HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունն ուսումնասիրում է Աջափնյակի բազալտի հանքի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հանգամանքները

Երևան քաղաքի դատախազությունն ուսումնասիրություն է նախաձեռնել՝ հաշվի առնելով «Հետքի»՝ «Երևանում երկու տարի ապօրինի բաց հանք է շահագործվում» հրապարակման մեջ նշված հանքամանքները։ Այդ մասին, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Հիշեցնենք, որ «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն 2017 թվականից բազալտ է արդյունահանում Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրից՝ չունենալով Երևան քաղաքի հետ հողօգտագործման պայմանագիր։ Փաստացի ընկերությունը 1,5 հա հողի համար վարձավճար չի տվել շուրջ 2 տարի։  

Գլխավոր դատախազությունը նաև հայտնել է, որ դեռևս 2018թ․ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրություններ են իրականացվել Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) և մշտադիտարկումների իրականացման վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացի վերաբերյալ։

Երևան քաղաքի դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում, ի թիվս այլ տնտեսվարող սուբյեկտների, նախազգուշացվել է նաև «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի տնօրենը՝ ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով չկատարված պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Արդյունքում ընկերության կողմից 2017թ․ կնքված երկու ընդերքօգտագործման պայմանագրերով պետական բյուջեի համապատասխան հաշվին փոխանցվել է 1 մլն 101 հազար դրամ գումար։

«Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Վալոդյա Գրիգորյանը, հիշեցնենք, պարզաբանել էր, որ ինքը դիմել է Երևան համայնքին հողօգտագործման պայմանագիր կնքելու համար, սակայն համայնքապետարանը պատասխանել է, որ «Երևանի քաղաքապետարանում ընթանում են Երևան քաղաքի հանքավայրերում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցված հողամասերի գույքագրման, հաշվառման, հիմքերի ուսումնասիրման ու հավաքագրման, փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսների ճշգրտման, ինչպես նաև պայմանագրերով սահմանված տարեկան վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 2017թ դեկտեմբերի 26-ի հ87-Ն որոշմամբ սահմանված վարձավճարների դրույքաչափերին համապատասխանեցնելու վերաբերյալ աշխատանքներ»։ Ելնելով վերոգրյալից՝ քաղաքապետարանը հայտնել է, որ Վալոդյա Գրիգորյանի կողմից բարձրացված հարցը բազմակողմանի և լիարժեք հնարավոր կլինի ուսումնասիրել վերոնշյալ աշխատանքների շրջանակներում։

Վալոդյա Գրիգորյանը, սակայն, շահագործումն իրականացրել է՝ չսպասելով Երևանի քաղաքապետարանի հետ կնքվելիք պայմանագրին կամ պատասխանին։

Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությունների արդյունքների մասին ԳԴ հանրային կապերի բաժինը խոստացել է տեղեկացնել լրացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter