HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամսական 200-250 լիբանանահայ է դիմում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ինչպե՞ս է ԱԳՆ-ն աջակցում մեր հայրենակիցներին

Լիբանանում շարունակվում է ներքաղաքական, տնտեսական ճգնաժամը, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ տեղի հայերի կյանքի վրա: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Լիբանանում 80-120 հազար հայ է բնակվում: Լիբանանահայ մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ երկրում պարենային ապրանքները կրկնակի թանկացել են, արտաքին պարտքը հասել է 85 միլիարդ դոլարի, իսկ բանկերն էլ ամսական սահմանափակ քանակությամբ դոլար են տրամադրում: Տնտեսական ծանր վիճակն արտացոլվում է ոչ միայն տեղի հայկական թերթերի, այլեւ հայկական դպրոցների գործունեության վրա: Թե ինչ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղի հայերին, զրուցել ենք ՀՀ ԱԳՆ Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության պետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ: Բայց մինչ այդ վերհիշենք, թե ինչից սկսվեց ամեն ինչ:  

«WhatsApp»-ը «վերջին կաթիլն էր»

Նախորդ տարվա հոկտեմբերին Լիբանանի կառավարության՝ «WhatsApp» հավելվածի զանգերը վճարովի դարձնելու մասին որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց երկրում: Սակայն մինչ այդ արդեն իսկ ստեղծվել էր բողոքի ալիքի պարարտ հող՝ պայմանավորված տնտեսական ծանր վիճակով. երկրի արտաքին պարտքն ավելացել էր, որոշ ապրանքատեսակներ կտրուկ թանկացել էին, գործազրկությունը հատկապես մինչեւ 35 տարեկանների շրջանում հասել էր 30-40 տոկոսի:

Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով այդ օրերի իրադարձություններին, ասել էր, որ «ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ մեղադրելով կառավարությանը վերջին 30 տարվա գործունեության համար»:

9 տարի առանց նոր խորհրդարանի, 2,5 տարի առանց նախագահի

Երբ 2011-ին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, այդ երկրից ոչ պաշտոնական տվյալներով 1,2-1,5 միլիոն սիրիացի փախստական գաղթեց հարեւան Լիբանան: Եվ այսօր այդքան փախստականները մեծ խնդիր են դարձել մոտ 6 մլն բնակչություն ունեցող փոքր երկրի տնտեսության համար: «Արաբական գարունով» Մերձավոր Արեւելքում տարբեր երկրների միջեւ սկսված պայքարն անդրադարձավ նաեւ լիբանանյան ներքաղաքական կյանքի վրա: Փորձագետների կարծիքով՝ դրա արտահայտություններից մեկն էլ նա էր, որ 2009 թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո հաջորդ ընտրությունը հնարավոր եղավ անցկացնել միայն 2018-ին, այսինքն՝ 9 տարի անց, չնայած որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Լիբանանում խորհրդարանն ընտրվում է 4 տարի ժամկետով: Օրենսդիր մարմինը իր հերթին 6 տարի ժամկետով ընտրում է երկրի նախագահին, սակայն 2014-2016 թթ.՝ 2,5 տարի, Լիբանանը չուներ նախագահ, նրա պարտականությունները կատարում էր վարչապետը:   

Շեշտենք, որ Լիբանանում ընտրություններն անցկացվում են կրոնական-համայնքային կարգով: Այսպես՝ խորհրդարանն ունի 128 տեղ, որոնք բաժանված են 64 քրիստոնյայի եւ նույնքան մուսուլմանի միջեւ, սրանք էլ իրենց հերթին ամրագրված տեղեր ունեն մարոնականների (Մարոնիական կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ), հույն ուղղափառների, հույն կաթոլիկների, հայ առաքելականների, հայ կաթոլիկների, բողոքականների, այլ քրիստոնեական փոքրամասնությունների, ինչպես նաեւ սուննիների, շիաների, ալեւիների ու դրուզների համար: 1943-ի Ազգային պակտով համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ երկրի նախագահի պաշտոնը վերապահվում է Լիբանանի ամենամեծ քրիստոնեական համայնքին՝ մարոնականներին, խորհրդարանի խոսնակի պաշտոնում պետք է լինի շիա համայնքի ներկայացուցիչ, իսկ վարչապետը՝ սուննի:  

Հատկանշական է, որ չնայած խորհրդարանում տվյալ համայնքի աթոռների քանակը պայմանավորված է համայնքի մեծությամբ (օրինակ՝ մարոնականներն ունեն 34 տեղ, հայ առաքելականները՝ 5, հայ կաթոլիկները՝ 1), Լիբանանում 1932 թվականից հետո պաշտոնական մարդահամար չի իրականացվել: Ըստ որոշ փարձագետների՝ եթե նոր մարդահամար անցկացվի, ապա պառլամենտական տեղերի հարաբերակցությունը փոխվելու է մուսուլմանների օգտին, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ քրիստոնյաներին: Տարբեր գնահատականներով՝ Լիբանանում քրիստոնյաների թիվն այսօր 35 տոկոս է, մինչդեռ ժամանակին 50-55 տոկոս էր:

Ինչեւէ, 2019-ի հոկտեմբերին մեկնարկած բողոքի ինքնաբուխ ցույցերի սոցիալական պահանջն աստիճանաբար վերափոխվել է քաղաքականի: Ցուցարարները պահանջում էին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականը, միաժամանակ նրանք դեմ էին տարիներ շարունակ կառավարման հիմքում դրված համայնքային (կոնֆեսիոնալ) կարգին: Ինչպես հայտնի է, Հարիրին եւ նրա կառավարությունը հրաժարական տվեցին, այս տարվա հունվարից գործադիր իշխանությունն ստանձնել է Հասան Դիաբի թիմը, սակայն լիբանանցիների դժգոհության ալիքը չի մարել: Փորձագետները նշում են, որ նոր կառավարության մասով մտահոգում է դրա թեքումը դեպի «Հզբոլլահ» կուսակցությունը, որը Լիբանանից դուրս շատերն ընկալում են իբրեւ ահաբեկչական կազմակերպություն: Փորձագետներն ասում են, որ ներկայում Լիբանանի նոր կառավարությունը վստահության խնդիր ունի, եւ պետք է ցույց տա, որ ոչ թե Լիբանանի մեկ թեւի, այլ ամբողջ երկրի կառավարությունն է: Մասնագետները նաեւ կարծիք են հայտնում, որ եթե Լիբանանում ֆինանսատնտեսական ճգնաժամը չհաղթահարվի, ապա երկիրը կկանգնի կոլապսի առաջ, ու չի բացառվում նոր քաղաքացիական պատերազմը, ինչպիսին եղել է 1975-1990 թթ.:

Ինչո՞վ է արտգործնախարարությունն աջակցում լիբանանահայերին

ՀՀ արտգործնախարարության Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության պետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանն ասում է, որ Լիբանանի ճգնաժամի ներկա փուլի մեկնարկից այդ երկրում մեր դեսպանությունն աշխատում է գրեթե շուրջօրյա գրաֆիկով, մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների, այնպես էլ ՀՀ քաղաքացիների հետ, փորձում է գնահատել նրանց խնդիրներն ու պատշաճ արձագանքել: ԱԳՆ պաշտոնյան նաեւ նշում է, որ մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Լիբանանի կառավարության, հասարակական-քաղաքական տարբեր ուժերի հետ, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել այդ երկրում առկա իրավիճակը:

Ըստ Ա. Մելքոնյանի՝ չնայած լիբանանահայերը մինչեւ այս ճգնաժամը եւս դիմում էին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 2019-ի հոկտեմբերից այս կողմ ամսական 200-250 հայ է դիմում Լիբանանում մեր դեսպանություն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով: Կան նաեւ հայեր, ովքեր ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստան՝ ժամանակավոր կամ մշտական կացություն հաստատելու: Ինչ վերաբերում է տեղափոխությանն աջակցելուն, ԱԳՆ վարչության պետը նշում է, որ այդ հարցում առաջնայինը միգրացիոն ծառայության եւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի դերն է:

Հայաստանում 2007-ից գործում է երկքաղաքացիության կարգը. Արմեն Մելքոնյանը նշում է, որ այդ փոփոխությունից մինչեւ հիմա մոտ 23 հազար լիբանանահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Նկատենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող լիբանանցիները Հայաստան այցելելիս կարող են մուտքի արտոնագիր (վիզա) ստանալ թե՛ այդ երկրում գործող մեր դեսպանությունում, թե՛ ՀՀ սահմանին:

Ա. Մելքոնյանն ասում է, որ Հայաստանը համագործակցում է Լիբանանի հետ տարբեր ոլորտներում, եւ այդ երկրի ներքին խնդիրները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների վրա: «Մենք պատրաստ ենք եւ շարունակում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք ունենք Լիբանանի հետ, եւ եթե որեւէ հարցում կարող ենք օգտակար լինել, պետք է դիտարկենք դա»,- նշում է ԱԳՆ պաշտոնյան:

Այս առումով Ա. Մելքոնյանն առանձնացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Մայր Աթոռի կողմից հումանիտար օգնության տրամադրումը Լիբանանի հայկական կառույցներին: Բացի դրանից, ինչպես հայտնի է, մեր երկիրը մասնակցում է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը, որը, «Հետքի» զրուցակցի կարծիքով, նույնպես բարեկամական արտահայտության ձեւ է, եւ միշտ գնահատվում է Լիբանանի կառավարության կողմից:

«Հիմա շատ կարեւոր է, թե Լիբանանի նոր կառավարությունը բարեփոխումների ինչ նոր ծրագրերով է հանդես գալու, եւ եթե մենք կարողանանք որեւէ կերպ օգտակար լինել դրանց իրականացմանը, ապա, անշուշտ, կքննարկենք դա»,- ասում է Արմեն Մելքոնյանը:

Առաջին լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանություններ (2)

Yerevan2800
Ելնելով նախորդ փորձից՝ սիրիահայերի հետ կապված, կարող ենք վստահ ասել, որ մենք հերթական անգամ թույլ ենք տալու նույն սխալները, փոխանակ այն որպես լավ հնարավորություն դիտարկենք: Լիբանանահայերի մարդկային, մասնագիտական և կապիտալի ներուժը կարելի է շատ լավ օգտագործել՝ խելացի ուղղորդման դեպքում: Սակայն վստահ եմ հերթական ու կրկնվող սխալներն են տեղի ունենալու:
Preston Bagrationi
Mormon Catholic Church? There is NO Mormon catholic church. There is, however, a Maronite Catholic Church

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter