HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում քննակվում է հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը:

Առաջարկվող փոփոխություններով հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է:

Նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Փոխնախարարը չխոսեց ծխախոտային արտադրատեսակների պատճառով գրանցված մահացությունների մասին, այլ՝ երկրորդային ծխի հասցրած վնասների մասին:

«Հայաստանի քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով գտնվում են երկրորդային՝ վնասակար ծխի ազդեցության տակ, և նրանք համարվում են պասիվ ծխողներ: Պասիվ ծուխն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային վայրերում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին է է ծխախոտը, նարգիլեն և այլն, մինչդեռ մեր քաղաքացիները՝ հղիները, երեխաները, հնարավորություն չունեն կենսագործել երկրորդային ծխից զերծ միջավայրում»,- ասաց Նանուշյանը՝ հավելելով, որ պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի:

Փոխնախարարի խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտային արտադրատեսակների բաղադրիչների մեծամասնությունը թունավոր է՝ քաղցկեղածին և կախվածություն առաջացնող:

«Մեր վերաբերմունքը միանշանակ է՝ էլեկտրոնային արտադրատեսակները դաշտում պետք է ապահովվեն հավասար հիմունքներով, ինչպես կարգավորվում են ավանդական ծխախոտային արտադրատեսակները. չի կարող լինել արտադրատեսակ, որն ավելի մեղմ է հիվանդացնում»,- ասաց փոխնախարարը:

Նանուշյանի խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակների միանշանակ փաթեթավորման օրենսդրական պահանջն ուժի մեջ է մտնելու 2024 թվականից: Փոխնախարարի հավաստիացմամբ՝ այլ երկրներում ծխախոտային արտադրատեսակների միասնական փաթեթավորման պահանջից հետո, ըստ ուսումնասիրությունների, ծխող դեռահասների թիվը նվազել է:

«Նախագիծն ընդունելուց հետո մենք քաղաքական հանձնառություն ենք վերցնելու ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման պահանջը մինչև 2024 թվականը ներկայացնել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին»,- ասաց Նանուշյանը:

Ապա հավելեց. «Հետաձգելով նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը՝ մեր վրա պատասխանատվություն ենք վերցնում այն մահերի համար, որոնք ծխախոտային արտադրատեսակների պատճառով են առաջանում»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ծավինար Վարդանյանը՝ ասելով, որ նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ հստակեցվել է, որ այսուհետ հանրային սննդի բոլոր վայրերում է արգելվելու ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ անկախ նրանից, թե տվյալ օբյեկտը բաց է, կիսափակ, թե կիսաբաց:

Ինչ վերաբերում է ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորման միասնական տեսքին, Վարդանյանն ասաց, որ օրենքի ընդունման դեպքում այդ կարգավորումները կգործեն 2024 թվականի հունվարի 1-ից:

Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ բոլոր փոփոխությունները տարբեր ժամկետներում են գործելու, որպեսզի տնտեսվարողները կարողանան իրենց բիզնես ծրագրերը համապատասխանեցնել այս պրոցեսին:

Տեղեկացնենք, որ նախագծի ընդունման դեպքում՝ հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելու արգելքը գործելու է 2022 թվականի մարտի 15-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter