտրվածքով, բայց ոչ թե ռեկորդային բարձր, այլ՝ ռեկորդային ցածր։ 

Մեկնաբանություններ (1)

ani
little error in the 2nd title ( 2019 . Armenia imported 189 0018 cars ) . It should be : 189 018 :-))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter